Աղվանից կաթողիկոսություն
Աղվանից եպիսկոպոսապետություն կամ Աղվանից կաթողիկոսություն Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը։ Կազմավորվել է 6-րդ դ. 2-րդ կեսին։ Աղվանից եկեղեցին հիմնադրման պահից ի վեր Հայոց կաթողիկոսության հարաբերությամբ ճանաչվում էր որպես ենթակա թեմ և ոչ առանձին կաթողիկոսություն։ Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը։ Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին։ Կաթողիկոսը ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց կաթողիկոսից։ Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Աղվանից առաջին կաթողիկոս է ընտրվել Արցախի Մեծառանից գավառի Տեր Աբաս եպիսկոպոսը (552-596 թթ.)։ Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք Պարտավը (462 թ.-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ)։ Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքաբերդը, Գանձակը, Գանձասարի վանքը։
1240 թվականից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են Հասան-Ջալալյանները (իշխանական տոհմ Խաչենում)։ 14-րդ դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով Սուրբ Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը։ Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը։ Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր։ Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։

Աղվանից կաթողիկոսության անվանումը դարձել է սոսկ վերացական հասկացություն։ Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետությամբ, եղել է Արցախում հաստատված իսլամադավան խաների բռնակալության դեմ մելիքների ընդդիմության, XVIII դ. I քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը։ Այն վերածվել է ռուսական կողմնորոշման ուղեցույցի և ռուսական արքունիքում թուրք-պարսկական լծից ազատագրվելու հայոց իղձերի թարգմանի։ 1815 թ. ցարական կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ լուծարել է Աղվանից կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն։ Նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա նահանգներում կազմվել են նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմեր և մեկ հաջորդական վիճակ։ Այդ իրադրությունը վերջնականապես ամրապնդվել է «Պոլոժենիե»-ում (1836)։ Առաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Կամբեճան, Արեշ, Լենքորան (Լանքարան) գավառները։ Երկրորդ առաջնորդական թեմը (Շամախի կենտրոնով) ընդգրկել է Դերբենդի, Ղուբայի, Շամախու, Բաքվի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային։ Աղվանից կաթողիկոսության վերջին՝ Սարգիս Բ Հասան-Ջալալյան կաթողիկոսը մինչև իր վախճանը (1828) եղել է մետրոպոլիտ։
Աղվանից կաթողիկոսներ խմբագրել
- Աբաս, 552-596
- Վիրո, 596-629
- Զաքարիա Ա, 629-644
- Հովհաննես Ա, 644-671
- Ուխտանես, 671-683
- Եղիազար, 683-689
- Ներսես Ա, 689-706
- Սիմեոն Ա, 706-707
- Միքայել, 707-744
- Անաստաս Ա, 744-748
- Հովսեփ Ա, 748-765
- Դավիթ Ա, 765-769
- Դավիթ Բ, 769-778
- Մատթե, 778-779
- Մովսես Ա, 779-781
- Ահարոն, 781-784
- Սողոմոն Ա, 784
- Թեոդորոս, 784-788
- Սողոմոն Բ, 788-789
- Հովհաննես Բ, 799-824
- Մովսես Բ, 824
- Դավիթ Գ, 824-852
- Հովսեփ Բ, 852-877
- Սամուել, 877-894
- Հովնան, 894-902
- Սիմեոն Բ, 902-923
- Դավիթ Դ, 923-929
- Սահակ, 929-947
- Գագիկ, 947-958
- Դավիթ Ե, 958-965
- Դավիթ Զ, 965-971
- Պետրոս Ա, 971-987
- Մովսես Գ, 987-993
- Մարկոս Ա, մոտ. 993
- Հովսեփ Գ,
- Մարկոս Բ, մոտ 1079
- Հովհաննես Գ, 1079-1121
- Ստեփանոս Ա, 1129-1131
- Գրիգոր Ա, մոտ 1139
- Բեժգեն, մոտ.1140
- Ներսես Բ, 1149-1155
- Ստեփանոս Բ, 1155-1195
- Հովհաննես Դ, 1195-1235
- Ներսես Գ, 1235-1262
- Ստեփանոս Գ, 1262-1323
- Սուքիաս, մոտ 1323
- Պետրոս Բ, մոտ 1331
- Զաքարիա Բ, մոտ 1331
- Դավիթ Է
- Կարապետ, 1402-1420
- Հովհաննես Ե, մոտ 1426-1428
- Մատթեոս Ա, մոտ 1434
- Աթանաս, մոտ 1441
- Գրիգոր Բ,
- Հովհաննես Զ, մոտ 1470
- Ազարիա
- Թովմաս, մոտ 1471
- Արիստակես Ա
- Ստեփանոս Դ, մոտ 1476
- Ներսես Դ, մոտ 1478
- Շմավոն Ա, մոտ 1481
- Առաքել, 1481-1497
- Մատթեոս Բ, մոտ 1488
- Արիստակես Բ, 1515- մոտ 1516
- Սարգիս Ա, մոտ 1554
- Գրիգոր Գ, մոտ 1559-1574
- Պետրոս Բ, 1571
- Դավիթ Ը, մոտ 1573
- Փիլիփոս Տումեցի, մեկ տարի
- Հովհաննես Զ, 1574-1584
- Դավիթ Թ, մոտ 1584
- Անաստաս Բ, մոտ 1585
- Շմավոն Բ, 1586-1611
- Արիստակես Գ Քոլատակեցի, մոտ 1588
- Մելիքսեթ Արաշեցի, մոտ 1593
- Սիմեոն Գ, մոտ 1616
- Պետրոս Բ Խանձկեցի,1653-1675
- Երեմիա Հասան-Ջալալյան, 1676-1700
- Եսայի Հասան-Ջալալյան, 1702-1728
- Հովհաննես Է Գանձասարեցի, 1763-1786
- Սարգիս Բ Գանձասարեցի, 1810-1828
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |