Աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռ

Աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռ, ցուցանիշների համակարգ, որ բնութագրում է աշխատուժի առկայությունը և զբաղվածությունը, ըստ գործունեության տեսակների, ինչպես նաև բացահայտում ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի աշխատուժի լրացուցիչ ապահովման աղբյուրները՝ տեղական ռեսուրսների հաշվին, և աշխատանքային ռեսուրսների անհրաժեշտ տեղաբաշխումը շրջանների միջև։

ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշռի բաղկացուցիչ մասն է։ Աշխատանքային ռեսուրսների մեջ ընդգրկվում է ամբողջ աշխատունակ բնակչությունը (տղամարդիկ՝ 16–59, կանայք՝ 16–54 տարեկան), բացի I և II խմբի չաշխատող հաշմանդամներից և աշխատունակ տարիքի թոշակառուներից։ Աշխատանքային ռեսուրսների մեջ են ընդգրկվում նաև աշխատունակ տարիքից բարձր տարիք ունեցող և մինչև 16 տարեկան աշխատողները։ Տարբերում են հաշվետվական և պլանային աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռներ։ Հաշվետվական հաշվեկշիռները կազմում են ԽՍՀՄ կենտվիճվարչությունը և նրա տեղական օրգանները՝ հաշվետու տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ։ Դրանցում բնութագրվում են ժողովրդական տնտեսության ճյուղերում զբաղված աշխատողների թվի բաշխման առկա համամասնությունները։ Հաշվետվական հաշվեկշիռները կազմվում են միութենական և ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, վարչական շրջանների, տնտեսական շրջանների, ճյուղերի, ինչպես նաև առանձին պետական ձեռնարկությունների և կոլտնտեսությունների մասշտաբով։ Աշխատանքային ռեսուրսների պլանային հաշվեկշիռն արտացոլում է աշխատուժի սոցիալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսը։. Այն նախատեսում է աշխատուժի անհրաժեշտ բաշխումը ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի, երկրի շրջանների, քաղաքի ու գյուղի միջև և նյութական ու ոչ նյութական արտադրության ոլորտների աշխատուժի պահանջարկի ապահովումը։ Այդ հաշվեկշիռներում աշխատողների թիվը, ըստ ժողովրդական տնտեսության ճյուղերի, հաստատվում է աշխատանքների պլանավորված ծավալին, աշխատանքի արտադրողականության մակարդակին և ոչ նյութական արտադրության ոլորտի ճյուղերի զարգացմանը համապատասխան։

Պլանային հաշվեկշիռները բացահայտում են ժողովրդական տնտեսության ճյուղերի լրացուցիչ աշխատուժի պահանջարկը և այն բավարարելու աղբյուրները։ Դրանց հիման վրա մշակվում է լրացուցիչ աշխատուժի պահանջարկը բավարարելու պլան։ Ի տարբերություն ամբողջ երկրի աշխատանքային ռեսուրսների ամփոփ հաշվեկշռի, որի երկու մասերը ԽՍՀՄ–ում գործազրկության բացակայության պատճառով հավասար են, տարածական կտրվածքով կազմված հաշվեկշիռներում այդպիսի հավասարակշռություն կարող է չլինել։ Այդ կապակցությամբ ժողովրդական տնտեսության զարգացման պլաններում նախատեսվում է աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում երկրի շրջանների միջև։ Աճող երիտասարդության հետ միասին, ժողովրդական տնտեսության պահանջմունքները բավարարելու կարևորագույն աղբյուր է նաև տնային և անձնական օժանդակ տնտեսություններում զբաղված աշխատունակ բնակչության ներգրավումը հասարակական արտադրության մեջ։ Ամփոփ հաշվեկշռի հետ մեկտեղ կազմվում են մասնակի՝ կոլտնտեսությունների աշխատանքային ռեսուրսների, երիտասարդության, որակյալ բանվորների, մասնագետների հաշվեկշիռներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 470