Անձնվեր ծառը (պատմվածք)

Շել Սիլվերսթինի մանկական գիրք

Անձնվեր ծառը, Շել Սիլվերսթինի մանկական, պատկերազարդ գիրքը։ Առաջին անգամ հրատարակվել է Harper & Row հրատարակչության կողմից, 1964 թվականին։ Գիրքը Սիլվերսթին գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Չնայած գրքի ձեռք բերած լայն ճանաչմանը, այն նկարագրվել է որպես «ամենահակասական մանկական գրքերից մեկը»[1]։ Այդ հակասական մեկնաբանությունները վերաբերում են պատմվածքի գլխավոր հերոսների (տղայի և ծառի) հարաբերություններին, արդյո՞ք դրանք պետք է համարվեն դրական (ծառը տղային անշահախնդիր սեր է տալիս), թե՞ բացասական (տղան շահագործում է ծառի անձնվիրությունը)[2][3][4]։ Ամերիկյան կրթական չափորոշիչների մասնագետները գիրքը հասցեագրում են մանկապարտեզի տարիքից մինչև երկրորդ դասարանի երեխաներին[5], սակայն դժվար է պնդել, որ Շել Սիլվերսթինը պատմվածքը բացառապես երեխաներին է հասցեագրել։ Պատմվածքը հայերեն լույս է տեսել 2017 թվականին, «Արևիկ» հրատարակչության կողմից, Լիլիթ Բոյամյանի թարգմանությամբ։

Անձնվեր ծառը
անգլ.՝ The Giving Tree
ՀեղինակՇել Սիլվերսթին
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմածառ, ընկերություն և generosity?
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Կերպար(ներ)the Giving Tree?
ՆկարազարդողՇել Սիլվերսթին
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarper
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 7, 1964
ԳՄՍՀ0-06-025665-6
 The Giving Tree Վիքիպահեստում
Անձնվեր ծառերի պուրակ Հոլոնում, Իսրայել

Նախապատմություն խմբագրել

Սիլվերսթինը երկար ժամանակ չէր կարողանում հրատարակիչ գտնել պատմվածքի համար[6][7]։ Simon & Schuster հրատարակչության մի խմբագիր մերժեց պատմվածքի ձեռագիրը ասելով, որ այն «չափազանց տխուր է երեխաների համար և չափազանց պարզունակ՝ մեծահասակների համար»[6][7]։ Գրող, մանկագիր Թոմի Անգերան Սիլվերսթինին խորհուրդ տվեց դիմել Ուրսուլա Նորդստրոմին՝ Harper & Row-ի հրատարակչին[6]։ Harper & Row-ի խմբագիրներից մեկը պատմել է, որ Սիլվերսթինը պատմվածքի հետ մեկտեղ ներկայացրել էր նաև բավական կոպիտ, շտապ արված նկարազարդումներ իր՝ Փլեյբոյ ամսագրին տված ծաղրանկարների ոճով, սակայն հեղինակը հետագայում վերամշակեց նկարները, դրանք դարձնելով «առավել փափուկ և հարթ»[3]։ Նկարազարդումների վերջնական, սև և սպիտակ տարբերակը, սակայն, դարձյալ նկարագրվում էր որպես «անկանոն...տեսողական մինիմալիզմ»[2]։ 1964 թվականին լույս տեսավ պատմվածքի առաջին հրատարակությունը՝ 5000-7500 օրինակով[8]։

