Բացել գլխավոր ցանկը

Անդրիագործությունը հելլենիստական դարաշրջանի Հայաստանում

Անդրիագործություն և գեղարվեստական քանդակ։ Հայ հին արվեստի այս բնագավառը կարելի է բաժանել երկու ճյուղի՝ այն է՝ անդրիագործություն կամ արձանգործություն և գեղարվեստական քանդակ( հարթաքանդակ, բարձրաքանդակ) քարի կամ փայտի վրա։ Եթե արձանագործությունը հին Հայաստանում կապված էր գերազանցապես պաշտամունքի հետ, ապա գեղարվեստական քանդակը ծառայում էր հիմանականում ճարտարապետական հուշարձանների հարդարման նպատակին, թեև այս քանդակներն էլ արտահայտում էին կրոնական, սոցիալական և այլ գաղափարներ։

Հին Հայաստանի արձանագործությունԽմբագրել

Հին Հայաստանի արձանագործության վերաբերյալ մեր տեղեկությունները հենվում են առավելապես գրավոր աղբյուրների վրա, իսկ հուշարձանների նմուշներից պահպանվել են առանձին, այն էլ ոչ ամբողջական գործեր[1]։ Հին Հայաստանի պաշտամունքային պանթեոնի բազմաթիվ աստվածությունների արձանները կամ կուռքերը դրվում էին հեթանոսական տաճարներում՝ մեհյաններում։ Դրանք պատրաստվում էին տարբեր տեսակի քարերից, փայտից, պղնձից և այլ նյութերից։ Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիրում, որը միաժամանակ պաշտամունքային խոշոր կենտրոն էր, ավանդական Վաղարշակ թագավորը, պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ՝ մեհյան շինելով, արձաններ է կանգնեցնում Արեգակին, Լուսնին և իր նախնիներին։ Նման արձաններ շատ կային երկրի տարբեր գավառներում կառուցված մեհյաններում։ Երկնքի և երկրի արարիչ և բոլոր աստվածների հայրը համարվող Արամազդի արձանը կանգնեցված էր Եփրատի ափին գտնվող հին Անի ամրոցում։ Պլինիոս Ավագը իր « Բնական պատմության» մեջ հաղորդում է, որ Անահիտի ոսկյա արձանը (Եկեղյաց գավառի Երիզա ավանում) ջարդ ու փշուր արեցին և ոսկին իրենց մեջ բաժանեցին Անտոնիոսը և նրա զորքերը։ Դրանից հետո, սակայն, նույն տեղում նորից ոսկյա արձան է դրվել։ Հայոց բոլոր աստվածներն ունեին իրենց մեհյանները և արձանները։ Հայկական պանթեոնի աստվածների համադրումը հունականների հետ հնարավոր է դարձնում բերել համապատասխան արձաններ դրսից՝ հելլենիստական երկրներից և կանգնեցնել հայկական մեհյաններում։ Խորենացին գրում է, թե Արտաշեսը (իմացիր՝ Տիգրանը) դեպի արևմուտք իր արշավանքի միջոցին՝ « Ասիայում գտնելով Արտեմիդեի, Հերակլի և Ապոլոնի պղնձաձույլ ոսկեզօծ արձանները, բերել է տալիս մեր աշխարհը, որպեսզի կանգնեցնի Արմավիրում։

