Անտոնինիոս Պիոսի սյուն

Անտոնինիոս Պիոսի սյուն (իտալերեն՝ Colonna di Antonino Pio), սյուն Հռոմի Մարսի դաշտում։ Տեղադրվել է 161 թվականին կայսրեր Մարկոս Ավրելիոսի և Լուցիոս Վերոսի ջանքերով իրենց հոգեհոր՝ նախկին կայսր Անտոնինիոս Պիոսի պատվին։ XVII դարում սյունը թյուրիմացաբար անվանվել է Մարկոս Ավրելիոսի անունով։

Սյան պատվանդանը

Ներկայումս պահպանվել է միայն պատվանդանը։

ԿառուցվածքԽմբագրել

 
Անտոնինիոս Պիոսի և սյան պատկերով մետաղադրամներ

Սյունն ունեցել է 14,75 մ բարձրություն և 1,9 մ տրամագիծ։ Այն կառուցվել է կարմիր գրանիտից։ Սյան վրա չի եղել ժապավենաձև մաս, ինչպես Տրայանոսի և Մարկոս Ավրելիոսի սյուների վրա։ Ինչպես նշված է սյան արձանագրությունում, կառույցի համար գրանիտը բերվել է դեռևս 106 թվականին։ Սյան պատկերով մետաղադրամներից կարելի է ենթադրել, որ սյան գլխին եղել է Անտոնինիոսի քանդակը։

Սյունը կապված է եղել կայսեր և իր կնոջ՝ Ֆաուստինայի դամբարան–եկեղեցուն, որը գտնվել է սյունից 25 մ հյուսիս՝ սյան հետ կազմելով մեկ ընդհանուր գիծ։

ՊատմությունԽմբագրել

XVIII դարում սյան պատվանդանը հայտնվել էր հողի հաստ շերտի տակ, սակայն սյունը վեց մետրով դուրս էր մնացել հողից։ 1703 թվականին կառույցը Ֆրանչեսկո Ֆոնտանայի ջանքերով ամբողջովին ազատվում է հողի շերտից, սակայն կառույցի հետագա ճակատագիրը չի վճռվում։ Այն երկար ժամանակ մնում է ծածկի տակ։ 1759 թվականին սյունը վնասվում է հրդեհից։ 1764 թվականին այն փորձում են նորոգել, սակայն սյան գրանիտը նյութ է ծառայում Մոնտեչիտորիո հրապարակի կոթողի համար։

Սյան պատվանդանը այդ նույն ժամանակ տեղափոխվել է և 1741 թվականին վերականգնվել Մոնտեչիտորիո հրապարակում։ 1787 թվականին այն փոխանցվել է Վատիկանի թանգարանին։ Ներկայումս պատվանդանը գտնվում է Վատիկանի պատկերասրահի մուտքի առաջ։

Պատվանդանի ձևավորումԽմբագրել

Պատվանդանի մի կողմում կա արձանագրություն, մյուս երկու կողմերում ձիավորների մասնակցությամբ թաղման տեսարան է պատկերված։ Չորրորդ կողմում ներկայացված է կայսրի և նրա կնոջ աստվածացման տեսարան․ պահապան հրեշտակները արծիվների ուղեկցությամբ նրանց երկինք են տանում։ Անտոնինիոս Պիոսը ձեռքին ունի արծվի քանդակով գայիսոն։ Կոմպոզիցիայի ներքևի մասում պատկերված է տղամարդու կերպար, ով խորհրդանշում է Մարսի դաշտը։ Աջից Հռոմը խորհրդանշող կնոջ կերպարանք է․ նա հենված է գայլի, Հռոմուլոսի և Հռեմոսի պատկերով վահանին։

Արտաքին հղումներԽմբագրել