Ահաբեկչության ժամանակաշրջան (Ֆրանսիական հեղափոխություն)

Ահաբեկչության ժամանակաշրջան (ֆր. la Terreur), մասայական մահապատիժների ժամանակաշրջան Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում (1793 թվականի սեպտեմբերի 5-ից 1794 թվականի հուլիսի 27-ը)։ Ահաբեկչությունը բռնությունների շրջան էր իրար դեմ պայքարող քաղաքական խմբավորումների (ժիրոնդիստներ[1] և յակոբիններ) վեճերի ընթացքում, որի ժամանակ յակոբիններն անցկացնում էին «հեղափոխության թշնամիների» մասայական մահապատիժներ։ Սպանվածների թիվը նշվում է 16000-ից մինչև 40000, շատ դեպքերում փաստաթղթեր չեն պահպանվել կամ չեն եղել ճշգրիտ տեղեկություններ։ Գիլյոտինի սրի տակ, որը դարձավ այս ժամանակաշրջանի խորհրդանիշ ՝ որպես «ազգային ածելի», սպանվեցին Լյուդովիկոս XVI-ը (1793 թվականի հունվար), Մարի Անտուանետը, դուքս Օրլեանը (քաղաքացի Ֆիլիպ Էգալիտե), ժիրոնդիստների առաջնորդները (Ժակ Պիեր Բրիսո, Պիեր Վերնիո, մադամ Ռոլան), դանտոնիստները (Ժորժ Ժակ Դանտոն, Կամիլ Դեմուլեն, Էրո դե Սեշել, Ֆաբր դ'Էգլատիան և այլք), էբերիստները (Ժակ Ռենե Էբեր, Պիեր Գասպար Շոմեթ) և ֆելյանները (Անտուան Բարնավ, Ժան Սիլվեն Բայի), քիմիկոս Անտուան Լավուազիեն, պոետ Անդրե Շենիեն և այլք։

Ինը էմիգրատների գլխատումը գիլյոտինով, 1793

Բարերն ու Ռոբեսպիերը փառաբանում են «ահաբեկչությունը» խմբագրել

 
Բերտրարդ Բարեր, հեղինակ՝ Ժան Լուի Լանովիլ

1793 թվականի ամռանը քաղաքական պատերազմի զարգացումը և թշնամի երկրների հարձակումը հանգեցրել էին ճգնաժամի և ժիրոնդիստների ու ավելի ռադիկալ տրամադրված յակոբինների պայքարի սրմանը։ Վերջինները փարիզյան բնակչության շնորհիվ կարողացան խորհրդարանում դառնալ մեծամասնություն։ Ֆրանսիական կառավարությունը ներքին հակահեղափոխական շարժումները ճնշելու և նոր զորքեր գրավելու համար ստեղծում է Հասարակական փրկության կոմիտե, որն իր վերջնական տեսքն ստանում է 1793 թվականի սեպտեմբերի 6-ին Մաքսիմիլիան Ռոբեսպիերի կառավարության ներքո։ Բերտրան Բարերը 1793 թվականի սեպտեմբերի 5-ին Կոնվենտում բացականչեց. «Եկե՛ք ահաբեկչությունը դարձնենք օրվա կարգը»[2][3]։ Նրանք վճռական էին խուսափել փողոցային բռնությունից, ինչպիսին 1792 թվականի սեպտեմբերյան կոտորածն էր ՝ բռնությունն իրենց ձեռքը վերցնելով որպես կառավարման գործիք[4]։

1794 թվականի փետրվարին Ռոբեսպիերն իր ելույթում բացատրել էր ահաբեկչության անհրաժեշտությունը․

Եթե խաղաղ ժամանակներում ժողովրդական կառավարման հիմքը առաքինությունն է, ապա հեղափոխության ժամանակ ժողովրդական կառավարման հիմքը և՛ առաքինությունն է, և՛ ահաբեկչությունը․ առաքինություն, առանց որի ահաբեկչությունը կործանարար է, ահաբեկչություն, առանց որի առաքինությունն անզոր է։  Ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան արագ, դաժան և անկոտրում արդարադատություն։ Այն այն ոչ այնքան սկզբունք է ինքնին, որքան ժողովրդավարության ընդհանուր սկզբունքի հետևանք, որը կիրառվում է Հայրենիքի ամենահրատապ կարիքների համար[4][5]։

