Աշխատանքային ռեսուրսներ, համարվում՝ են մարդը և այն բոլոր միջոցները, որոնց միջոցով կատարվում է աշխատանք։ «Աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունը բնութագրում է ձեռնարկության պոտենցիալ աշխատուժը, որպես երկրի աշխատանքային ռեսուրսների մի մասի էությունը։ Աշխատանքը մարդու նպատակասլաց գործունեությունն է, որի ընթացքում իր և հասարակության պահանջների բավարարման համար ստողծվում են նյութական և հոգևոր բարիքներ։ Աշխատանքի գործընթացն ներառում է՝ աշխատանք, աշխատանքի առարկա, աշխատանքի միջոց և աշխատանքի արդյունք։

Որակյալ մասնագետների ընտրություն

Աշխատանքային ռեսուրսների կառուցվածքն իր մեջ ներառում է մարդկանց՝ աշխատանքային պոտենցիալի տարբեր տարրերն ու նրանց բնութագրումները. սեռը, հասակը, կրթությունը, մասնագիտությունը, ազգությունը, լեզուն, բնակության վայրը, հասարակական խումբը, ըստ ոլորտի զբաղվածությունը և այլն։

«Աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունն օգտագործվում է երկրի, ռեգիոնի, ճյուղի կամ ձեռնարկության մասշտաբով աշխատունակ բնակչության ապահովվածությունը բնութագրելու համար։ Առանձին ֆիրմայի շրջանակներում այդ հասկացությունն ավելի հաճախ օգտագործվում է «անձնակազմ»-ի ձևով։ Անձնակազմը՝ դա ձեռնարկության բոլոր աշխատողների թվաքանակն է։

Ձեռնարկությունում աշխատանքային ռեսուրսների օգտագործման էֆեկտիվությունը (արդյունավետությունը) հիմնականում որոշվում է աշխատուժի իրավահաջորդության (մեկ աշխատողի փոխարինումը մեկ այլ՝ ավելի որակյալ մասնագետով) և կոլեկտիվի կայունության իրական գործընթացներով։ Այդ կարևորագույն իրական գործընթացներն են հոսունությունը և կայունությունը, որոնք

փոխկապակցված են և լրացնում են միմյանց, իրենց որակական հատկանիշներով։

Աշխատանքային ռեսուրսները կարող են նպաստել ձեռնարկությունների զարգացմանը միմիայն այն դեպքում, եթե ունեն կրթական, մասնագիտական և ինտելեկտուալ համապատասխան մակարդակ, ինչպես նաև մշտական ցանկություն և տրամադրվածություն իրենց մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ձեռնարկությունում աշխատանքային ռեսուրսների օգտագործման էֆեկտիվությունը  պահպանելու համար պետք է յուրաքանչյուր աշխատող իր գործունեության բնագավառում ձգտի նորարարության։ Այդ նորարարությունները կարող են հետապնդել ֆինանսական և աշխատանքային միջոցների խնայողության, նոր տեխնոլոգիաների ներդրման, աշխատանքի արտադրողականության և այլ տեխնիկո-տնտեսական ցուցանիշների բարձրացման նպատակներ։

 Ձեռնարկությունների անձնակազմի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը ենթադրում է, որպեսզի յուրաքանչյուր աշխատողին հանձնարարվի՝ նրա գիտելիքների և պրակտիկ փորձի մակարդակին  համապատասխան աշխատանք։ Ուստի աշխատողներին բաշխելով ըստ աշխատատեղերի, անհրաժեշտ է ապահովել նաև, որ կատարվող աշխատանքի բարդությունը համապատասխանի կատարողի որակավորմանը։ Ձեռնարկության գործունեության աշխատանքի որակը կախված է նաև նրանից, թե որքանով են աշխատողները համապատասխանում զբաղեցրած աշխատատեղերի պահանջներին, իսկ աշխատատեղերը՝ աշխատողների որակին։

Աշխատանքային ռեսուրսների ղեկավարումը ենթադրում է նրա ռազմավարական դիրքորոշումների ու ընթացիկ պլանների կոորդինացում, արտադրանքի արտադրություն և իրացում, որակի ապահովում, զբաղվածության կարգավորում, կադրերի ընտրում, պատրաստում և տեղաբաշխում, նրանց պրոֆեսիոնալ հատկանիշների ու գործունեության գնահատում, կառավարչական աշխատանքի կատարելագործում։

  Աշխատանքային ռեսուրսների ձևավորումը, նրա շարժումն ու զարգացումը, կապված է կադրային քաղաքականության մշակման ու իրացման հետ, որն իր մեջ է ներառում.

