HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)

Անանե, Զենոն-Արտաշեսի (Արշամայի) որդին։ Մ.թ. 37-ին Կալիգուլա կայսեր կողմից կարգվել է Հայոց թագավորությունից անջատված՝ Օսրոյենեի թագավորության գահակալ՝ կրելով Աբգար տիտղոսը (Աբգար Զ)։ Իր ամբողջ թագավորության ընթացքում մնացել է Հռոմին հավատարիմ, և եղել նրա հլու կամակատարը։ Ըստ Մ. Խորենացու գրի առած ավանդության՝ ընդունել է հռոմեական դիցարանի աստվածությունների պաշտամունքը և հալածանքներ սկսել իր հոր կողմից հովանավորության արժանացած քրիստոնեական կրոնի և նրա քարոզիչների դեմ։ Նույն պատմիչի վկայությամբ՝ Անանեն (Անանուն) դառնալով Եդեսիայի թագավոր՝ պատվիրել է Թադեոս առաքյալի աշակերտ Ադդեին, իր համար բեհեզից թագավորական խույր կարել ոսկե բանվածքով, ինչպես առաջ անում էր իր հոր համար։ Սակայն Ադդեն հրաժարվել է՝ ասելով. ՙԻմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար՚։ Անանեն իսկույն հրամայում է իր զինակիցներից մեկին, որ սրով կտրի Ադդեի ոտքերը։ Զինվորը կատարելով թագավորի հրամանը, սրով կտրում է Ադդեի սրունքները և սպանում նրան։

Մ.թ. 75-ին Մեծ Հայքի թագավոր Տրդատ Ա Արշակունուն հաջորդած Սանատրուկ Արշակունին (որը Անանեի մորեղբոր տղան էր), իր իշխանության 3-րդ տարում ռազմական արշավանք է նախապատրաստում Հռոմեամետ Անանեի դեմ՝ Օսրոյենեի թագավորությունը Մեծ Հայքին վերամիավորելու նպատակով։ Սակայն անակնկալ դիպվածով, երբ Անանեն՝ Եդեսիայի իր ապարանքի վերնատանը մարմարե սյուն էր կանգնեցնել տալիս՝ սյունը բռնողների ձեռքից պոկ գալով ընկնում է Անանեի վրա և իր տակ ճզմելով սպանում նրան։ Այս դիպվածից հետո Եդեսիայի ավագանին հոժարակամ Օսրոյենեի թագավորության իշխանությունը հանձնում է Հայոց Սանատրուկ թագավորի տնօրինությանը։

ԱղբյուրներԽմբագրել

  • Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց» -1968թ.
  • ՀՍՍՀ ԳԱ «Հայ ժողովրդի պատմություն» -1971թ. Հատոր 1-ին, էջ 766
  • Ա. Ե. Մխիթարյան «Հաբեթի սերունդները» -2002թ.