Անտառային հողեր, չափավոր ցուրտ, չափավոր տաք, մերձարևադարձային և արևադարձային կլիմայի պայմաններում անտառային բուսածածկոցի տակ առաջացող հողեր։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։

Անտառային հողերից Հայաստանում տարածված են դարչնագույն, գորշ և փոքր զանգվածներով հումուսա-կարբոնատային հողերը, որոնք գտնվում են հյուսիսային և հարավային շրջաններում՝ 500—2700 մ բարձրության վրա և ոչ մեծ զանգվածներով՝ Գառնի–Գյոլայսորում, Ծաղկունյաց լեռներում, Ալայազի ձորում, Ջերմուկում և այլն։

Դարչնագույն հողերն առաջանում են չորասեր ծառատեսակների և թփուտների ծածկոցի տակ՝ չափավոր խոնավ և տաք կլիմայի պայմաններում։ Վերին հորիզոնները պարունակում են 3—8% հումուս՝ 40—70 սմ հզորությամբ, կարբոնատներն ունեն հողալկալի հիմքերով հագեցված բարձր կլանունակություն։

Գորշ հողերն առաջանում են բոխու, հաճարենու ծածկոցի տակ՝ մեղմ և խոնավ կլիմայի պայմաններում։ Հումուսային հորիզոնի հզորությունը 20–50 սմ է, պարունակում են մեծ քանակի հումուս, ունեն թույլ թթվային ռեակցիա։

Հումուսա-կարբոնատային հողերը հումուսի բարձր քանակով և կնձիկային կառուցվածքով գրեթե չեն տարբերվում սևահողերից։ Ունեն ծանր կավավազային կամ կավային մեխանիկական կազմ, բարձր կլանունակություն և հարուստ են սննդանյութերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 444