Անիի վարդապետարան

(Վերահղված է Անիի դպրոցից)

Անիի դպրոց, իմաստասիրական բարձր կարգի դպրոց Անի քաղաքում, կոչվել է նաև ճեմարան։ Գործել է 11–13-րդ դարերում։ Բուռն ծաղկում է ապրել Հովհաննես Սարկավագի դպրապետության օրոք՝ 12-րդ դարի սկզբին։ Ուսուցման մեջ կարևոր տեղ է տրվել քերականությանը, իսկ Իմաստասերի ժամանակ՝ նաև բնական գիտություններին։ Անիի դպրոցում ավանդվում էին լեզուներ, գրչության արվեստ, տոմարագիտություն, մաթեմատիկա, աստղաբաշխություն, իմաստասիրություն, ճարտասանություն, աստվածաբանություն, ուսումնասիրվում անտիկ աշխարհի մտածողներ Արիստոտելի, Փիլոնի և այլոց երկասիրությունները։ Անիի դպորցում դասավանդել են Հովհաննես Սարկավագի աշակերտներ Սամուել Անեցին ու Երեմիա Անձրևիկը, Մխիթար Անեցին և ուրիշներ։

Պատմություն խմբագրել

Տասներորդ դարից սկսած իր ծաղկման բուռն վերելքն է ապրում Անի քաղաքը իր զարգացող տնտեսությամբ, արհեստներով ու առևտրով, իր ճարտարապետական հոյակապ կառուցվածքով ու արվեստներով, իր շուք ու փայլով։ Զարգացման այս շրջանում, Անիում ստեղծվում են դպրոցական և գիտական հաստատություններ, ուր անարգել կերպով մուտք են գործում մի շարք նոր և վերածնվող՝ «երկրային գիտությունները»։

Անիում ուսուցանում են արտաքին-իմաստասիրական, համարողական-մաթեմատիկական ու բնական գիտություններ և այդ գիրությունների «օրենքների իմացությունը»։

Հաղբատի անունը փառաբանող նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը 12-րդ դարի սկզբներին տեղափոխվում է Անի քաղաք և կանգնում այստեղի բարձր տիպի դպրոցի գլուխ։ Այս դպրոցը միջնադարի բարձր դպրոցներից կամ ճեմարաններից մեկն էր և շատ բնորոշ ու համապատասխան էր տնտեսապես հարուստ, արհեստներով ու արվեստներով զարգացած, ճարտարապետական հոյակապ կոթողներով առատ Անի քաղաքին։ Անիի դպրոցում դասախոսություններ էին կարդում Մագիստրոսն ու ուրիշ գիտուն վարպետներ՝ փիլիսոփայության, մարդակազմության, աստղաբաշխության, երաժշտության և այլգիտություններիվերաբերյալ։ Անեցիները գիտության տարբեր բնագավառների համար տվել ենշատ անվանի փիլիսոփաներ, պատմագիրներ, ճարտարապետներ, երաժիշտներ և այլն։

Անին ունեցել է գրչության լավ օջախ, այնտեղ են հորինվել, գրվել և թարգմանվել շատ գրքեր, որոնց մի մասը մնացել է մինչև այսօր։ Սարկավագը գալիս է Անի գիտության ծանր բեռով, գիտելիքների հարուստ պաշարով, հմտությամբ ու փորձով զինված և այդ բոլոր հարստություններով լցնում է Անիի դպրատունը, իր շուրջը հավաքված ուշիմ և խոնարհ աշակերտներին ախորժելի սիրով սկսում է ուսուցանել բարդ և խորը գիտելիքներ։

Անիի դպրոցի աշխարհիկ ձգտումները խիստ ակնառու են։ Այս դպրոցում ուսուցանվող առարկաները կյանքի պահանջով են մտել այստեղ։ Անիի դպրոցը միանգամյան աշխարհիկ պահանջներին համապատասխան էր կառուցված և ամբողջապես գտնվում էր արքունիքի հովանավորության ներքո։ Անիի դպրոցում շատ խոշոր տեղ է տրվել լեզվի և հատկապես քերականության ուսուցմանը, վերջինիս համարելով գիտության բանալի, ճիշտ խոսքի և մտածողության զարգացման միջոց, գեղեցիկ խոսքի և արտասանության դաստիարակ և վերջապես գիտություն, որը հեշտացնում է այլ գիտելիքների ձեռքբերումը, որպես միջոց ուրիշ գիտելիքներ ճիշտ հասկանալու և լավ ըմբռնելու համար։  Անիի դպրոցում մեծ տեղ էր տրվում գրագիտության ուսումնասիրմանը, գրագետ մարդու համար առաջադրվում էր տարրական պահանջ, առանց սխալների գրելը, ճիշտ և առոգանությամբ կարդալը։ Անիի ուսուցիչները չէին հանդուրժում տառասխալներ և կետադրության սխալներ, ընթերցելու ժամանակ ուշադրություն էին դարձնում, որ աշակերտները կարդան առոգանությամբ և տրամաբանական շեշտով։ Այսպիսի ընթերցումը նրանք ծառայեցնում էին նաև աշակերտների ուղղախոսության և ճարտասանական ունակությունների զարգացման գործին։