 
Մարմարե արձանի ոտքի մաս

Քրմապետերը, որոնք Վահունիների ցեղից էին, Ապոլոնի և Արտեմիդեի արձաններն առնելով կանգնեցրին Արմավիրում, իսկ Հերակլեսի արձանն իրենց նախնի Վահագնը համարելով՝ կանգնեցրին իրենց սեփական Աշտիշատ գյուղում»[2]։ Խորենացու ասելով, Էլլադայից( Հունաստան) ևս Հայաստան են բերվում Դիոսի(Զևսի), Արտեմիդեի, Աթենասի, Հեփեստոսի և Ափրոդիտեի արձանները, որոնք կանգնեցվում են նրանց տաճարներում։ Տիգրանը, այնուհետև, «... իջնում է Միջագետք, այնտեղ գտնելով Բարշամինի արձանը, որ շինված էր փղոսկրից և բյուրեղից և արծաթով կազմված, հրամայում է տանել կանգնեցնել Թորդան ավանում»։ Աստվածացվում էին նաև արքաներն ու նրանց նախնիները, որոնց արձանները նույնպես դրվում էին մեհյաններում[3]։ Վաղարշակը կերտել է տալիս իր նախնիների արձանները։ Սանատրուկի մասին պատմվում է, թե նա մեծ ծախսերով վերաշինեց երկրաշարժից ավերված Մծբին( թերևս Մծուրն) քաղաքը և քաղաքում կանգնեցրեց իր արձանը՝ ձեռքին մի դրամ, իբրև թե գանձերը ամբողջովին ծախսվել են՝ այս է մնացել։ Գրավոր աղբյուրների վկայությունները, որքան էլ սակավ, թույլ են տալիս որոշ գաղափար կազմելու արձանների նյութի և կերտման տեխնիկայի մասին։ Ագաթանգեղոսը վկայում է, թե դեռևս հեթանոս Տրդատը հարկադրում է քրիստոնեությունը ծածուկ պաշտող Գրիգոր Պարթևին երկրպագելու հեթանոսական կուռքերին, իսկ Գրիգորը պատասխանում է. « Կուռքերի մասին, որ ասում ես, որոնց աստված ես կոչում, իսկապես որ շինվածքներ են, որովհետև հորինված են մարդկանց կողմից և դարձել են պատկեր հմուտ վարպետների ձեռքով, ոմանք փայտյա են, ոմանք քարից են, ոմանք պղնձից, ոմանք ոսկուց»[4]։ Գրիգոր Պարթևը սնոտի համարելով կռապաշտությունը, հորդորում է Տրդատ արքային՝ հրաժարվել նրանից, ասելով. « Հրաժարվեցեք այսուհետև քարեղեն և փայտեղեն, արծաթեղեն և ոսկեղեն պղնձաձույլ պատկերների պիղծ պաշտամունքից, որովհետև սուտ են ու սնոտի»։ Խոսելով մեհյանների և նրանց մեջ եղած կուռքերի արձանների կործանման մասին Ադաթանգեղոսը գրում է. « Եվ այսպէս բազմաթիվ տեղերից վերացվեցին գայթակղեցուցիչ անմռունչ, ձուլյալ, կռյալ, կոփյալ, քանդակյալ, անպիտան, անօգուտ, վնասակար արձանները, որոնք պատրաստված էին ցնորված մարդկանց անմտությամբ և սրտմտորեն դարձյալ հաստատված էին հավատքի մեջ»։ Պետք է ենթադրել, որ Հայաստանում պատրաստված հին արձանների մեծամասնությունը տեղական ավանդական և հին արևելյան արվեստի, իսկ Հունաստանից և Փոքր Ասիայից բերված արձանները՝ հելլենիստական արվեստի նշանավոր գործեր էին։ Դրանք ոչ միայն նոր ճաշակ զարգացրին, այլև անշուշտ ազդեցություն գործեցին տեղական արձանագործ վարպետների վրա։

Գտնված արձաններԽմբագրել

Դժբախտաբար, քրիստոնեությունն ընդունելիս, այդ արձանները կործանվեցին, ջարդուփշուր արվեցին, ուստի պահպանվել են դրանց աննշան հետքերը միայն։ Քարե արձանների գլուխներ գտնվել են Դվինի, Երևանի մերձակայքում, Սյունիքում և այլուր։ Դրանք պատրաստված են տուֆ քարից, բոլորի դեմքերն էլ խորաքանդակ են՝ փոս ընկած, աչքերի խոռոչը ավելի խորը հավանաբար այլ քարից կամ նյութից ագուցվող աչքեր են ունեցել։ Քիթը և ճակատը, ընդհակառակը, դուրս ընկած են։ Դրանք հավանաբար, պաշտամունքային կուռքեր են, թերևս, թագավորների ու մեծամեծների նախնիների քանդակներ։

