Անդրեա Պիզանո (իտալերեն՝ Andrea Pisano, 1290[1][2], Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1348[1], Օրվեիտո, Սրբազան Հռոմեական կայսրություն)[5][6], հայտնի է նաև Անդրեա դա Պոնտեդերա (Andrea da Pontedera) անունով, վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի ոսկերիչ, քանդակագործ, ճարտարապետ։

Անդրեա Պիզանո
իտալ.՝ Andrea Pisano
Դիմանկար
Ծնվել է1290[1][2]
ԾննդավայրՊոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1348[1]
Մահվան վայրՕրվեիտո, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԵրկերOrvieto Cathedral?
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
ԵրեխաներNino Pisano?[3] և Tommaso Pisano?[4]
Commons-logo.svg Andrea Pisano Վիքիպահեստում
Ֆլորենցիայի մկրտարանի համար Պիզանոյի արած զարդաքանդակներից

ԿենսագրությունԽմբագրել

Պիզանոն նախ տիրապետել է ոսկերչի արհեստին[7], ապա, մոտավորապես 1300 թվականից, աշակերտել է պիզացի քանդակագործ Մինո դի Ջովանիին, դարձել վերջինիս օգնականը, և միասին արձաններ են կերտել Պիզայի Սանտա Մարիա դելլա Սպինա (S. Maria della Spina) եկեղեցում և այլուր։ Քանդակագործական իր գլխավոր աշխատանքները Պիզանոն իրականացրել է Ֆլորենցիայում։ Ընդ որում՝ դրանցում առավել զգալի է Ջոտտոյի (Giotto di Bondone), քան իր նախկին վարպետի՝ դի Ջովանիի ազդեցությունը։ Ֆլորենցիայի Սան Ջովանի մկրտարանի (Battistero di San Giovanni) բրոնզաձույլ և ոսկեզօծ երեք հանրահայտ դռներից հարավային կողմում գտնվողը Պիզանոյի աշխատանքներից է։ Վեց տարում՝ 1330-1336 թվականներին պատրաստված այդ դուռը զարդարված է 28 հարթաքանդակներով, որոնց մի մասը այլաբանորեն ներկայացնում է արատներն ու առաքինությունները, մյուսները պատկերում են տեսարաններ Հովհաննես Մկրտչի կյանքից[8]։

Ֆլորենցիայում գտնված տարիներին Պիզանոն կերտել է նաև մարմարե արձաններ, որոնցում ակնհայտ դրսևորված է Ջոտտոյի ազդեցությունը։ 1340 թվականին նա փոխարինել է Ջոտտոյին Ֆլորենցիայի տաճարի աշխատանքները ղեկավարողի պաշտոնում[5]։ Այստեղ նա, հավանաբար՝ ըստ վարպետի թողած գծագրերի, մարմարե կամ մետաղյա տախտակների վրա քանդակել է չորս մեծ մարգարեներին, յոթ առաքինությունները, յոթ մահացու մեղքերը, ողորմածության յոթ գործերը, յոթ մոլորակները։ Իսկ Ջոտտոյի նշանավոր աշտարակում՝ Մեծ կամպանիելում, այդ կարգի փորագրաքանդակներից զատ, նա կերտել է մարմարե արձաններ։

1347 թվականին Անդրեա Պիզանոն նշանակվել է Օրվիետոյի տաճարի աշխատանքների ղեկավար (գործերի կառավարիչ)[5][8], այդտեղ նույնպես մի շարք զարդաքանդակներ հեղինակել։ Նրա ճարտարապետական աշխատանքներից հիշատակման արժանի են Սկարպերիա ամրոցը Ապենինյան լեռների ստորոտում՝ Մուջելլոյում, մկրտարանը (բապտիստերիան) Պիստոյայում և մի քանի շենք Ֆլորենցիայում։ Ենթադրվում է, որ Վենետիկի զինանոցը ևս կառուցվել է նրա պատրաստած գծագրերի հիման վրա։

Արվեստի պատմաբանները գտնում են, որ Անդրեա Պիզանոն իր ողջ ստեղծագործությամբ զգալի ավանդ է ներդրել նոր ժամանակների արվեստը բյուզանդականի ազդեցությունից ազատելու գործում։ Պատահական չէ, որ Ջորջո Վազարին նրա կենսագրությունն ընդգրկել է լավագույն նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների մասին իր նշանավոր աշխատության մեջ։

Պիզանոն մահացել է 1348 թվականին՝ զոհ դառնալով ժանտախտի համաճարակին[5]։

Նրա լավագույն աշակերտները եղել են Անդրեա դի Չոնեն՝ Օրկանյան և Ջովանի դի Բալդուչոն (վերջինս հայտնի է որպես Միլանի Sant'Eustorgio բազիլիկ եկեղեցուն կից մի սրբավայրի հեղինակ[8]):

Պիզանոյի երկու տղաները՝ Նինոն և Տոմազոն[8], նույնպես արվեստագետներ էին և իրենց հոր մահից հետո փոխարինել են նրան Օրվիետոյի տաճարի գործերի կառավարչի պաշտոնում։

ԳրականությունԽմբագրել

  • Лазарев В. Н. Происхождение итальянского Возрождения, т. 2. М., 1959

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Athenaeum
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Union List of Artist Names — 2019.
  4. https://www.treccani.it/enciclopedia/tommaso-pisano_%28Dizionario-Biografico%29/
  5. 5,0 5,1 5,2 5,3 Huntley G. Haydn (1976)։ «Pisano, Andrea»։ in William D. Halsey։ Collier's Encyclopedia 19։ New York: Macmillan Educational Corporation։ էջ 82 
  6. Murray, P. & L. (1996). Dictionary of art and artists. Penguin Books. 0-14-051300-0.
  7. wstitle=Andrea Pisano}}
  8. 8,0 8,1 8,2 8,3   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Pisano, Andrea»։ Encyclopædia Britannica 21 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 647–648 

Արտաքին հղումներԽմբագրել