Աննա Վարդապետյան (փետրվարի 18, 1986(1986-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1], արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, 2022 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի գլխավոր դատախազ[2]։

Աննա Վարդապետյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր փետրվարի 18, 1986(1986-02-18) (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն

խմբագրել

2002-2006 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2006-2008 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2008-2012 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2012 թվականի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

2007-2008 թվականներին եղել է Հայաստանի վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ նույն վարչության մասնագետ, իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերից մինչև 2009 թվականի մարտ ամիսը՝ Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։

2009-2013 թվականներին աշխատել է որպես Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական, 2013-2014 թվականներին՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, իսկ արդեն 2014-2018 թվականներին՝ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2018-2019 թվականներին եղել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական։

2019 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը։

2020 թվականի մարտի 2-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական[3]։

2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում[4]։

Այլ տվյալներ

խմբագրել

Աննա Վարդապետյանը 2015 թվականից առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է[5]։ Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է։ Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին։

Աննա Վարդապետյանը հադնիսացել է Հայաստանի քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ[6]։

2016-2021 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ։ 2022 թվականի հունիսի 22-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ամուսնացած է։

2023 թ.-ի հունիսի 30-ին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աննա Վարդապետյան - Երևանի պետական համալսարան
  2. «Աննա Վարդապետյանը ստաձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը». hetq.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Հայաստանի դատախազություն
  4. «Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում». hetq.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Աննա Վարդապետյան». infocom.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Աննա Վարդապետյան - reforms.am