Այծեմնիկ Ուրարտու
Այծեմնիկ Ուրարտու, Համազասպի (օրիորդական ազգանունը՝ Տեր-Խաչատրյան, սեպտեմբերի 15 (27) 1899 թվականին, Կարս - դեկտեմբերի 17, 1974, Երևան), հայ խորհրդային քանդակագործ։ 1956 թվականից ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1960 թվականից ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ կին քանդակագործն է[2]։
Այծեմնիկ Ուրարտու | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1899[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1974 |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (1925) |
Ստեղծագործություն(ներ) | Կժով աղջիկը |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Aytsemnik Urartu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1899 թվականին Կարսում մանկավարժի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստավրոապոլ, որտեղ մինչև ութերորդ դասարան սովորել է տեղի գիմնազիայում:1918 թվականից հաճախել է Ստավրոպոլի Լիշչենկոյի նկարչական ստուդիան։ 1921-1925 թվականներին սովորել է Բաքվի Պետական բարձրագույն գեղարվեստական դպրոցում՝ Ստեփան էրզիաի քանդակագործական արվեստանոց, հետագա կրթությունը շարունակել է Մոսկվայում[2]։ Առաջին անգամ ցուցադրվել է 1926 թվականին, Մոսկվայում՝ Ռուս քանդակագործների ընկերության (ՕՌՍ) ցուցահանդեսում («Անապաստանը», «Հանգիստ»)[3]։ Այդ գործերով, որոնք առաջին անգամ ստորագրել է Ուրարտու կեղծանունով, քանդակագործուհին իրեն դրսևորել է իբրև իրականությունը ռեալիստորեն ընկալող, մարդկային մարմնաձևերի պլաստիկությունը նրբորեն վերարտադրող արվեստագետ։
Հայաստանում
խմբագրել1926 թվականին Ուրարտուն տեղափոխվել է Երևան, նպաստել Մովետական Հայաստանի մշակութային կյանքի և ազգային ռեալիստական քանդակագործության զարգացմանը։ 1926-ական թվականների 2-րդ կեսից և 1930-ական թվականների սկզբին Ուրարտուն աշխատել է մոնումենտալ պրոպագանդայի բնագավառում (Մ․ Շահումյանի արձանը, 1928, չի պահպանվել), միաժամանակ ստեղծել ժամանակակիցների հաստոցային դիմաքանդակներ («Պատանին», մարմար, 1930, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան, «Դիվիզիայի հրամանատար Աթոյան», 1933, գրանիտ, Ուրարտուի նախկին արվեստանոց)։ 1930-ական թվականներին կերտել է «Սասունցի Դավիթ»-ը (բրոնզ, 1935), «Անուշ» (մարմար, 1938, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում), «Ալմաստը» (բրոնզ, 1937, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Երևան)։ Դրանք, ինչպես և Ուրարտուի շատ այլ գործեր, քնարականության գծեր են ներմուծել հայ քանդակագործության մեջ։ 1939 թվականին Ուրարտուն ստեղծել է «Կժով աղջիկը» մոնումենտալ–դեկորատիվ քանդակը (բազալտ), որը տեղադրվել է Քանաքեռի խճուղու սկզբնամասում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծել է խորհրդային մարդկանց հայրենասիրության և հերոսության թեմաներով կոմպոզիցիոն գործեր (բոլորաքանդակներ և բարձրաքանդակներ), հատկապես՝ ժամանակակիցների դիմաքանդակներ («Նկարչուհի Ս. Ղարագյոզյան», մարմար, 1942, «Ջութակահար Ա․ Գաբրիելյան», երանգավորված գիպս, 1943, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ)։ Ետպատերազմյան տարիներին մինչև 1960-ական թվականներին Ուրարտուն զարգացրել է դիմաքանդակի ժանրը, կերտել մտավորականների, գյուղի և արտադրության մարդկանց կերպարներ, որոնցից նշանակալից է իր ամուսնու՝ ակադեմիկոս Ա․ Հովհաննիսյանի դիմաքանդակը (բրոնզ, 1948, Հայաստանի պետական պատկերասրահ)։ Ստեղծել է նաև կոմպոզիցիոն բարձրաքանդակներ («Առատություն», երանգավորված գիպս, 1961)։ Վերջին աշխատանքներից է Մովսես Խորենացու արձանը (բրոնզ, 1962, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)[4]։
Ընտանիք
խմբագրելԱյծեմնիկ Ուրարտուն մտերիմ է եղել հայտնի բոլշևիկ, պատմաբան Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանի հետ, որը 1922-1927 թվականներին եղել էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը, հետագայում` Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս։ 1937 թվականի ստալինյան բռնաճնշման օրերին Հովհաննիսյանին բանտարկել և աքսորել են։ 1943 թվականին Հովհաննիսյանին ազատել են բանտից, և մեկ տարի անց՝ 1944 թվականին Այծեմնիկ Ուրարտու և Հովհաննիսյան ամուսնացել են[3]։
Այծեմնիկ Ուրարտուն երկար տարիներ տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Մահացել է Երևանում 1974 թվականին[3]։
Ստեղծագործություններ
խմբագրել- Հանգիստ, 1926,
- Անապաստանը, 1926,
- Առաջ, 1927,
- Երգչուհի Վերա Դուխովսկայայի դիմապատկեր, 1927,
- Ավետիք Իսահակյանի պորտրետ, 1929,
- Դեռահասը, 1929-32,
- Անուշը 1934,մարմար
- Հովհաննես Թումանյան 1934-1938 թթ.հուշարձան
- Կժով աղջիկը 1939
- Մովսես Խորենացի 1934
- Նկարչուհի Ս. Կարագոզյան, 1934,
- Ստեփան Շահումյանի կիսանդրի , 1934,
- Մրգերով աղջիկը, 1931-34,
- Անուշ, 1938,
- Հովհաննես Թումանյանի արձանի կոմպոզիցիոն մակետ, 1938,
- Մսրա Մելիք և Սասունցի Դավիթ, 1938,
- Սասունցի Դավիթ, 1939,
- Մայոր Անտոնովի , 1941,
- Ջութակահար Ավետ Գաբրիելյան , 1942,
- Վիրաբույժ Ա. Քեչեկ, 1943,
- Բերքահավաք, 1945
- Մարտիրոս Սարյանի դիմապատկեր, 1947
- Աշոտ Հովհաննիսյանի դիմաքանդակ, 1948,
- Առատություն, 1961,
- Մովսես Խորենացու արձան, 1962
Պատկերասրահ
խմբագրել-
Անուշը
-
Հովհաննես Թումանյանի կիսանդրին Դսեղում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=12485
- ↑ 2,0 2,1 «Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ քանդակագործուհին… Այծեմիկ Ուրարտու (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայ կինը և 20-րդ դարը․ Այծեմնիկ Ուրարտու․ առցանց ցուցահանդես – Գյոթե կենտրոն». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Հայկական Սովետական Համրագիտարան, Երևան, 1986, հատոր 12, էջեր 275-276
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծեմնիկ Ուրարտու» հոդվածին։ |