 
Արձանի գլուխ տուֆից, Դվին

Դվինում գտնված՝ թուխ գույնի տուֆից պատրաստված գլխի մասին ավելի որոշակի կարելի է ասել։ Երկարուկ, դեպի վեր նեղացող գլխարկը իր ձևով հիշեցնում է Արտաշեսյանների թագը և այդ ժամանակաշրջանում Հայաստանի հետ, քաղաքականապես և մշակույթով սերտորեն կապված Կոմմագենեի Անտիոքոս արքայի խույրը՝ Նեմրութ լեռան քանդակներում։ Արձանների այդ գլուխները իրենց ձևով, ոճով, արվեստով, կատարման տեխնիկայով ներկայացնում են Հին Հայաստանի արձանագործության ուղղություններից մեկը՝ ժողովրդական-ավանդական ուղղությունը։

Արձանագործության երկրորդ ուղղությունԽմբագրել

Արձանագործության երկրորդ ուղղությունը հելլենիստականն էր։ Դրսից Հայաստան բերված արձանները, որոնք հիշատակվում են աղբյուրներում, թեև տեղում չէին պատրաստված, այնուամենայնիվ, համապատասխանում էին իշխող վերնախավի ճաշակին և սպասարկում էին նրա պաշտամունքային և գեղագիտական պահանջները։ Անկասկած, բացի դրսից բերվածներից, տեղում էլ պատրաստվել են արձաններ, որոնք ունեցել են հելլենիստական կոչվող արվեստի բնորոշ գծերը։ Այդ արվեստի նշանավոր հուշարձաններից է այսպես կոչված «Անահիտի» արձանի գլուխը, որը գտնվել է Արևմտյան Հայաստանում (Սատաղի մոտ) և պահվում է Լոնդոնում՝ Բրիտանական թանգարանում։ Բնականից մեծ այս գլխի մազերի նուրբ ալիքավոր սանրվածքը, բոլորակ դեմքը, մեղմ հայացքը, հազիվ նկատելի քնքուշ ժպիտը առանձին հմայք են հաղորդում նրան։ Այս բարձրարվեստ ստեղծագործությունը մի շարք գծերով մոտենում է փոքրասիական մ. թ. ա. II դարի քանդակներին, մասնավորապես Արտեմիսի կերպարին, ուստի և պատահական չէ, որ այն նույնացվել է Անահիտի հետ։ Գառնիում գտնվել են մարմարից պատրաստված արձանների բեկորներ, որոնք ավելի ուշ ժամանակների (II—III դարեր) հելլենիստական քանդակների մնացորդներ են։

 
Կավե արձանի բեկոր, Գառնի

Հելլենիստական արվեստի համար խիստ բնորոշ են հարևան Կոմմագենեի քանդակները, որոնք հայտնաբերվել են Նեմրութ լեռան վրա։ Այդ քանդակները՝ դեմքերի ցայտուն հելլենիստական կերպավորման հետ միասին, պատկերված են տիպական աքեմենյան, կոմմագենյան զգեստներով և խույրերով, իսկ Անտիոքոս արքայի խույրը հայկական է, նման Տիգրանի խույրին։ Ծոփքի և Մեծ Հայքի թագավորների հատած դրամների վրա դրվագված արքաների պատկերները ցույց են տալիս, որ տեղական և հելլենական արվեստի փոխթափանցմամբ ստեղծվող հելլենիստական մշակույթի նմուշների վրա մի դեպքում կարող են հելլենական գծերը ավելի ցայտուն և տիրապետող լինել, մյուս դեպքում՝ տեղական գծերը։ Երևանից մի քանի կիլոմետր դեպի արևելք գտնվել է մի արձանի գլուխ, պատրաստված դեղնավուն քարից, որը տուֆակերտ մյուս գլուխներից տարբերվում է ավելի կատարյալ մշակմամբ, համամասնությամբ և արտահայտչականությամբ։ Նրա վրա տիրապետում են տեղական գծերը, թեև նկատելի է նաև դիմանկարային արձանագործության որոշակի ազդեցությունը։ Այն աշխարհիկ մարդու քանդակ է։ Տեղական քարից կերտված մի արձանի գլուխ էլ հայտնաբերվել է Լենինականից ոչ հեռու՝ Դարբանդ գյուղում։ Այն կնոջ գլուխ է, ուշագրավ մազերի դեպի ետ սանրվածքով։ Երևանում և Դարբանդում գտնված գլուխները ցույց են տալիս, որ II—III դարերում հայ քանդակագործները հաղթահարել են տափակ դեմքով քանդակների ավանդական ձևերը և ստեղծել բավականաչափ բարձրարվեստ գործեր։ Հին Հայաստանում եղել են նաև կաղապարի օգնությամբ կավից թափված և թրծված, այսպես կոչված, տերրակոտային արձանիկներ։ Դրանց մի քանի նմուշները գտնվել են հին Վաղարշապատում, Գառնիում ու Արտաշատում և ունեն I—II դարերի անտիկ կավե արձանիկներին բնորոշ ձևեր։ Դրանք թվում կան թե՛ Ասորիքից ու Փոքր Ասիայից ներմուծված և թե՛ տեղում պատրաստված արձանիկներ։