  •   Աշխատուժի պլանավորումը, վարձումը, արտադրության մեջ ներգրավումը և տեղաբաշխումը,
  •  Մասնագիտական ուսուցումը, պատրաստումը և վերապատրաստումը,
  •  Կարիերայի պլանավորումը, ծառայության գծով առաջ քաշումը,
  • Աշխատանքի ու նրա վարձատրման կազմակերպումը, կոլեկտիվի հոգեբանական բարենպաստ կլիմայի ստեղծումը։

«Աշխատանքի գործընթաց» հասկացությունը «արտադրության գործընթաց»-ի համեմատ ավելի նեղ է։ Այն իրականացվում է աշխատանքային գործընթացների ամբողջ համալիր բազայի վրա, որոնցից յուրաքանչյուրը, պատրաստի արտադրանքի արտադրությունում որոշակի փուլ է արտահայտում։ Արտադրության գործընթացը երբեմն տեղի է ունենում առանց մարդու աշխատանքի մասնակցության՝ բնական գործոնների ազդեցության ներքո։

Գիտատեխնիկական առաջընթացի արագացումը նպաստում է աշխատանքի առարկաների կատարելագործմանը, արտադրության գործընթացում աշխատանքի բոլոր նոր առարկաների ներգրավմանը։ Չնայած գիտության և տեխնիկայի զարգացմանը, աշխատանքը չի կորցնում իր որոշիչ դերը, իսկ աշխատանքում՝ մարդն իր դերը։

Աշխատանքը հանդիսանում է տնտեսագիտական կատեգորիա, և դրա բնութագիրը որոշվում է արտադրական հարաբերություններով։

Աշխատանքային ռեսուրսների առանձնահատկությունները խմբագրել

Աշխատանքային ռեսուրսներն ունեն մի ծարք առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում են ռեսուրսների մյուս տեսակներից։

Այդ առանձնահատկություններն են՝

  1. Առաջին առանձնահատկությունն այն է, որ հենց կադրերն են ստեղծում աշխատանքի գործիքներն ու առարկաները։ Նրանք են մշակում և արտադրությունում ներդնում առաջատար տեխնոլոգիաները, արտադրության և աշխատանքի կազմակերպման ձևերը, մեթոդները և տեսակները։ Հասարակության կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները սկիզբ են առնում մարդուց, իրականացվում նրա ղեկավարության և վերահսկողության ներքո։ Բնությունը մեքենաներ, նավեր, ինքնաթիռներ և այլ սարքեր չի ստեղծում։ Այս ամենը ստեղծվում է մարդու ուղեղի և ձեռքի միջոցով, հետևաբար չի կարող գերակա դեր ունենալ իր ստեղծողի և շահագործողի նկատմաբ։
  2. Երկրորդ՝ հիմնականում կադրերից են կախված արտադրության գործոնների օգտագործման աստիճանը և արտադրության տնտեսական արդյունավետությունը։ Որքան էլ կատարյալ լինի կիրառվող տեխնիկան և տեխնոլոգիան, արտադրուըթյան կազմակերպման ձևերն ու եղանակաները, դրանց արդյունավետ օգտագործումը, վերջին հաշվով ապահովում է մարդը։
  3. Երրորդ՝ կադրերն են համակցում արտադրության գործոնները, արտադրություն կազմակերպում և ստեղծում ավելի մեծ արժեք, քան ձեռնարկությունն ուներ նախկինում։
  4. Չորրորդ՝ յուրաքանչյուր վարձու աշխատող կարող է հրաժարվել աշխատանքի առաջարկվող պայմաններից և պահանջել դրանց փոփոխությունը։

Աշխատանքի առանձնահատկությունները գյուղատնտեսության մեջ խմբագրել

Գյուղատնտեսության մեջ աշխատանքն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք արտահայտում են ճյուղի յուրահատկությունը։ Դրանք են՝

