Անվանակոչություն, խորհրդաբանական երևույթ՝ հավասարազոր օծմանը․ «Կոչումն կամ դրութիւն անուանն»։

  1. Հայաստանյայց առաքելական եկեղեցու Տերունական անշարժ տոներից՝ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը («Տօն անուանակոչութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»)։ Նշվում է հունվարի 13-ին։ Ըստ Ղուկաս ավետարանչի, մարդեղացյալ Աստվածորդուն, նրա ծննդյան 8-րդ օրը, Հովսեփն ու Մարիամ Աստվածածինը տանում են Տաճար՝ Աբրահամի և Աստծո միջև դրված ուխտի (Ծննդ․ 17․4–14) համաձայն թլփատելու։ Թլփատության ժամանակ մանկանն անվանում են Հիսուս (եբր․ բառ, որը նշանակում է փրկիչ)․ «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»(Ղուկ․ 2․21)։
  2. Նվիրական ավանդույթի համաձայն, Մկրտության ժամանակ խորհրդակատար քահանան մկրտվողին տալիս է նոր անուն, քանի որ մկրտության սուրբ ավազանից վերստին ծնվածն այլևս նոր մարդ է (հմմտ․ Հովհ․ 3․3, 5–6)։ Ինչպես ձեռնադրության և օծման ընթացքում՝ նվիրյալին, նույնպես և Մկրտության ժամանակ մկրտվողին որպես նոր անուն շնորհվում է որևէ սրբի (սրբուհու) կամ ականավոր եկեղեց-ազգ․ գործչի անունը։
  3. Հայ եկեղեցու հայրավանդ կանոնների համաձայն, քահանայանալ ցանկացող ընծայյալին Ձեռնադրության խորհրդի ժամանակ ձեռնադրող և սրբալույս Մյուռոնով օծող եպիսկոպոսը շնորհում է նոր անուն։ Նոր անվանակոչություն օծյալ այդ սպասավորին խորհրդաբար դարձնում է նոր անձ, նոր՝ աստվածային առաքելության տեր․ «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով․ նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»(Եփես․ 4․22–24)։
  4. Հայ եկեղեցու հնավանդ կանոնների համաձայն, նորակառույց եկեղեցու «նավակատիքին», հանդիսապետ եպիսկոպոսը, եկեղեցին օծելու ժամանակ Աստծո նորակառույց տաճարն անվանակոչում է ի պատիվ որևէ սրբի (սրբուհու) կամ Տերունական որևիցե տոնի (Ս․ Գայանե, Ս․ Սարգիս, Ս․ Հարություն և այլն)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 65 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն խմբագրել

  • Գրիգոր Տաթեվացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, ԿՊ, 1740։
  • Կարգ Աստուածապաշտութեան Հայաստանեայց Ս․ եկեղեցւոյ, [ժող․], Թ․, 1907։