Անտառաբուծություն (գիտություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտառաբուծություն (այլ կիրառումներ)

Անտառաբուծություն, գիտություն անտառի աճեցման և բարելավման, արդյունավետության բարձրացման և վերարտադրման եղանակների մասին։ Ուսումնասիրում է անտառի աճի ու զարգացման կենսաբանական գործոնները և դրանց փոխադարձ կապը միջավայրի հետ։ Մշակում է բնակլիմայական տարբեր պայմաններում անտառաճեցման և անտառտնտեսվարման եղանակներ, անտառի գլխավոր օգտագործման և խնամքի, հատումների տեսական և գործնական հարցեր, բնական վերականգնման ու բարձրարժեք երկարակյաց անտառների աճեցման ուղիներ։

Անտառաբուծությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում անտառաբուծությունը, որպես գիտություն, սկզբնավորվել է 1929 թվականից՝ Վանաձորի անտառփորձակայանի հիմնադրմամբ։ Հետազոտվել են ՀՀ նոսրանտառները, անտառկազմող հիմնական ծառատեսակների աճի առանձնահատկությունները, ծառուտների ձևավորման օրինաչափությունները և անտառի բնական վերականգնման, անտառների աճեցման ու տնտեսավարման բնագավառում լեռնային անտառների տիպաբանական խնդիրները։ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անտառաբուծության, բևապահպանման և երկրաբուսաբանության բաժանմունքում (1963 թվականից՝ անտառագիտության բաժին), Մարտունիի բարձրլեռնային անտառբարելավման կայանի և Նոյեմբերյանի անտառային գիտական հենակետերում ուսումնասիրվել են անտառները, մշակվել անտառածածկ տարածքների ընդարձակման, պաշտպանական անտառտնկարկների ստեղծման, ՀՀ տարածքում անտառապատման ու կանաչապատման ընդլայնման գիտական հիմունքները, Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ազատված ափամերձ տարածքի անտառբարելավման եղանակները։ ՀՀ-ում ծառաթփային տեսակների վերարտադրման և ընտրասերման աշխատանքներով զբաղվում են Հայանտառ և Անտառային գիտափորձարարական կենտրոն կազմակերպությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։