Որոշ պատմաբաններ պնդում են, որ նման ահաբեկչությունն անհրաժեշտ արձագանք էր ստեղծված իրավիճակին[6][7]։ Մյուսները ենթադրում են, որ եղել են նաև այլ պատճառներ, այդ թվում, գաղափարական[8] և էմոցիոնալ[9]։

Ազդեցություն խմբագրել

Լուսավորական գաղափարներ խմբագրել

Լուսավորական միտքը կարևորում էր ռացիոնալ մտածողությունը։ Այն սկսեց մարտահրավեր նետել հասարակության իրավական և բարոյական հիմքերին՝ Ահաբեկչության ժամանակաշրջանի առաջնորդներին զինելով նոր գաղափարներով իշխանության դերի և կառուցվածքի մասին։ Ռուսոյի «Հանրային պայմանագիրը» պնդում է, որ յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս հավասար իրավունքներով, և դրանք պետք է միասին ձևավորեն կառավարություն, որն այնուհետև պաշտպանելու էր հենց այդ իրավունքները։ «Հանրային պայմանագրի համաձայն՝ կառավարությունը պետք է գործի համընդհանուր կամքի համար, որը ներկայացնում էր բոլորի, այլ ոչ թե մի քանի խմբակցությունների շահերը[10]։ Ելնելով համընդհանուր կամքի գաղափարից՝ Ռոբեսպիերը զգում էր, որ ֆրանսիական հեղափոխությունը կարող է հանգեցնել ընդհանուր կամքի համար կառուցված հանրապետության ստեղծմանը, բայց միայն այն բանից հետո, երբ նրանք, ովքեր պայքարում էին այդ իդեալի դեմ, վտարվեն[11][12]։ Նրանք, ովքեր դիմադրում էին կառավարությանը, համարվում էին «բռնապետեր», որոնք պայքարում էին համընդհանուր կամքի արժանապատվության և պատվի դեմ։ Առաջնորդները զգում էին, որ իրենց կառավարման իդեալական տարբերակին սպառնում են Ֆրանսիայի և՛ ներսից, և՛ դրսից, իսկ ահաբեկչությունը Ֆրանսիական հեղափոխության ստեղծած Հանրապետության արժանապատվությունը պահպանելու միակ միջոցն էր[13]։

Ռոբեսպիերի գաղափարախոսության վրա ազդել են ոչ միայն Ռուսոյի, այլ նաև լուսավորական այլ մտածողի՝ Շառլ Լուի Մոնտեսքյոյի աշխատությունները։ Մոնտեսքյոյի գրվածքներից մեկում՝ «Օրենքների ոգում» առաջարկվում է ժողովրդավարական կառավարման հիմնական սկզբունքը՝ առաքինությունը։  Նա նկարագրում է այն որպես «սեր օրենքների և մեր երկրի հանդեպ»[2]։ 1794 թվականի փետրվարի 5-ի Ազգային Կոնվենտում Ռոբեսպիերն իր ելույթում խոսում է առաքինության մասին՝ որպես «ժողովրդական կամ ժողովրդավարական կառավարման հիմնարար սկզբունք»[14]։ Փաստորեն, դա նույն առաքինությունն էր, որը Մոնտեսքյոն սահմանել էր գրեթե 50 տարի առաջ։  Ռոբեսպիերը կարծում էր, որ ցանկացած ժողովրդավարական կառավարության համար անհրաժեշտ առաքինությունները չափազանց պակասում են ֆրանսիացի ժողովրդին։ Որպես հետևանք, նա որոշեց վերացնել նրանց, ովքեր, իր կարծիքով, երբեք չէին կարողանա ունենալ այդ առաքինությունը։ Արդյունքը եղավ ահաբեկության մշտական ձգտումը։ Կոնվենտն այս գաղափարներն օգտագործել է որպես արդարացում «հեղափոխության թշնամիներին ջախջախելու ... օրենքներն իրագործելու ... և ազատությունը փրկելու» համար[15]։