  1. Աշխատանքի արդյունավետությունը կախված է բնակլիմայական պայմաններից և հողային ռեսուրսների որակից
  2. Աշխատանքի օգտագործման վրա ազդեցություն է գործում արտադրության սեզոնային բնույթը
  3. Գյուղատնտեսության մեջ բացակայում է աշխատանքի նեղ մասնագիտացումը
  4. Գյուղատնտեսության մեջ աշխատանքը կապված է կենդանի օրգանիզմների (կենդանիների, բույսերի) օգտագործման հետ
  5. Անասնաբուծության և բուսաբուծության մեջ աշխատանքային գործընթացների մեքենայացումը ցածր մակարդակի վրա է
  6. Գյուղատնտեսության մեջ աշխատանքը քիչ հրապուրիչ ի ոչ էսթետիկ է (կլիմայական պայմաններ, տեղումներ, աղտոտվածություն, արևային ճառագայթում)
  7. Աշխատողների աշխատանքն օգտագործվում է ինչպես հասարակական արտադրությունում, այնպես և անձնական տնամերձ տնտեսություններում
  8. Արտադրության գործընթացում բարձր տեսակարար կշիռ են կազմում կանանց, պատանիների և թոշակառուների աշխատանքը

Գյուղատնտեսության մեջ աշխատանքի գործընթացում մարդը գործ ունի կենդանի օրգանիզմների՝ կենդանիների և բույսերի հետ։ Հետևաբար, արտադրանքի արտադրության ընթացքում անհրաժեշտ է իմանալ և հաշվի առնել կենսաբանական օրենքների պահանջները։ Այս ոլորտում աշխատանքի արտադրողականությունը որոշ չափով կախված է կոնկրետ մշակաբույսի և կենդանիների ցեղային կազմի ռացիոնալ օգտագործումից։ Մեծ ազդեցություն ունեն բնակլիմայական պայմանները և հողի որակը։ Այս պատճառով առանձին կլիմայական գոտիներում միանման աշխատանքային ծախսումները տալիս են արտադրության տարբեր արդյունք։

Աշխատանքի օգտագործման արդյունավետության վրա էական ազդեցություն են գործում արտադրության սեզոնայնությունը, որը պայմանավորված է արտադրության ժամանակի և աշխատանքային ժամանակաշրջանի չհամընկնելու հանգամանքով։ Կապված աշխատանքի սեզոնայնության հետ, մշակաբույսերի ցանքի, տնկման և բերքահավաքի ժամանակահատվածում աճում է աշխատուժի պահանջը, միաժամանակ, ձմռան շրջանում բուսաբուծության ճյուղում նկատվում է աշխատուժի ավելցուկ։

Քանի որ չկա նեղ մասնագիտացում, աշխատողները կարճ ժամկետներում համատեղում են մի շարք աշխատանքային գործընթացներ։

Բուսաբուծության մեջ սերմերի և տնկանյութերի նախապատրաստման, մշակաբույսերի խնամքի, բերքահավաքի, արտադրանքի նախնական մշակման աշխատանքների նշանակալի մասը կատարվում է ձեռքով, իսկ անասնաբուծությունում մեքենայացման մակարդակն ավելի բարձր է։

Ագրարային ոլորտում աշխատանքի և հանգստի պայմանները վատ են։ Աշխատանքային գործընթացների գերակշռող մասը կատարվում է բաց երկնքի տակ, տարբեր եղանակների և բարդ կլիմայական պայմանների ազդեցության ներքո (բարձր և ցածր ջերմաստիճանի, տեղումների, արևային ռադիացիայի, փոշու, կեղտի և այլն)։ Միևնույն ժամանակ բնակչության սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներով ապահովվածությունն այստեղ ցածր է, քան ուրիշ ճյուղերում և քաղաքներում։ Այս բոլորը գյուղատնտեսական աշխատանքը դարձնում են անհրապույր և էսթետիկ։

Այս ոլորտում գերակշռում է կանանց, դեռահասների և թոշակառուների թիվը։ Այստեղ աշխատողների 40%-ը կանայք են, մինչդեռ շինարարության, տրանսպորտի և անտառային տնտեսություններում այն կազմում է 20-25%։

Գյուղատնտեսության աշխատանքային ռեսուրսները խմբագրել

Գյուղատնտեսական արտադրության և աշխատանքի վերջնական արդյունքի արդյունավետության բարձրացումն անմիջականորեն կախված է կադրերի որակավորման մակարդակից և աշխատանքային ռեսուրսների օգտագործման աստիճանից։ Գյուղատնտեսության մեջ աշխատուժը հանդիսանում է աշխատանքային ռեսոուրսների ամենագործուն և սոցիալապես ակտիվ մասը։