Սյուժե խմբագրել

Գիրքը նկարագրում է տղայի և խնձորենու կյանքը, որոնք կապված են իրար հետ ընկերական հարաբերություններով։ Ծառը, որը խորհրդանշում է կնոջ կերպար, շատ «անձնվեր» է, իսկ տղան, ապա՝ պատանին և տարեց տղամարդը, շարունակ շահագործում է ծառի անշահախնդիր սերը։ Չնայած տղան հասակ է առնում պատմվածքի ընթացքում, ծառը նրան ամբողջ կյանքում «տղաս» է կոչում։ Մանկության տարիներին տղան հաճույքով խաղում էր ծառի հետ, մագլցում նրա բնին, ճոճվում ճյուղերից կախված և ուտում նրա խնձորները։ Մեծանալով, սակայն, տղան ավելի ու ավելի քիչ ժամանակ է անցկացնում ծառի հետ և միայն այցելում է նրան այն ժամանակ, երբ իր կյանքի տարբեր փուլերում որևէ նյութական օժանդակության կարիք է ունենում, որը նրան կարող էր տալ ծառը։ Կյանքի յուրաքանչյուր փուլում տղային երջանիկ տեսնելու փափագը ծառին մղում է նրան տալ իր տարբեր մասերը՝ որոնք տղան կարող էր նյութական արժեքների վերածել՝ փողի (խնձոր վաճառելով), տան (օգտագործելով իր ճյուղերը) և նավակի (օգտագործելով իր բունը)։ Եվ յուրաքանչյուր անգամ ինչ որ բան նվիրելիս «ծառը երջանիկ էր»։ Պատմվածքի յուրաքանչյուր դրվագ ավարտվում է այս նախադասությամբ։ Վերջին էջերում թե՛ ծառը և թե՛ տղան զգում են իրենց համապատասխանաբար «նվիրելու» և «խլելու» բնույթի ողջ խայթը։ Երբ ծառից մնացել էր ընդամենը մի կոճղ, նա, գոնե այդժամ, այլևս երջանիկ չէր։ Տղան վերադառնում է, արդեն տարիքն առած, մի անգամ ևս հանդիպելու ծառին և ասում, որ իր միակ ցանկությունը «մի խաղաղ տեղ է, որ նստեմ ու հանգստանամ», որն իրեն կարող էր տալ ծառը։ Այս վերջնական դրվագում էլ՝ «ծառը երջանիկ էր»։

Ճանաչում խմբագրել

Հետաքրքրությունը գրքի նկատմամբ շատ արագ տարածվում էր։ Եկեղեցիներն, օրինակ, պատմվածքը ներկայացնում էին որպես նվիրելու բերկրանքի մասին մի յուրահատուկ առակ[6]։ 2001 թվականի տվյալներով վաճառվել էր գրքի ավելի քան 5 միլիոն օրինակ, ապահովելով նրա համար 14-րդ հորիզոնականը Publishers Weekly-ի հրապարակած «բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված մանկական գրքերի» ցանկում[9]։ Մինչև 2011 թվականը գրքի ավելի քան 8,5 միլիոն օրինակ էր վաճառվել[7]։ 1999-2000 թվականներին ամերիկյան «Ազգային կրթական ասոցիացիան» առցանց հարցում անցկացրեց երեխաների շրջանում, որի արդյունքում «Անձնվեր ծառը» 24-րդ տեղը զբաղեցրեց «Լավագույն մանկական գրքերի հարյուրյակում»[10]։ Նույն ասոցիացիայի 2007 թվականին անցկացրած առցանց հարցախույզի արդյունքում «Ուսուցիչների լավագույն ուսուցողական մանկական գրքերի հարյուրյակում» գիրքը երրորդը ճանաչվեց[11]։ 2012 թվականին «Դպրոցական գրադարանների ամսագիրը» իր «բոլոր ժամանակների 100 լավագույն պատկերազարդ գրքերի» ցանկում «Անձնվեր ծառին» հատկացրեց 85-րդ հորիզոնականը[12]։ 2012 թվականին «Scholastic Parent & Child» ամսագրի «մանկական լավագույն հարյուր գրքերի» ցանկում պատմվածքը 9-րդն էր[13]։ 2013 թվականի տվյալներով «Goodreads»-ի «լավագույն մանկական գրքերի» ցանկում այն երրորդն էր[14]։ Գիրքը հայերեն լույս է տեսել 2017 թվականին, Լիլիթ Բոյամյանի թարգմանությամբ, «Արևիկ» հրատարակչության կողմից[15]։

Արծարծված թեմաներ խմբագրել

Կրոնական խմբագրել

Ուրսուլա Նորդստրոմը նշում է, որ գրքի հաջողությունը մասամբ պայմանավորված է «բողոքական նախարարների և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների արձագանքով», որոնց կարծիքով ծառն արտահայտում էր «անշահախնդիր սիրո քրիստոնեական իդեալը»[16]։