Lուսավորության շարժման այս անդամներն ունեցել են մեծ ազդեցություն հեղափոխական առաջնորդների վրա, սակայն այլ մտածողների նախազգուշացումները բացահայտ անտեսվել են։ Օրինակ՝ Վոլտերի մտահոգությունները հաճախ արհամարհվում էին, թեև նրա որոշ գաղափարներ օգտագործվում էին հեղափոխությունն արդարացնելու և ահաբեկչությունը սկսելու համար։ Վոլտերը դեմ էր քրիստոնեական դոգմաներին և գործելու ուղիներին․ «Բոլոր կրոններից քրիստոնյաները, իհարկե, պետք է մեծ հանդուրժողականություն ներշնչեին, բայց մինչ օրս քրիստոնյաները բոլոր մարդկանցից ամենաանհանդուրժողներն են եղել»։ Այդ քննադատական դիտողությունները հաճախ օգտագործվել են Ռոբեսպիերի և այլ առաջնորդների կողմից՝ որպես նրանց հակակրոնական բարեփոխումների արդարացում։ Վոլտերը նաև մի քանի նախազգուշացում է արել։ Իր «Փիլիսոփայական բառարանում» նա գրում է․ «Մենք բոլորս թաղված ենք թուլությունների և մոլորությունների մեջ, եկե՛ք միմյանց ներենք մեր հիմարությունները․ դա բնության առաջին օրենքն է» և «յուրաքանչյուր մարդ, ով հետապնդում է մարդուն, նրա եղբորը, քանի որ նա չի կիսում իր կարծիքը, հրեշ է»[16]։

Օտարերկրյա ներխուժման սպառնալիքներ խմբագրել

Ֆրանսիական հեղափոխության սկսվելուց հետո հարևան միապետությունները մեծ թշնամանք չեն ցուցաբերել ապստամբության նկատմամբ[17]։ Չնայած Լյուդովիկոս XVI-ը հիմնականում անտեսվում էր, հետագայում նա կարողացավ աջակցություն գտնել Ավստրիայի Լեոպոլդ II-ի (Մարիա Անտուանետայի եղբայր) և Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ II-ի մոտ։ 1791 թվականի օգոստոսի 27-ին այդ օտարերկրյա առաջնորդները հանդես եկան Պիլնիցի հռչակագրով, ասելով, որ նրանք կվերականգնեն ֆրանսիական միապետին, եթե եվրոպական մյուս կառավարիչները միանան։ Ի պատասխան՝ Ֆրանսիան պատերազմ հայտարարեց 1792 թվականի ապրիլի 20-ին[18]։ Սակայն այդ պահին Ֆրանսիայի դեմ պատերազմ էին վարում միայն Պրուսիան և Ավստրիան։  Ֆրանսիան սկսեց այս պատերազմը մի շարք մեծ պարտություններով, որոնք ժողովրդի մեջ ներխուժման վախի նախադեպ ստեղծեցին։ Ռազմական ինստիտուտների զանգվածային բարեփոխումները, թեև երկարաժամկետ հեռանկարում շատ արդյունավետ են, առաջացրել են խնդիրներ անփորձ ուժերի և կասկածելի քաղաքական հավատարմություն ունեցող առաջնորդների հետ[17]։ Ֆրանսիան տուժում էր պատերազմի ընթացքում, մինչդեռ որոշ սպաներ օգտագործում էին իրենց նոր ազատություններն ավելի բարձր պաշտոններ ձեռքբերելու համար։ Սկզբնական մարտերում Ֆրանսիան անընդհատ պարտություններ էր կրում[19]։ Կար մշտական սպառնալիք Ավստրո-պրուսական զորքերի կողմից, որոնք հեշտությամբ շարժվում էին դեպի մայրաքաղաք՝ սպառնալով ոչնչացնել Փարիզը, եթե միապետական կարգին վնաս հասցվի[20]։ Պարտությունների այս շարքը, Ֆրանսիայի սահմաններում տեղի ունեցող ռազմատենչ ընդվզումների և ցույցերի հետ միասին, ստիպեց կառավարությանը վճռական միջոցների դիմել՝ ապահովելու համար յուրաքանչյուր քաղաքացու հավատարմությունը ոչ միայն Ֆրանսիայի, այլև, ինչն ավելի կարևոր է, հեղափոխության հանդեպ։

