Ամպերմետր, ամպերաչափ, էլեկտրական հոսանքի ուժը չափելու գործիք։ Ամպերմետրի ցուցանակի վրա գրվում է «A» կամ mA – միլիամպերմետր, kA – կիլոամպերմետր։ Հոսանքի շղթային միացվում է հաջորդաբար և ունի անհամեմատ ավելի փոքր դիմադրություն, քան շղթայի դիմադրությունն է։ Հոսանքի մեծությունը որոշվում է Ամպերմետրի սլաքի շեղումով, որը կատարվում է հոսանքի էլեկտրադինամիկական կամ ջերմային ազդեցությամբ։ Ամպերմետրում օգտագործում են մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրադինամիկ, ջերմային, ինդուկցիոն, դետեկտորային, թերմաէլեկտրական և ֆոտոէլեկտրական համակարգերի չափիչ սարքեր։

Ամպերմետր

Ամպերաչափային տիտրումը քանակական անալիզի էլեկտրաքիմիական եղանակ է։ Պոլյարոգրաֆիական եղանակի ձևափոխումն է։ Տիտրման վերջնակետը որոշվում է լուծույթով անցնող սահմանային դիֆուզիոն հոսանքի ուժի փոփոխությունը չափելու միջոցով։ Եթե տիտրվող նյութը էլեկտրոդի վրա վերականգնվում կամ օքսիդանում է, ապա, ըստ լուծույթից նրա հեռացման չափի (նստվածքագոյացման, օքսիդացման-վերականգնման, կոմպլեքսագոյացման կամ չեզոքացման ռեակցիաների միջոցով), հոսանքը փոքրանում է։

Վերջնակետին հասնելուց հետո հոսանքն այլևս չի փոխվում։ Եթե էլեկտրոդային ռեակցիային մասնակցում է միայն ռեակտիվը, ապա հոսանքը ռեակցիայի վերջնակետից հետո աճում է։ Ամպերաչափությունը թույլ է տալիս որոշել իոնների և վերականգնվելու կամ օքսիդանալու ունակ նյութերի փոքր քանակները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպերմետր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 329