Աշխարհագրական դետերմինիզմ
Աշխարհագրական դետերմինիզմ (լատին․՝ determinante, որոշել), հայեցակարգ, որն աշխարհագրական միջավայրը կամ նրա առանձին տարրերը դիտում է իբրև հասարակական-քաղաքական զարգացման անմիջական և վճռական գործոն։
Աշխարհագրական դետերմինիզմն աշխարհաքաղաքականության հիմնարար հասկացություններից է։
Հին աշխարհում
խմբագրելՆման կարգի գաղափարներ արտահայտվել են դեռևս Հին աշխարհում (Հերոդոտոս, Հիպոկրատ, Ֆուկիդիդ և այլք)։ Արիստոտելը «Քաղաքականություն» աշխատությունում, ընդգծելով Կրետե կղզու դիրքի աշխարհագրական առանձնահատկությունները, գրում է.
«Կրետե կղզուն կարծես թե նախասահմանված է գերիշխել Հունաստանում... նրա աշխարհագրական դիրքը հիանալի է»։
Պոլիբիոսը Արկադիայի բնակիչների բարքերի խստությունը բացատրում էր երկրի ցուրտ կլիմայով։ Մեծ աշխարահագրական հայտագործությունների դարաշրջանը աշխարհագրական դետերմինիզմի զարգացման նոր փուլն էր։
Ֆրանսիայում
խմբագրելՖրանսիացի Ժ. Բոդենը «Վեց գիրք հանրապետության մասին» (1577 թվական) աշխատությունում նշել է, որ պետությունների կառուցվածքային տարբերություններն ու փոփոխությունները պայմանավորված են երեք գործոններով
- Աստվածային կամքով
- մարդկանց կամայականություններով
- բնության ազդեցությամբ։
Ընդ որում կարևորն աշխարհագրական՝ հատկապես կլիմայական գործոնն է։
Աշխարհագրական դետերմինիզմի գաղափարները տարածում են գտել XVIII - XIX դարերում Ֆրանսիայում։ «Օրենքների ոգու մասին» աշխատությունում Շ. Լ. Մոնտեսքյոն պետության օրենքների բովանդակությունն ու բնույթը բխեցնում է աշխարհագրական պայմաններից, իսկ կառավարման ձևը՝ պետության տարածքի չափերից։ Տարածքային կլիմայի պայմաններում մարդիկ ավելի բարոյական են և ազատասեր, իսկ շոգը թուլացնում է մարդկանց կամքը, որն էլ Արևելքում ստրկության զարգացման պատճառն է։
Անգլիայում
խմբագրելԱնգլիայում համանման գաղափարներ է զարգացրել Հ. Բոքլը, որի կարծիքով ժողովրդի պատմությունը համապատասխանում է նրա երկրի աշխարհագրական պայմաններին։
Գերմանիայում
խմբագրելԱշխարհագրական դետերմինիզմն առավել ամբողջական և համակողմանի կերպով մշակել են գերմանացի մտածողները։ Այսպես Յ․ Գ. Հերդերը և Ա. Ֆ. Հումբոլդտը ենթադրում էին, որ քաղաքակրթության զարգացման համար էական է աշխարհի ամբողջական նկարագիրը (աշխարհագրական դիրքը, կլիման և այլն) տվող աշխարհագրության ազդեցությունը։ Կ. Միտերի կարծիքով՝ մարդու գոյությունը հազարավոր արմատներով կապված է հողի հետ։ Այս և նման գաղափարներն առավել խոր և համակողմանի զարգացրել են Ֆ. Ռատցելը և Ռ. Չելենը։
Հայաստանում
խմբագրելԱշխարհագրական դետերմինիզմին հարել են նաև հայ մտածողները Ա. Գարագաշյանը, Ս. Պալասանյանը և այլք։ Դա արտահայտվել է մասնավորապես հայ ժողովրդի պատմության որոշ հարցերի մեկնաբանման մեջ։ Աշխարհագրական դետերմինիզմի ներկայացուցիչների մի շարք կարևոր տեսական դրույթները հետագայում նպաստեցին աշխարհաքաղաքականության ձևավորմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 481)։ |