Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն, գեոպոլիտիկա (հուն․՝ γῆ (երկիր մոլորակ) և πολιτική (քաղաքականություն) բառերից), տեսություն միջազգային քաղաքական հարաբերությունների վրա, աշխարհագրական գործոնների ազդեցության մասին։

Անվանում

խմբագրել

«Գեոպոլիտիկա» տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեդ սոցիոլոգ Ռուդոլֆ Չելլենը 20-րդ դարի սկզբին։

Պատմություն

խմբագրել

Ձևավորում

խմբագրել

Դեռևս քաղաքաաշխարհագրական առաջին հիմնարար գիտական հետազոտության մեջ, ինչպիսին էր գերմանացի աշխարհագետ ու սոցիոլոգ Ֆրիդրիխ Ռատցելի (1844 - 1904 թթ.) «Քաղաքական աշխարհագրություն» գիրքը՝ տպագրված 1890 թվականին, հատուկ քննարկվում էր քաղաքականության, մասնավորապես միջազգային քաղաքականության վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։ Մինչ այդ, աշխարհագրական դետերմինիզմի ռադիկալ ներկայացուցիչները աշխարհագրական պայմանները վճռական գործոն էին համարում հասարակական կյանքի տնտեսական և հոգևոր-մշակութային ոլորտների զարգացման համար։ Ռատցելը առաջին անգամ աշխարհագրական գործոնները վերլուծեց և գնահատեց քաղաքական ոլորտի տեսանկյունից։ Նա զարգացրեց այս գաղափարը, որը պետությանը, որպես քաղաքական-տարածքային կառույց, կենդանի օրգանիզմ է և նրա կենսագործունությունն էլ` ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներինը, կախված է շրջակա միջավայրից։ Ռատցելը երկիր-պետությունը համարում էր մարդկանցով լցված մի տարածություն՝ կենսատարածք, որի աշխարհագրական առանձնահատկություններով էլ պայմանավորվում է պետության ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականություն։ Ուստի, ամեն մի պետություն իր զարգացումն ապահովելու համար ձգտում է բարելավել իր կենսատարածքը, ընդարձակել այն, բարենպաստ դարձնել աշխարհագրական դիրքը, ուժեղացնել իր ազդեցությունը այլ տարածքների վրա։ Եվ դա ըստ Ռատցելի, ամեն մի պետության բնական իրավունքն է։ Այստեղից էլ առաջացել են պետությունների շահերի անխուսափելի բախումները։ Ռատցելի «Քաղաքական աշխարհագրությանը» հաջորդեցին այլ հեղինակների նույն ոգով գրված աշխատություններ, և ձևավորվեց մի ուղղություն, որ հայտնի դարձավ աշխարհաքաղաքականություն կամ գեոպոլիտիկա անունով։

1945 թ-ից ներկա

խմբագրել

Գեոպոլիտիկան օգտագործվեց գերմանական նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը և Նացիստական Գերմանիայի նվաճողական քաղաքականությունը արդարացնելու համար։ Այդ պատճառով մի տևական ժամանակ գեոպոլիտիկան նույնացվում էր պատերազմի ու ագրեսիայի գաղափարախոսության հետ և համարվում էր հետադիմական և վարկաբեկված գիտական ուղղություն։ Գեոպոլիտիկայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճեց 20-րդ դարի 60-ական թվականներից սկսած։ Միաժամանակ տարածում գտան այլ մոտեցումներ ու տեսակետներ՝ պայմանավորված հետպատերազմյան նոր աշխարհակարգով և հատկապես միջուկային զենքի հայտնագործման ու տարածման հանգամանքով։ Տիրապետող էր դառնում այն գիտակցությունը, որ պատերազմն այլևս միջազգային հարցերի լուծման միջոց լինել չի կարող։ Առաջնակարգ նշանակություն ձեռք բերեցին պետության շահերի պաշտպանության, դրանց համաձայնեցման այնպիսի տնտեսական, տեխնիկական միջոցները և արտաքին քաղաքական գործունեությունը, որոնք բացառում են ռազմական ուժի գործադրումը։ Հին, դասական գեոպոլիտիկայի հիմքում ընկած էր «աշխարհագրական միջավայր-արտաքին քաղաքականություն» կապը, երբ աշխարհագրական դիրքի բարելավման և բնական ռեսուրսներով ապահովման հարցերը լուծվում էին ուժի դիրքերից։ Արդի գեոպոլիտիկայի հիմքում ընկած է եռանդամ« աշխարհագրական միջավայր-մարդ (ժողովուրդ)-արտաքին քաղաքականություն» շղթան։ Դրա իմաստն այն է, որ մեծանում է մարդկային գործոնի դերը։ Դա նշանակում է, որ մասնավորապես միջազգային քաղաքականության մեջ` բացառելով պատերազմը և նոր տարածքային նվաճումները, տիրապետող է դառնում հարևան պետությունների կենսական շահերի, ժողովրդի մենթալիտետի, քաղաքական կուլտուրայի, ազգային-պատմական ավանդույթների և նույնիսկ երկրի ղեկավարի հայացքների ու անձնական հատկանիշների փոխադարձ հաշվառումը։ Այդպիսի աշխարհաքաղաքական մոտեցումն օգնում է ճիշտ հասկանալու արտաքին քաղաքական գործընթացի մասնակիցների հեռավոր և մերձավոր շահերն ու նպատակները, նրանց քաղաքականությունը և դրա հիման վրա մշակելու սեփական պետական քաղաքականություն, մշտապես հիշելով, որ «քաղաքականությունը հնարավորին արվեստ է»։

Գրականություն

խմբագրել
  • Լեմվել Վալեսյան, Հասարակական աշխարհագրության ներածություն, Երևան, «Լույս», 1999, էջ 174-175։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14