Բնապահպանական խմբագրել

Որոշ մարդիկ կարծում են, որ ծառը խորհրդանշում է Մայր բնությունը, իսկ տղան՝ մարդկությունը։ Ուստիև, գիրքը այլաբանորեն, այսինքն «ինչ չի կարելի անել ձևով» արտահայտում է մարդկային արարածների պարտականությունները շրջապատի կենդանի օրգանիզմների նկատմամբ[17]։ Գիրքը բազմիցս օգտագործվել է երեխաներին բնապահպանական դաստիարակություն տալու համար[18]։ Պատմվածքի վերջին պատկերը ներկայացնում է ծառի բնին նստած տղային՝ նա օգտագործել է ծառն ամբողջությամբ և վերջին բանը, որ մնացել է նրանից՝ ծեր մարդու համար նստելու տեղ ծառայելն է։ Մարդը շատ չնչին երախտագիտություն կամ զղջում է զգում, թե ինչպես է նա շահագործել ծառին[19]։ Ծառի վիճակը պատմվածքի վերջում ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ շարունակ խլում բնությունից ամեն ինչ, մինչև որ չի մնում ոչ գեղեցկություն և ոչ էլ բարիք։

Ընկերասիրական խմբագրել

Որոշ մարդիկ կարծում են, որ ծառի և տղայի հարաբերությունները ընկերասիրության վառ օրինակ են։ Որպես այդպիսին, գիրքը սովորեցնում է երեխաներին, որ «որքան մեծանում եք, այնքան կյանքն աղտոտվում է ժամանակակից կյանքի հետքերից» և որ «ձեր ընկերությունը կտուժի, եթե դուք նրա մասին հոգ չտանեք»[19]։ Այս մեկնաբանության մասին մի քննադատություն կա, սակայն, որ ծառը չափահաս է պատմության սկզբում և տղան՝ փոքրիկ երեխա, իսկ տարբեր սերունդների միջև ընկերությունը խիստ հազվադեպ է[19]։

Ծնող-երեխա հարաբերություն խմբագրել

Գրքի ամենաշատ քննարկված մեկնաբանությունն այն է, որ ծառի և տղայի միջև ծնող-երեխա հարաբերությունն է, ինչպես 1995 թվականին «First Things» ամսագրում նշել է գրքի մասին պատմող հոդվածները խմբագրած Ռիչարդ Ջոն Նյուհաուզը[20]։ Այդ հոդվածների հեղինակներից ոմանք շատ դրական են արձագանքել գրքին, օրինակ, Էմի Քասը նշել է, որ «սա անձնվեր մայրության մասին մի իմաստուն պատմություն է», իսկ նրա ամուսինը՝ Լեոն Քասը խորհուրդ է տալիս բոլորին կարդալ գիրքը, քանի որ ծառը «մեր սեփական մոր սիրո մասին սրբազան հիշողության մի իսկական խորհրդանիշ է»[20]։ Այնուհանդերձ, որոշ հոդվածների հեղինակներ նաև բացասական տեսակետներ են արտահայտել պատմվածքի վերաբերյալ։ Մերի Էն Գլենդոնը գրում է, որ գիրքը «մանկապարտեզի հեքիաթ է «ես» սերնդի համար, «նարցիսիզմի օրինակ» և շահագործման կատեխիզիս», իսկ Ջին Էլսթեյնը կարծում է, որ պատմվածքի վերջում թե՛ ծառը և թե՛ տղան կործանված են[20]։ 1998 թվականին կատարված մի ֆենոմենալ ուսումնասիրություն պարզեց, որ շվեդ մայրիկները և երեխաները պատմվածքը ընկալում են որպես ընկերասիրություն սովորեցնող, մինչդեռ ճապոնուհի մայրիկները՝ որպես ծնող-երեխա հարաբերություններ սովորեցնող։

Երգիծական խմբագրել

Որոշ հեղինակներ գտնում են, որ գիրքն իրականում հասցեագրված է ոչ թե երեխաներին, այլ մեծահասակներին՝ իր երգիծական նրբերանգներով, ինչպես Ջոնաթան Սվիֆթի «Համեստ առաջարկը»[21][22]։