Քարի գեղարվեստական քանդակԽմբագրել

Բացի ծավալային արձանագործությունից Հին Հայաստանում զարգացած էր նաև քարի գեղարվեստական քանդակը։ Դրա լավագույն նմուշներն են Գառնիի հեթանոսական տաճարի ճոխ ու շքեղ զարդերը։ Ոճավորված բուսական ու երկրաչափական քանդակները կատարված են մեծ արվեստով՝ բարձրաքանդակ ցցուն ու պլաստիկ ձևերով, մեղմ փոխանցումներով և դասական կատարելությամբ։ Ռելիեֆ հյուսվածքները հաճախ արված են թափանցիկ փորագրությամբ։ Աոաջին հայացքից քանդակները աչքի են ընկնում ձևերի՝ ու մոտիվների միասնությամբ, իսկ մանրազնին դիտումներով երևան է գալիս ձևերի ու մոտիվների վերին աստիճանի հարուստ բազմազանությունը։ Այսպիսով, միասնության մեջ ներդաշնակող ձևերի բազմազանությունը, որն այնքան բնորոշ է հայկական արվեստին, երևան է գալիս դեռևս հին շրջանի արվեստի մեջ։

 
Մարմարե արձանի իրանի մաս

Գառնիի հեթանոսական տաճարի քանդակների թվում կան և մարդկային պատկերներ։ Դրանք երկու երիտասարդ ատլանտներ են, որոնց բարձրաքանդակները տեղադրված են տաճարի աստիճաններից աջ և ձախ բարձրացող պատերի ճակատին։ Դժբախտաբար այդ քանդակների գլուխները դեռևս հնում ջարդել են, եղծել են, իսկ տեղի անհարմարության պատճառով նրանց ոտքերի համամասնությունները խախտված են։ Այնուամենայնիվ, նրանց մարմինների անատոմիական ընդգծված պատկերումը դրական վկայություն է այդ քանդակների արվեստի մասին։ Գառնիի տաճարը Հին Հայաստանի հելլենիստական բնույթի միակ քանդակազարդ շենքը չէ. նման շենքեր եղել են Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Դրան իբրև վկայություն կարող է ծառայել այն, որ 1958 թվականին Վաղարշապատում, 618 թվականին կառուցված Հռիփսիմե տաճարի ներսում գտնվեցին Գառնիի քանդակներին միանգամայն նման քանդակներով զարդարված քիվի երեք քար։ Որոնք վերցվելով ինչ-որ հին շենքի ավերակներից, երեսն ի վար դրվել են քրիստոնեական տաճարի որմնամույթերի հիմքերում։ Շենքերը քանդակներով զարդարվում էին նաև ներսից։ Գաոնիի պեղումների ժամանակ գտնվել են մարմարի հարթաքանդակների, քանդակազարդ քիվերի և այլ բեկորներ։ Դրանք կատարված են բարձր արվեստով, անտիկ բարձրաքանդակների նմանությամբ, և ինչպես կարելի է դատել նրանց փոքր չափսերից, ծառայել են իբրև շենքերի ներսի ճարտարապետական հարդարանք։ Այդպիսի փոքր քիվեր կարող էին ունենալ շենքերի դռների, խորշերի պարակալները, արձանների պատվանդանները, շենքերի ներսում զետեղված ավազանները և մարմարի սարկոֆագները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ն. Առաքելյան, Քանդակագործությունը Հին Հայաստանում, 1969
  2. Խորենացի Բ, ժբ
  3. Խ. Սարգսյան, Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, 1966
  4. Ագաթանգեղոս, 71