Աշխատուժ խմբագրել

Սա իրենից ներկայացնում է ֆիզիկական և հոգևոր հնարավորությունների ամբողջություն, որոնց մարդը տիրապետում և օգտագործում է անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ստեղծման համար։ Այսինքն, աշխատանքային ռեսուրսներն աշխատուժ են դառնում այն դեպքում, երբ աշխատանքի գործընթացում իրացվում ենֆիզիկական և հոգևոր հնարավորությունները։ Այս կապակցությամբ, «աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունն ավելի ընդարձակ է և բազմակողմանի, քան «աշխատուժ» հասկացությունը։

Աշխատանքային ռեսուրսների կազմի մեջ են մտնում ինչպես հասարակական արտադրությունում ընդգրկված աշխատողները, այնպես էլ բնակչության մի մասը, որոնք մասնակցություն չունեն աշխատանքի գործընթացում, սակայն համապատասխան պայմաններում կարող են օգտագործվել գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար։

Աշխատանքային ռեսուրսների օգտագործման վիճակը Հայաստանում խմբագրել

Հայաստանի բնակչության թիվը և գործազրկությունը գյուղատնտեսության մեջ
Ցուցանիշներ 1988 1995 2000 2005 2008 2009
Ամբողջ բնակչության թվաքանակը, հազ մարդ 3448,6 3260,3 3226,9 3215,8 3230,1 3238,0
այդ թվում գյուղական 1080,1 1093,9 1131,1 1153,5 1159,6 1164,6
Բնակչության ամբողջ քանակի նկատմամբ, % 31,3 32,5 33,3 35,9 35,9 36,0
Գյուղատնտեսությունում զբաղված բնակչության թվաքանակը, հազ մարդ 279,4 551,9 566,7 507,6 493,5 496,6
Գյուղական բնակչության նկատմամբ, % 25,9 50,5 50,1 44,0 42,6 42,6
Գրանցված գործազուրկների թվաքանակը, հազ մարդ - 105500 99479 98000 74700 84493
այդ թվում՝ գյուղական վայրում բնակվողներ - 2630 7988 6335 6732 8054
Գյուղական վայրերի գործազուրկների տեսակարար կշիռը գործազուրկների ընդհանուր քանակի նկատմամբ, % - 2,5 8,0 7,1 9,0 9,5 տեքստ

ՀՀ գործող օրենսդրության համաձայն գյուղատնտեսության աշխատանքային ռեսուրսներ են համարվում աշխատունակ տարիքի՝ 16-63 տարեկան բնակչությունը։ Բացի այդ ընդգրկվում են նաև գյուղական վայրերում բնակվող աշխատող դեռահասներն ու կենսաթոշակառուները։

Աշխատանքային ռեսուրսները բաղկացած են հետևյալ ժամանակավոր աշխատողներից՝

  • հիմնական-համարվում են այն աշխատողները, որոնք ընդունվում են աշխատանքի առանց ժամկետը նշելու,
  • սեզոնային-ընդունվում են աշխատանքի որոշակի ժամանակի համար, սակայն 6 ամսից ոչ ավելի,
  • ժամանակավոր-այն աշխատողները, որոնք աշխատանքին մասնակցում են 2 ամսից ոչ ավել։

Աշխատանքային ռեսուրսների կազմը խմբագրել

Համաձայն աշխատանքային օրենսդրության, ներկայումս շատ, այդ թվում և ԱՊՀ երկրներում, աշխատանքային տարիքի ցածր սահմանը համարվում է 16 տարեկանը։

Տնտեսապես ակտիվ բնակչությունը բնակչության այն մասն է, որն ապահովում է աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկը՝ նյութական բարիքներ և ծառայություններ արտադրելլու համար։

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունն իր մեջ ներառում է՝

  1. ըստ ծերության և արտոնյալ պայմանների թոշակառուները,
  2. ըստ հաշմանդամության թոշակառուները,
  3. երեխաներին և հիվանդներին խնամող տնային տնտեսուհիները,
  4. աշխատանք գտնելու հույսը կորցրած մարդիկ,
  5. անկախ եկամտի աղբյուրներից՝ աշխատել չցանկացող մարդիկ և այլն։

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբյան Լևչենկո Լևոնի, Ճեպեճյան Շաքե Անդրանիկի - «Գյուղատնտեսության էկոնոմիկա», Երևան 2012