Քննադատություն խմբագրել

1988 թվականին Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» արգելվեց Կոլորադոյի հանրային գրադարանում։ Այն պիտակավորվեց որպես «սեքսիստ» և կանանց իրավունքները ոտնահարող, քանի որ ծառը կնոջ կերպար է խորհրդանշում։ Տղան անընդհատ գալիս է ծառի մոտ, որը աստիճանաբար իր ողջ ունեցածը տալիս է տղային՝ իրեն ոչինչ չպահելով, իսկ տղան փոխարենը ոչինչ չի անում աղջիկ-ծառի համար։ Բացի Կոլորադոյի հանրային գրադարանի դեպքից, մի քանի դպրոցներ ևս բողոքեցին գրքի դեմ։ Շատ գրողներ քննադատել են պատմվածքի պատկերած հարաբերությունները։

  Ամբողջովին ինքն իրեն մոռացած մայրն իր որդու հետ վարվում է այնպես, կարծես նա միշտ երեխա է, մինչդեռ տղան իրեն աշնորհակալ և աներես երեխայի պես է պահում։ Այս գերակշռող պատկերն այդպիսով, երեխաներին կարող է մարդկային հարաբերություններում անպիտան շահագործողի օրինակ ներկայանալ՝ թե՛ տարբեր սեռերի և թե՛ տարբեր սերունդների միջև։ Այն շարունակում է հավերժացնել անձնվեր, ամեն ինչ նվիրող մոր առասպելը, որը գոյություն ունի միայն որպեսզի շահագործվի և արու զավակի պատկերը, որը չի փոխադարձում ոչ մի ընծա, չի արտահայտում երախտագիտություն, չի զգում կարեկցանք՝ մի անշնորհակալ արարած, որը չի սահմանափակում իր պահանջները[23]։  

Ուրիշ գրողներ էլ հակառակ կարծիքին են, պնդելով, որ սխալ է այն ենթադրությունը, թե պատմվածքը ներկայացնում է մայր և որդի հարաբերությունները և որ ծառի՝ տղային շարունակ «մանչուկս» և «տղաս» դիմելը հաստատում է վերջինիս տհասությունը և երեխայական վարքը։ Գրքի քննադատները մատնանշում են այն փաստը, որ տղան երբեք շնորհակալություն չի հայտնում ծառին նրա ընծաների համար[24]։ Իսկ Harper & Row-ի խմբագիրներից մեկը համարում է, որ գիրքը «սադոմազոխիստական հարաբերությունների մասին է»[3]։ Մի քոլեջի դասախոս պարզել է, որ գիրքը կարդալով թե՛ իգական և թե՛ արական սեռի ուսանողները խիստ զայրանում են, քանի որ նրանք գտնում են, որ տղան շահագործում է ծառին[25]։ Ուսումնական նպատակով գործածության համար նա գիրքը համեմատում է Անդրե Դաբասի «Գեր աղջիկը» պատմվածքի հետ, քանի որ նրա բովանդակությունը «Անձնվեր ծառի» ճիշտ հակառակն է[25]։ Որոշ գրողներ կարծում են, որ ընթերցողը սեփական կյանքի փորձից ելնելով է մեկնաբանում պատմվածքի բովանդակությունը։ Այսինքն, այն անձը, որի մեջ գերակշռում է հոգատար ծնողը, համեմատվում է ծառի հետ։ Նա, ով շահագործվում է ինչ-որ նարցիսիստի կողմից, նույնպես համեմատվում է ծառի հետ։

Էկրանավորումներ խմբագրել

Գոյություն ունեն գրքի մի քանի էկրանավորումներ։

  • The Giving Tree (ԱՄՆ, 1973թ.)[26] 10 րոպեանոց մուլտֆիլմ հեղինակի նկարներով, որի տեքստը կարդում է Սիլվերսթինը, որը նաև մուլտֆիլմի պրոդյուսերն է և երաժշտության հեղինակը։
  • De boom die gaf (Բելգիա, 2002թ.)[27] 5 րոպեանոց մուլտֆիլմ։
  • The Giving Tree (2007թ.)[28] 5 րոպեանոց տեսամուլտֆիլմ