Անիում  գրաճանաչության ուսուցման այնպիսի մեթոդ գոյություն ուներ, որը տարբերվում էր տվյալ ժամանակաշրջանի մեթոդներից։ Նախ աշակերտները բանավոր կերպով վարժվում էն արտասանել ձայնավոր հնչյունները, ապա սովորում էին մնացած բոլոր տառերը և նրանց անունները, սրանից անմիջապես հետո բոլոր բաղաձայնները հնչվում էին ձայնավորների, ապա ձայնավորները բաղաձայնների հետ։ Այս բոլորը կատարվում էր ցուցադրվող տառերով, ուսուցչի ղեկավարությամբ և հետո կազմվում էին վանկեր ու բառեր։

Սարկավագը ձգտում էր ամեն կերպ ուսուցումը մատչելի դարձնել, հեշտացնել այն ու հաճելի մեթոդների միջոցով դաստիարակել աշակերտների մեջ ունկնդրելու և դատելու կարողությունները։ Նա ձգտում էր դաստիարակել «Գիտուն պարզախոսներ», ընդունակ գրողներ, գրիչներ, երգիչներ և հասարակական այլ կարիքները հոգացող մարդիկ։

Անիի դպրոցում ուսուցանվում էր անտիկ աշխարհի մի շարք գիտնականների (Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի, Պյուտագորոսի և այլոց) երկասիրությունները, որոնք ըստ Սարկավագի խիստ անհրաժեշտ ու արդյունավետ գիտություններ են պարունակում իրենց մեջ  և առանց դրանց ուսուցման, կրթությունը կլիներ խիստ թերի ու պակասավոր։

Սարկավագը դառնությամբ է հիշում դաստիարակի և ծնողի կողմից ծեծի դեպքերը, հետևաբար Անիի դպրոցում նա չէր գործադրում ծեծը։ Անիի դպրոցում գործադրվել են զգուշացման խիստ միջոցներ, խրատը, համոզելը, նաև սպառնալիքները, որոնք առաջացրել են վախի ուժեղ զգացմունքներ։ Սարկավագի գլխավորած Անիի դպրոցում շատ ուժեղ էր կարգապահությունը, և այդ բոլորը կախված էր Անիի դպրապետի անվան, նրա հեղինակության, նրա գործադրած մեթոդների ու մանկավարժական տակտի հետ։

Անիի և հայաստանի այլ քաղաքներում եղել են դպրոցներ կամ դպրոցական ձևի խմբային ուսուցման վայրեր, ուր դասավանդվել են ճարտարապետական և այլ կառուցողական գիտելիքներ։ Իսկ ինչ վերաբերում է Անիին, ապա մի շարք փաստեր ասում են, որ այնտեղ եղել է առանձին ճարտարապետական, կառուցողական գիտելիքներ ուսուցանող դպրոցական տիպ։

Անիում եղել են տարբեր աստիճանի մի շարք դպրոցներ, որ Հովհաննես Սարկավագի դպրոցը եղել է բարձր տիպի, պետական հովանավորության տակ և նրա միջոցներով սնվող աշխարհիկ բնույթի դպրոց։ Անիի դպրոցի աշխարհիկ դպրոցը ապացուցվում է այդ դպրոցում ուսուցանվող առարկաներով և նրանց ուսուցման եղանակներով։ Սարկավագի ժամանակ Անիի դպրոցը կանգնած է եղել հայոց դպրոցների գլուխ։

Հայոց մայրաքաղաք Անիին խիստ վայել ու համապատասխան է եղել Սարկավագի գլխավորած բարձր տիպի դպրոցը, նա եղել է օրինակ տվողն ու միտք շարժողը հայոց մյուս դպրոցների համար։ Անիի դպրոցի գյուտը, իսկապես որ գյուտ էր հայոց մանկավարժության պատմության համար, որովհետև նա հայոց դպրոցական շղթան միացնող ամենամեծ օղակն էր։ Առանց այդ դպրոցի և Սանահնի ու Հաղբատի դպրոցների, հայոց դպրոցի հաջորդական կապը կտրված կմնար 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի վերջերը, և Հայաստանը իր այդ ժամանակի հայտնի դպրոցը չէր ունենա։

Գրկականություն խմբագրել

Աբրահամյան Ա. Գ., ՝Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, Ե., 1956։ Մովսիսյան Ա. I»., Ուրվագծեր հայ դպրոցի ե մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958։

Մովսիսյան Ա. I»., Ուրվագծեր հայ դպրոցի ե մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958։(էջ 238-251)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 412