Կորուստների այս շարքը վերջիվերջո ընդհատվեց 1792 թվականի սեպտեմբերին, երբ ֆրանսիացիները վճռորոշ հաղթանակ տարան Վալմիի մոտ՝ կանխելով ավստրո-պրուսական ներխուժումը[17]։ Չնայած Ահաբեկչության պաշտոնական մեկնարկի պահին ֆրանսիական բանակը արդեն կայունացել էր և հաղթանակներ տարել, այդ միջազգային պայքարում հաջողության հասնելու ձգտումը կառավարության համար արդարացում էր շարունակելու իր բռնապետական գործողությունները։ Միայն Լյուդովիկոս 16-րդի մահապատժից և Ռեյնսկի մարզի բռնակցումից հետո մյուս միապետությունները գիտակցեցին իրավիճակի վտանգավորությունը, որից հետո ձևավորեցին Առաջին կոալիցիան։ Կոալիցիան, որը բաղկացած էր Ռուսաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Իսպանիայից, Հոլանդիայից և Սարդինիայից, սկսեց հարձակվել Ֆրանսիայի վրա բոլոր կողմերից՝ պաշարելով և գրավելով նավահանգիստներն ու վերադարձնելով Ֆրանսիային պարտված հողերը։ Ֆրանսիական կառավարության համար երկրի միավորումը դարձավ առաջնահերթույուն[17]։ Երբ պատերազմը շարունակվեց և սկսվեց Ահաբեկչությունը, առաջնորդներն ահաբեկչության օգտագործման և հաղթանակի հասնելու միջև կապ նկատեցին։ Այս իրավիյակը լավ ձևակերպել է Ալբերտ Սոբուլը «Ահաբեկչությունը, իսկզբանե ստեղծված որպես հանպատրաստից պատասխան պարտությանը, դարձավ հաղթանակի գործիք»[21]։ Պարտության և օտարերկրյա ներխուժման սպառնալիքը, հնարավոր է, օգնել է խթանել Ահաբեկչության առաջացումը, սակայն ֆրանսիական հաղթանակների և Ահաբեկչության համընկնումն արդարացումներ է ավելացրել դրա գործունեության համար։

Հանրային ճնշում խմբագրել

Ահաբեկչության ժամանակ սանկյուլոտներն (ֆր. sans-culottes) ու էբերտիստները ճնշում էին գործադրում Ազգային Կոնվենտի պատվիրակների վրա և նպաստում Ֆրանսիայի ընդհանուր անկայունությանը։ Ազգային Կոնվենտը պառակտված էր մոնտանյարների և ժիրոնդիստների միջև։  Ժիրոնդիստները Կոնվենտի ավելի պահպանողական առաջնորդներ էին, մինչդեռ մոնտանյարներն աջակցում էին արմատական բռնությանը և ցածր դասակարգի կողմից ճնշումներին[17]։ Մոնտանյարները Կոնվենտի նկատմամբ վերահսկողություն ստանալուն պես սկսեցին արմատական միջոցներ պահանջել։ Բացի այդ, սանկյուլոտները՝ Ֆրանսիայի քաղաքային հասարակ աշխատողները, առաջնորդներին հորդորում էին պատժել նրանց, ովքեր դեմ են արտահայտվել աղքատների շահերին։ Սանկյուլոտների բուռն ցույցերը, որոնք առաջ էին քաշում իրենց պահանջները, մշտական ճնշում էին ստեղծում մոնտանյարների վրա՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով[22]։ Սանկյուլոտներն օգտագործում էին նաև ժողովրդական ճնշումը։ Օրինակ՝ նրանք նամակներ և միջնորդագրեր էին ուղարկում Հասարակական փրկության կոմիտե՝ կոչ անելով նրանց պաշտպանել իրենց շահերը և իրավունքները այնպիսի միջոցառումների միջոցով, ինչպիսիք են սննդամթերքի հարկումը, որը կնպաստեր հասարակ աշխատողներին, այլ ոչ թե հարուստներին։ Նրանք առաջարկում էին ձերբակալել մեծահարուստների աջակիցներին, իսկ ավելի ռազմատենչ անդամները հանդես էին գալիս թալանի օգտին, որպեսզի հասնեն ցանկալի հավասարության[23]։ Արդյունքում առաջացած անկայունությունը առաջացրեց խնդիրներ, որոնք դարձրին նոր հանրապետության ձևավորումը և քաղաքական լիակատար աջակցության ձեռքբերումն էլ ավելի դժվար և քննադատական։

Կրոնական հեղաշրջում խմբագրել

Ահաբեկչությունը բնութագրվում էր կրոնական իշխանության, նրա հիերարխիկ կառույցի, ազնվականության և հոգևորականության կոռումպացված և անհանդուրժելի ազդեցության կտրուկ մերժմամբ։ Կրոնական տարրերը, որոնք երկար ժամանակ կայունության խորհրդանիշներ են եղել ֆրանսիացի ժողովրդի համար, փոխարինվեցին բանականությամբ և գիտությամբ[24][25]։ Արմատական հեղափոխականներն ու նրանց կողմնակիցները ցանկանում էին մշակութային հեղափոխություն, որը ֆրանսիական պետությունը կազատի ամեն տեսակ քրիստոնեական ազդեցությունից[26]։

Շատ իրավունքներ և լիազորություններ վերցվեցին եկեղեցուց և հանձնվեցին պետությանը։ 1789 թվականին եկեղեցական հողերը բռնագրավվեցին, իսկ քահանաները սպանվեցին կամ ստիպված լքեցին Ֆրանսիան[26]։ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը վերանվանվել է «Բանականության տաճար», տեղի է ունեցել «Բանականության տոն», հին ավանդական օրացույցը փոխարինվել է նոր հեղափոխականով[17]։ Ահաբեկչության առաջնորդները փորձել են արձագանքել այդ արմատական, հեղափոխական ձգտումներին ուղղված կոչերին՝ միաժամանակ փորձելով պահպանել ապաքրիստոնեական շարժման նկատմամբ խիստ վերահսկողությունը, որը սպառնում էր Ֆրանսիայի դեռևս մեծ մասամբ կաթոլիկ բնակչությանը։ Այս հակասական նպատակների հետևանքով առաջացած լարվածությունը հիմք դրեց ահաբեկչության "արդարացված" օգտագործմանը հեղափոխական իդեալների հասնելու և Ֆրանսիայի կրոնականությունից ազատվելու համար։

Ահաբեկչության հիմնական իրադարձություններ խմբագրել

 
Մաքսիմիլիան Ռոբեսպիեր

1793 թվականի մարտի 10-ին Ազգային կոնվենտը հիմնեց հեղափոխական տրիբունալը։  Մեղադրյալների մոտ կեսը արդարացվել է։ Մարտին Վանդեյում ապստամբություն է բռնկվել՝ ի պատասխան զանգվածային զինակոչին, որը վերաճեց քաղաքացիական պատերազմի։ Վանդեյում դժգոհությունները շարունակվել են, որոշ տեղեկությունների համաձայն, ընդհուպ մինչև Ահաբեկչության ավարտը։

1793 թվականի ապրիլի 6-ին Ազգային Կոնվենտը ստեղծել է Հասարակական անվտանգության կոմիտեն, որը փաստացի աստիճանաբար դարձել է պատերազմական Ֆրանսիայի կառավարությունը[27]։ Կոմիտեն հետևել է Ահաբեկչության գործունեությանը։ Ահաբեկչության ժամանակ ձերբակալվել է առնվազն 300․000 կասկածյալ, 17․000-ը պաշտոնապես մահապատժի է ենթարկվել և, հնարավոր է, 10․000-ը մահացել է բանտում կամ առանց դատավարության[28]։

1793 թվականի հունիսի 2-ին Փարիզի սանկյուլոտները շրջապատեցին Ազգային Կոնվենտը՝ կոչ անելով վարչական և քաղաքական թափանցիկության, հացի ցածր ֆիքսված գնի և միայն սանկյուլոտների կողմից ընտրական իրավունքի սահմանման։ Ազգային գվարդիայի աջակցությամբ նրանք համոզել են Կոնվենտին ձերբակալել ժիրոնդիստների 29 առաջնորդներին[29]։ Ի պատասխան ժիրոնդիստների ձերբակալությանը՝ տասներեք գավառներ ֆեդերալիստ ապստամբություններ են սկսել Ազգային Կոնվենտի դեմ, որոնք ի վերջո ճնշվել են։

1793 թվականի հունիսի 24-ին Կոնվենտն ընդունեց Ֆրանսիայի առաջին հանրապետական Սահմանադրությունը, 1793 թվականի Ֆրանսիական Սահմանադրությունը։ Այն վավերացվել է համաժողովրդական հանրաքվեով, բայց այդպես էլ ուժի մեջ չի մտել։

1793 թվականի հուլիսի 13-ին Ժան-Պոլ Մարատի (յակոբինյան առաջնորդ և լրագրող) սպանությունը հանգեցրեց յակոբինների քաղաքական ազդեցության հետագա աճին։  Ժորժ Դանտոնը, 1792 թվականի օգոստոսին տեղի ունեցած թագավորի դեմ ապստամբության առաջնորդը, 1793 թվականի հուլիսի 10-ին հեռացվել է Հասարակական փրկության կոմիտեից։ 1793 թվականի հուլիսի 27-ին Ռոբեսպիերն ընդգրկվել է նույն կոմիտեի կազմում[30]։

1793 թվականի օգոստոսի 23-ին Ազգային կոնվենտը հրապարակել է զանգվածային զորակոչի մասին դեկրետը (ֆր. levée en masse). «Երիտասարդ տղամարդիկ պետք է կռվեն, ամուսնացած տղամարդը պետք է զենք կրի և պարենամթերք փոխադրի, կանայք պետք է վրաններ և հագուստ տան և ծառայեն հիվանդանոցներում, ծերերը պետք է հրապարակ դուրս գան ՝ զինվորների քաջությունն արթնացնելու և Հանրապետության թագավորների հանդեպ ատելություն քարոզելու համար»[31]։

 
Ժիրոնդիստների մահապատիժը

Սեպտեմբերի 9-ին Կոնվենտը ստեղծել է ռազմականացված կազմավորումներ, այսպես կոչված «հեղափոխական բանակները», որպեսզի գյուղացիներին ստիպեն հանձնել կառավարության կողմից պահանջվող հացահատիկը։ Սեպտեմբերի 17-ին ընդունվել է կասկածյալների մասին օրենքը, որը խիստ լայն հնարավորություններ էր տալիս «կասկածյալներին» կալանավորելու համար։ Դա հանգեցրեց բանտային համակարգերի զանգվածային հեղեղմանը։ Սեպտեմբերի 29-ին Կոնվենտը ավելացրեց և հստակեցրեց ապրանքների գները՝ սկսած ցորենից և հացից, ինչպես նաև այլ հիմնական ապրանքներից, ինչպես նաև արձանագրեց սահմանված աշխատավարձ։

Հոկտեմբերի 10-ին Կոնվենտը վճռել է, որ «ժամանակավոր կառավարությունը հեղափոխական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն»։ Հոկտեմբերի 24-ին ընդունվեց ֆրանսիական Հանրապետական օրացույցը։ Ժիրոնդիստների դատավարությունը սկսվել է նույն օրը, նրանք մահապատժի են ենթարկվել հոկտեմբերի 31-ին։

Հակակրոնական տրամադրություններն ուժեղացել են 1793 թվականին, այդ ժամանակ սկսվել է ապաքրիստոնեացման արշավը։  Նոյեմբերի 10-ին էբերտիստները կազմակերպում են «Բանականության փառատոնը»։

 
Ժիրոնդիստների գաղափարակից ֆեմինիստ գրող Օլիմպիա դե Գուժի մահապատիժը

1793 թվականի դեկտեմբերի 14-ին Ազգային Կոնվենտն ընդունեց Ֆրիմերի օրենքը, որը կենտրոնական կառավարությանը ավելի շատ վերահսկողություն տվեց հրամանատարություններում ներկայացուցիչների գործողությունների նկատմամբ։

1794 թվականի փետրվարի 16-ին Ազգային կոնվենտն ընդունեց ողջ Ֆրանսիայում և ֆրանսիական գաղութներում ստրկության վերացման մասին դեկրետը։

1794 թվականի փետրվարի 26-ին և մարտի 3-ին Սեն-Ժյուստն առաջարկել է բռնագրավել աքսորյալների և հեղափոխության հակառակորդների գույքը։

1793 թվականի վերջին ի հայտ եկան երկու հիմնական խմբակցություններ, որոնք սպառնում էին հեղափոխական կառավարությանը. էբերտիստներ, որոնք կոչ էին անում ուժեղացնել ահաբեկչությունը և սպառնալ ապստամբությամբ, և դանտոնիստներ (Ժորժ Դանտոնի գլխավորությամբ), որոնք պահանջում էին չափավորություն և գթասրտություն։  Հասարակական անվտանգության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել երկուսի դեմ էլ։ Մարտի 24-ին գլխավոր էբերտիստները ներկայացել են հեղափոխական տրիբունալի առջև և մահապատժի ենթարկվել։ Դանտոնիստները ձերբակալվել են մարտի 30-ին, դատապարտվել ապրիլի 3-5-ը և մահապատժի ենթարկվել ապրիլի 5-ին։

1794 թվականի հունիսի 20-ին ամբողջ երկրում նշվում էր Բարձրագույն գոյի տոնը (ֆր. La Fête de l'Être suprême), որը նրա պաշտամունքի մի մասն էր, դեիստական ազգային կրոն։ Հունիսի 10-ին Ազգային Կոնվենտն ընդունեց Ժորժ Կուտոնի առաջարկած օրենքը, որը հայտնի է որպես Փրայալի օրենք։ Այն պարզեցրեց դատական գործընթացը և զգալիորեն արագացրեց հեղափոխական տրիբունալի աշխատանքը։ Օրենքի ընդունմամբ մահապատիժների թիվը զգալիորեն աճել է։ Այդ ժամանակվանից մինչև Տերմիդորյան հեղաշրջում ընկած հատվածը հայտնի դարձավ «Մեծ ահաբեկչություն» անվամբ (Ֆր․ La Grande Terreur)։

1794 թվականի հունիսի 26-ին ֆրանսիական բանակը հաղթել է Ֆլոյրուսի ճակատամարտում, որը Ֆրանսիայի ռազմական արշավում նշանավորեց շրջադարձային պահ և պակասեցրեց ռազմական միջոցների անհրաժեշտությունը։

Տերմիդորյան հեղաշրջում խմբագրել

Հիմնական հոդված՝ Տերմիդորյան հեղաշրջում (1794)

 
Ռոբեսպիերի մահապատիժը

Ռոբեսպիերի անկումը պայմանավորված էր Հասարակական փրկության կոմիտեի համար ավելի մեծ իշխանություն ցանկացողների և հեղափոխական կառավարությանը լիովին հակադրվող ցենտրիստների միավորումից։ Ձերբակալության և մահապատժի միջև Ռոբեսպիերը, հնարավոր է, փորձել է ինքնասպան լինել, թեև հրազենային վնասվածքը, որը նա ստացել է, վնասել է միայն նրա ծնոտը։ Բացի այդ, կա վարկած, որ նրան կարող էր սպանել ժանդարմ Մերդը։ Փարիզի քաղաքապետարանի գրոհի ժամանակ ծագած մեծ խառնաշփոթը, որտեղ թաքնվել են Ռոբեսպիերն ու նրա ընկերները, հնարավորություն չի տալիս հաստատել վերքի ծագումը։ Ինչևէ, հաջորդ օրը Ռոբեսպյերին գլխատել են։ Մահապատժի է ենթարկվել նաև Սեն Ժյուստը։

Հանրային անվտանգության մշտական կոմիտեի իշխանությունն ավարտվեց։ Նոր անդամները նշանակվել են Ռոբեսպիերի մահապատժի հաջորդ օրը, և սահմանվել են լիազորությունների ժամկետի սահմանափակումներ (կոմիտեի անդամների մեկ քառորդը երեք ամիսը մեկ թոշակի է անցել)։ Կոմիտեի լիազորությունները աստիճանաբար թուլացել են։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԺԻՐՈՆԴԻՍՏՆԵՐ - Բացատրությունը». www.armdict.com (ամհարերեն).
  2. 2,0 2,1 Shusterman, Noah (2014). The French Revolution: Faith, Desire, and Politics (անգլերեն). Routledge, Taylor & Francis Group. ISBN 978-0-415-66021-1.
  3. «30 août 1793 – La terreur à l'ordre du jour ! - Vendéens & Chouans». www.vendeensetchouans.com (ֆրանսերեն). 2011 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  4. 4,0 4,1 «Robespierre and the Terror | History Today». www.historytoday.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  5. Paul Halsall. «Maximilien Robespierre: On the Principles of Political Morality, February 1794». sourcebooks.fordham.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  6. Tremblay, Jean-Marie (2005 թ․ փետրվարի 2). «Albert Mathiez (1874-1932), La Révolution française : La chute de la Royauté ; La Gironde et la Montagne ; La Terreur». texte. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  7. «La Révolution Française».
  8. Kafker, Frank A; Laux, James Michael; Levy, Darline Gay (2002). The French Revolution: conflicting interpretations (English). Malabar, Fla.: Krieger Pub. Co. ISBN 978-1-57524-092-3. OCLC 47056408.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Tackett, Timothy (2015 թ․ փետրվարի 23). The Coming of the Terror in the French Revolution (անգլերեն). Harvard University Press. ISBN 978-0-674-42518-7.
  10. «Ideal Empires and Republics. Rousseau's Social Contract, More's Utopia, Bacon's New Atlantis, Campanella's City of the Sun - Online Library of Liberty». oll.libertyfund.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  11. Peyre, Henri (1949). «The Influence of Eighteenth Century Ideas on the French Revolution». Journal of the History of Ideas. 10 (1): 63–87. doi:10.2307/2707200. ISSN 0022-5037.
  12. «Internet History Sourcebooks». sourcebooks.fordham.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  13. «Maximilien Robespierre: Justification of the Use of Terror». sourcebooks.fordham.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  14. «Robespierre, "On Political Morality" · Liberty, Equality, Fraternity». chnm.gmu.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  15. «"Terror Is the Order of the Day" · Liberty, Equality, Fraternity». chnm.gmu.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  16. «Voltaire, Selections from the Philosophical Dictionary · Liberty, Equality, Fraternity». chnm.gmu.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Popkin, Jeremy D. (1998). A short history of the French Revolution (2nd ed. ed.). Upper Saddle River, N.J: Prentice Hall. ISBN 978-0-13-647421-0. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  18. Rothenberg, Gunther E. (1988). «The Origins, Causes, and Extension of the Wars of the French Revolution and Napoleon». The Journal of Interdisciplinary History. 18 (4): 771–793. doi:10.2307/204824. ISSN 0022-1953.
  19. MSW (2018 թ․ ապրիլի 9). «Battle of Valmy, (20 September 1792)». Weapons and Warfare (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  20. «The Declaration of Pillnitz (1791)». French Revolution (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  21. Ozouf, Mona (1984). «War and Terror in French Revolutionary Discourse (1792-1794)». The Journal of Modern History. 56 (4): 580–597. ISSN 0022-2801.
  22. Schechter, Ronald (2014 թ․ հունիսի 2). Terror, Vengeance, and Martyrdom in the French Revolution: THE CASE OF THE SHADES (ամերիկյան անգլերեն). Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780199959853.001.0001/acprof-9780199959853-chapter-8. ISBN 978-0-19-937650-6.
  23. Soboul, Albert (1980). The Sans-culottes: The Popular Movement and Revolutionary Government, 1793-1794 (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0-691-00782-3.
  24. Kennedy, Emmet (1989). A Cultural History of the French Revolution (անգլերեն). Yale University Press. ISBN 978-0-300-04426-3.
  25. Pressensé, Edmond de (1869). Religion and the Reign of Terror: Or, The Church During the French Revolution (անգլերեն). Carlton & Lanahan.
  26. 26,0 26,1 Hunt, Lynn; Hunt, Lynn Avery (1984 թ․ հունվարի 1). Politics, Culture, and Class in the French Revolution (անգլերեն). University of California Press. ISBN 978-0-520-05204-8.
  27. Mantel, Hilary (2009 թ․ օգոստոսի 6). «He Roared · LRB 06 August 2009». London Review of Books (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  28. «Reign of Terror | History, Significance, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  29. Jones, P. M. (2014 թ․ սեպտեմբերի 11). The French Revolution 1787-1804 (անգլերեն). Routledge. ISBN 978-1-317-86318-2.
  30. «Maximilien Robespierre | Biography, Facts, & Execution». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  31. Forrest, Alan (2004 թ․ մարտի 1). «L'armée de l'an II : la levée en masse et la création d'un mythe républicain». Annales historiques de la Révolution française (ֆրանսերեն) (335): 111–130. doi:10.4000/ahrf.1385. ISSN 0003-4436.