Բացի այդ, «Անձնվեր ծառը» ներշնչանքի աղբյուր է եղել Սփայք Ջոնսի «Ես այստեղ եմ» (2010թ.) ֆիլմի համար, որտեղ ևս անդրադարձ է եղել անձնազոհության թեմային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bird, Elizabeth (2012 թ․ մայիսի 18). «Top 100 Picture Books #85: The Giving Tree by Shel Silverstein». School Library Journal "A Fuse #8 Production" blog. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  2. 2,0 2,1 Spitz, Ellen Handler (1999). Inside Picture Books. New Haven, CT: Yale University Press. էջեր 142–144. ISBN 0300076029.
  3. 3,0 3,1 3,2 Marcus, Leonard S. (March–April 1999). «An Interview with Phyllis J. Fogelman» (PDF). Horn Book Magazine. 75 (2): 148–164. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  4. Daly, Mary (1990). Gyn/Ecology: the Metaethics of Radical Feminism. Boston: Beacon Press. էջ 90. ISBN 0807014133.
  5. «The Giving Tree By Shel Silverstein». Scholastic.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Cole, William (1973 թ․ սեպտեմբերի 9). «About Alice, a Rabbit, a Tree...». The New York Times. էջ 394.
  7. 7,0 7,1 7,2 Paul, Pamela (2011 թ․ սեպտեմբերի 16). «The Children's Authors Who Broke the Rules». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  8. Natov, Roni; Geraldine DeLuca (1979). «Discovering Contemporary Classics: an Interview with Ursula Nordstrom». The Lion and the Unicorn. 3 (1): 119–135. doi:10.1353/uni.0.0355. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  9. Roback, Diane, Jason Britton, and Debbie Hochman Turvey (2001 թ․ դեկտեմբերի 17). «All-Time Bestselling Children's Books». Publishers Weekly. 248 (51). Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. National Education Association. «Kids' Top 100 Books». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  11. National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  12. Bird, Elizabeth (2013 թ․ մայիսի 18). «Top 100 Picture Books Poll Results». School Library Journal "A Fuse #8 Production" blog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Parent & Child 100 Greatest Books for Kids» (PDF). Scholastic Corporation. 2012. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  14. «Best Children's Books». Goodreads. 2008. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  15. https://www.azatutyun.am/a/28813524.html
  16. Marcus, Leonard S. (2005 թ․ մայիսի 15). «'Runny Babbit': Hoppity Hip». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  17. Fredericks, Anthony D. (1997). «26. The Giving Tree». The Librarian's Complete Guide to Involving Parents Through Children's Literature Grades K-6. Englewood, CO: Libraries Unlimited. էջ 28. ISBN 1563085380.
  18. Goodnough, Abby (2010 թ․ ապրիլի 16). «The Examined Life, Age 8». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  19. 19,0 19,1 19,2 Belkin, Lisa (2010 թ․ սեպտեմբերի 8). «Children's Books You (Might) Hate». "Motherlode: Adventures in Parenting" blog. New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  20. 20,0 20,1 20,2 May, William F., Amy A. Kass, Marc Gellman, Midge Decter, Gilbert Meilaender, Mary Ann Glendon, William Werpehowski, Timothy Fuller, Leon R. Kass, Timothy P. Jackson, Jean Bethke Elshtain, Richard John Neuhaus (1995 թ․ հունվար). «The Giving Tree: A Symposium». First Things. The Institute on Religion and Public Life. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. Jackson, Jacqueline; Carol Dell (1979). «The Other Giving Tree». Language Arts. 56 (4): 427–429. JSTOR 41404822. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  22. Strandburg, Walter L.; Norma J. Livo (1986). «The Giving Tree or There is a Sucker Born Every Minute». Children's Literature in Education. 17 (1): 17–24. doi:10.1007/BF01126946. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  23. Spitz, Ellen Handler (May–June 1999). «Classic children's book». American Heritage. 50 (3): 46. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  24. Prosapio, Winter (2006 թ․ մայիսի 12). «A Lesson from 'The Giving Tree'». The Christian Science Monitor. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  25. 25,0 25,1 Juchartz, Larry R (December 2003 – January 2004). «Team Teaching with Dr. Seuss and Shel Silverstein in the College Basic Reading Classroom». Journal of Adolescent & Adult Literacy. 47 (4): 336–341.
  26. The Giving Tree (1973)
  27. De boom die gaf (2002)
  28. The Giving Tree (Video 2007)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձնվեր ծառը (պատմվածք)» հոդվածին։