Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղ (այլ կիրառումներ)

Աղ, անարյուն զոհաբերության նյութ կամ ընծա, որ կիրառվում է եկեղեցիներում։ Հոգևոր առումով ունի մաքրագործիչ, պահպանիչ և զորացուցիչ նշանակություն։ Ավանդված է դեռևս Հին կտակարանից, մովսիսական օրենքով. «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի. ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծու ուխտի աղը. բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք»։ Աղ մատուցվում էր մյուս անարյուն զոհաբերությունների՝ ալյուրի, ձեթի, խունկի, ցորենի և այլ ընծայաբերումների շարքում, որպես երախայրիք Աստծո սեղանին կամ եկեղեցուն։ Նոր կտակարանում Աղի խորհրդաբանությունը կապվում է առաքյալների և առհասարակ հավատացյալ մարդու հետ, ինչպես հավաստում է տերունական խոսքը. «Դո՛ւք եք երկրի աղը...»։ Աղ օգտագործվում է մատաղի ժամանակ։

Աղօրհնեք խմբագրել

Աղօրհնեք, Հայ եկեղեցում ընդունված խորհրդապաշտական արարողություն։ Ըստ Սահակ Ա Պարթևի եկեղեցական կանոնների և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականի», Աղի օրհնությունը հաստատել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Օրհնված աղ զոհաբերվող (մատաղացու) կենդանուն տալով՝ վերացվում է նախնական մեղքը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով անիծվել են իրենց հետ դրախտում եղած կենդանիները ևս, ինչպես նաև ողջ երկիրը։ Քահանայի օրհնած աղը, մաքրելով տվյալ կենդանուն, արժանի է դարձնում նվիրաբերելու Աստծուն։ Աղ օրհնվում է նաև Տնօրհնեքի (տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում) ժամանակ և այլ պարագաներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: