Անտոն Սողոմոնյան Ղորղանյան

Անտոն Սողոմոնյան Ղորղանյան(ց) (մայիսի 10 1838 Ղարաչինար, Արցախ - հունվարի 13 1902 Թիֆլիս), հայազգի ռազմական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]:

Անտոն Սողոմոնյան
Ղորղանյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
Հունվարի 28 1879 - փետրվարի 15 1879
Նախորդող Դմիտրի Ղիփիանի
Հաջորդող Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան
 
Կրթություն՝ Ռազմական
Մասնագիտություն՝ Զինվորական, պետական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր Մայիսի 10 1838
Ծննդավայր Ղարաչինար, Արցախ
Վախճանի օր Հունվարի 13 1902
Վախճանի վայր Թիֆլիս
Գերեզման Թբիլիսի
Թաղված Թբիլիսի
Հայր Սողոմոն Փրիդոնյան Ղորղանյան(ց)
Մայր Մարիամ Նիկողոսյան Քեդխուդյան(ց)

Անտոն Ղորղանյանը ծնվել է Ղարաչինար գյուղում պահեստազորի լեյտենանտ (պոտպորուչիկ) Սողոմոն Փրիդոնյան Ղորղանյանցի և տփղիսեցի (թիֆլիսեցի) Մարիամ Նիկողոսյան Քեդխուդյանցի ընտանիքում: Մկրտությունը կատարվել է 1838 թվականի մայիսի 18-ին Ղարաչինարի Սուրբ Նշան եկեղեցում Հարություն քահանա Աստվածատրյանցի կողմից[1][2]:

Ա.Ղորղանյանը ստացել զինվորական կրթություն: Ռազմական դպրոցը ավարտելուց հետո ղեկավարել է սակրավորների գումարտակ: Հասել է կապիտանի զինվորական կոչման, ապա թողել զինվորական ոլորտը և ծառայության անցել քաղաքացիական բնագավառ: 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ալեքսանդր II կայսր կարգադրությամբ Ա.Ղորղանյանը ստանձնում է բանակին պաշար մատակարարելու գործը, որը կատարում է գերազանց՝ արժանանալով գովասանքի[1][3]:

Տեսնելով, որ Ա.Ղորղանյանը կարողանում է հաջողությամբ կատարել իր առջև դրված խնդիրները՝ Թիֆլիսի քաղաքային վարչության ներկայացուցիչները նրան առաջադրում է քաղաքագլխի պաշտոն: 1879 թվականի հունվարի 28-ին 47 կողմ և 17 դեմ[4] ձայներով Ա. Ղորղանյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքագլուխ, սակայն 1879 թվականի փետրվարի 15-ին առանց պաշտոնը ստանձնելու հրաժարական է տալիս[5][1]:

Կյանքի վերջին տարիներին Ա. Ղորղանյանը զբաղվել է բանակային գործերով: 1894 թվականին ստանձնում է Թիֆլիսի քաղաքային վարկի ընկերության ղեկավարի պաշտոնը և բնականոն աշխատանքը վերականգնում[1][3]:

1898-1900 թվականներին վերաբերող Թիֆլիսի կալվածատեր ազնվականների մի ցուցակում երևում է, որ Ղորղանյանին ու վերջինիս եղբայր Ադամին են պատկանում Թիֆլիսի գավառում գտնվող Մեծ Էնագեթ և Գոլտատի գյուղերը՝ 427 դեսյատին հողատարածքով[1][6]:

Անտոն Ղորղանյանը վախճանվել է 1902 թվականի հունվարի 13-ին և թաղվել Ջգրաշենի սուրբ Ավետյաց եկեղեցու բակում[7]: Նրա գերեզմանը եկեղեցու հետ միասին ոչնչացվել է 1938 թվականին[1][8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. ՎՀՊՊԿԱ, ֆ. 213, ց. 1, գ. 2001, թ. 49:
  3. 3,0 3,1 «Տարազ» 1902, N 2, էջ 7:
  4. «Մշակ» 1879, N 13, էջ 2:
  5. “Известия Тифлисской Городской Думы”, N 4, Тифлис, 1911, ст. 18.(ռուս.)
  6. ՎՀՊՊԿԱ, ֆ. 214, ց. 1, գ. 3413, թ. 24:
  7. «Մշակ» 1902, N 9:
  8. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.: