Անտառակտցար

թռչունների տեսակներ

Անտառակտցար (լատին․՝ Scolopax rusticola), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։

Անտառակտցար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Scolopax rusticola
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Scolopax rusticola rusticola

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 33-35 սմ է, թևերի բացվածքը՝ 56-60 սմ, կենդանի զանգվածը՝ 270-305 գ։ Մարմինը գեր է, պոչը և թևերը՝ լայն։ Գլուխը մեծ է, ճակատը՝ դարչնագույն-դեղին, գագաթին կան լայնակի մուգ լայն շերտեր։ Մուգ աչքերը շերտավոր դիմային մասի վրա բավական բարձր են դասավորված։ Կտուցը երկար է, ուղիղ, ծայրը՝ մուգ։

Մարմինը վերևից դարչնագույն-կարմիր է՝ սև, նարնջագույն և սպիտակ խճճված նախշերով, ներքևից՝ հավասարաչափ զոլավոր։ Ոտքերը հաստ են, մոխրավուն-վարդագույն։ Գործունյա է արշալույսին, մթնշաղին և գիշերը։ Վտանգի դեպքում թռչում է գետնից ոչ բարձր, թևերի սուլոց արձակող թափահարումներով ճեղքում է օդը և բեկբեկուև թռիչքով անհետանում թաքստոցում։ Բնակվում է խոնավ անտառներում, տնկարկներում, պտղատու և խաղողի այգիներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, հիմնականում՝ որդերով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Արուն էգի հետ մշտական զույգ չի կազմում։ Զուգավորման ընթացքում զուգընկերոջն անընդհատ փոխում է։ Բնադրում է գետնին։ Բույնը փոսիկ է, ցամքարը՝ տերևներից։ Դնում է 44 մմ տրամագծով, բաց վարդագույն երանգով դարչնագույն՝ դարչնագույն պտերով 4 ձու։ Թխսակալում է էգը՝ 20-24 օր։ Վտանգի դեպքում նորելուկ ձագերին կտուցով բռնած կամ դեպի լքարմինը ծալած ոտքերի արանքում տեղափոխում է անվտանգ վայր։

Բացարձակ անտառային տեսակ է, կատարյալ վարպետությամբ թռիչքով հաղթահարում է ծառախիտ տարածությունները։ Հանրածանոթ է սիրողական և մարզական որսով զբաղվողներին և առանձնահատուկ գեղագիտական հաճույք է պատճառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառակտցար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառակտցար» հոդվածին։