Անարզաբայի պաշտպանություն

Անարզաբայի պաշտպանություն, Անարզաբա քաղաքի բնակչության և զորքերի պաշտպանական մարտերը բյուզանդական ու սելջուկ-թուրքական զորքերի դեմ։ Լևոն Ա իշխանը Բյուզանդիայից գրավեց Կիլիկիայի ծովափնյա քաղաքները։ 1136 թ.-ին նրա զորքերը պաշարեցին Սելևկիա քաղաքը։ Լևոն Ա-ի ձեռնարկումները, սակայն, խափանվեցին Բյուզանդիայի նոր արշավանքով։ Հովհաննես Կումնենոս կայսրը մեծ բանակով Միջերկրական ծովի վրայով 1137 թ.-ին ներխուժեց Կիլիկիա։ Հայկական զորքերը թողեցին Սելևկիան և ետ քաշվելով ամրացան Անարզաբայում, մասամբ էլ Վահկա բերդում։ Բյուզանդացիներին դաշնակցում էին սելջուկ-թուրքական զորամասերը, որոնք առաջինը հարձակվեցին Անարզաբայի վրա։ Հայկական ուժերին հաջողվեց նրանց ետ շպրտել։ Այնուհետև սկսվեց քաղաքի 35-օրյա պաշտպանությունը։ Բազմաթիվ զոհերի գնով թշնամուն հաջողվեց քանդել արտաքին պարիսպը և ներխուժել քաղաք, ուր կատաղի մարտեր բռնկվեցին միջնաբերդի համար։ Հայկական ուժերը գիշերով ճեղքեցին թշնամու պաշարման օղակը և դուրս եկան քաղաքից։ Բայց շուտով ընկան նոր շրջապատման մեջ։ Լևոն Ա-ն զինվորների փոքրաթիվ խմբով անձնատուր եղավ, որդիների`Թորոսի, Ռուբենի հետ գերի տարվեց։ Անարզաբայի անկումից հետո շուրջ 7 տարի (մինչև Թորոսի գերությունից ազատվելը և Ռուբինյանների իշխանության վերականգնվելը) տիրում էր Կիլիկիային`նրա բերդերում ու քաղաքներում պահելով մոտ 20 հզ. զինվոր։ Անարզաբայի պաշտպանությունը պետական անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղ.Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, 2 հրտ., Վաղ–պատ, 1898
  • Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 376