Բացել գլխավոր ցանկը

Միջնադարում պետական վիճակազրություն, մարդահամար, հողերի, անասունների հաշվառում, որ սերտորեն կապված էր հարկային քաղաքականության հետ։ Հայաստանում օտար նվաճողներից Աշխարհագրեր կատարել են պարսիկները, ապա արաբները։ 447 թվականին Հայաստանում Աշխարհագրեր է կատարել Պարսից Հազկերտ II արքայի (439–457) պաշտոնյա Դենշապուհը՝ ահռելի չափերի հասցնելով գանձվող հարկերը։ Եղիշեն գրում է. «[Հարկի տակ] դրին եպիսկոպոսներին և երեցներին, ոչ միայն շեն, այլև ավերակ տեղերը» (Եղիշե, վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971, էջ 35)։ Հայաստանի, մանավանդ հարկատու ռամիկ ժողովրդի համար կատարյալ աղետ էր արաբ Հեշմ խալիֆի (724–743) պաշտոնյա Հերթի (արաբական աղբյուրներում՝ Հարիթ իբն–աթ–Թայ) 725 թվականին կատարած Աշխարհագրով, որով հաշվառման ենթարկվեցին հարկատու ազգաբնակչությունը, վարելահողերը, արոտները, անասունները են։ Հերթի Աշխարհագիրը հիմք դրեց Հայաստանում արաբական նոր, ավելի դաժան և կայուն սիստեմի։ Վերացվեցին ֆեոդալական Հայաստանում մինչ այդ եղած հարկային արտոնությունները։ Նախկին ծխահարկի փոխարեն մտցվեց գլխահարկը, այսինքն՝ եթե մինչ այդ հարկման միավոր էր ճանաչվում ծուխը, ընտանիքը, անկախ դրա շնչերի քանակից, ապա նոր սիստեմով հարկում էին ընտանիքի աշխատունակ շնչերին։ Գլխահարկը արաբներն անվանում էին ջիզիե(ջիզե), այսինքն՝ «վարձատրություն», «հատուցում»։ Արաբները երբեմն մեռածների համար ջիզիե են գանձել նրանց հարազատներից։ Մտցվեցին նաև հողահարկ (խարաջ), անասնահարկ և այլ հարկեր, որոնց մի մասը գանձվում էր դրամով։