Քարազկեռի կլորատերև

բույսերի տեսակ
(Վերահղված է Ամելանխիեր կլորատերևից)
Քարազկեռի կլորատերև
Քարազկեռի կլորատերև
Քարազկեռի կլորատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Քարազկեռի (Amelanchier)
Տեսակ Քարազկեռի կլորատերև (A. ovalis)
Միջազգային անվանում
Amelanchier ovalis

Քարազկեռի[1] կլորատերև (Amelanchier ovalis), վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքի թուփ է։

Տերևաթափ թուփ է՝ 0,5-3 մետր բարձրությամբ և ուղղաձիգ, ծիրանադարչնագույն կեղևով ծածկված ճյուղերով։ Տերևները ձվաձև են, հակառակ ձվաձև կամ էլիպսաձև, 4 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները սպիտակ են, 2,6-3,2 սմ տրամագծով, հավաքված 5-8 ծաղիկներից կազմված ողկույզներում։ Պտուղները մանր են, հյութալի, սև գույնի, ծածկված կապտավուն խավով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում, Վայքում, Ախուրյան գետի վերին հոսանքներում, քարքարոտ թեքություններին, թփուտների մեջ, կաղնու անտառներում, անտառի վերին եզրերին՝ մինչև 2000 մետր բարձրությունների վրա։

Պտուղները, որոնք ուտվում են միայն սառնամանիքները խփելուց հետո, մեծ քանակությամբ A և C վիտամիններ են պարունակում։ Տերևները, բողբոջները և ընձյուղները պարունակում են եթերայուղեր և ցիանային գլյուկոզիդներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես պատվաստակալ՝ տանձենու և խնձորենու թզուկ սորտերի համար։

Չափազանց ցրտադիմացկուն է. պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավական խոնավասեր է և ստվերատար։ Բնափայտը շատ ծանր է, գեղեցիկ գունավորմամբ։ Օգտագործվում է հուշանվերների և մանր իրեր պատրաստելու համար։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում բարձրլեռնային շրջանների կանաչապատման և անտառապատման համար[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - քառազկեռի». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Լ. Վ. Հարությունյան (1984). Քո շրջապատի թփերը. Երևան: «Սովետական գրող». էջ 24.