Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի ընտրություններ
Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի ընտրությունները տեղի ունեցան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Արդյունքում կաթողիկոս ընտրվեց 1998 թվականի նոյեմբերի 30-ից Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին Բ-ն։ Մինչ այդ ամենայն հայոց հայրապետը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Քեսաբցին էր, ով մահացել էր 1999 թվականի հունիսի 29-ին։ Գարեգին Բ-ն ձեռնադրվեց նույն տարվա նոյեմբերի 4-ին։
Նախապատմություն
խմբագրել1995 թվականի ապրիլի 3-ից մինչև 5-ը տեղի ունեցան Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրությունները, որի արդյունքում հայրապետ է ընտրվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա։ Այդ ընտրությունների առաջին քվեարկության ժամանակ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավաքեց 123 ձայն դառնալով առաջատարը, երկրորդ տեղում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն 111 ձայնով, սակայն երկրորդ քվեարկության ժամանակ առաջատար է դառնում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն 186 ձայնով, երկրորդ տեղում թողնելով Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ 145 ձայնով։ Երրորդ քվեարկություն տեղի չունեցավ, քանի որ միակ մրցակից թեկնածու դարձած Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը կոչ արեց ավարտելու քվեարկությունը։ Այդպիսով կաթողիկոս դարձավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ն Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին նշանակեց Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ։ Գարեգին Ա Քեսաբցին վախճանվում է 1999 թվականի հունիսի 29-ին։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին գումարվում է 450 պատգամավորից կազմված Ազգային-եկեղեցական սրբագումար ժողով։ Այս կաթողիկոսական ընտրության ժամանակ, քանի որ ի սկզբանե թեկնածուները երկուսն են եղել, ժողովում որոշում է կայացվել ընտրված համարել նրան, ով կհատեր առկա 450 ձայների հիսուն տոկոսը՝ գումարած մեկ սահմանագիծը, այսինքն՝ 226 ձայն։
Արդյունքներ
խմբագրելԹեկնածու | Ձայներ |
---|---|
Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան | 276 |
Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան | 163 |
Անվավեր | 11 |