Ակտիվ ջերմաստիճան, զրոյից բարձր ջերմաստիճան, որն անհրաժեշտ է մշակաբույսերի սկզբնական աճի և զարգացման հաջորդ փուլերի համար։ Բարեխառն գոտու մշակաբույսերի կենսաբանական զրոն 3-7 °C է, իսկ ջերմասեր բույսերինը՝ 8-15 °C: Մշակաբույսերի սկզբնական աճի կենսաբանական զրոն ավելի ցածր է, քան հաջորդ փուլերինը (ծաղկում, հասունացում), յուրաքանչյուր բույսի բերքի հասունացման փուլից փուլ անցնելու համար պահանջվում է ակտիվ ջերմաստիճանի որոշակի արժեք։ Իմանալով ակտիվ ջերմաստիճանի տարեկան գումարը՝ կարելի է որոշել այս կամ այն բույսի մշակման հնարավորությունը (եթե հայտնի է մշակաբույսի հասունացման ակտիվ ջերմաստիճանի պահանջվելիք գումարը)։ ՀՀ-ում 5-10 °C-ից բարձր ջերմաստիճաններ դիտվում են մինչև 3000 մ, 15 °C-ից բարձր՝ մինչև 2500 մ, 20 °C-ից բարձր՝ հյուսիսարևելյանում՝ մինչև 900 մ, Արարատյան դաշտում, Վայքում, Արագածի, Գեղամա լեռնավահանների հարավային լանջերին՝ մինչև 1400 մ բարձրություններում։ 0 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարը Անդրիում 4482° է, Արարատյան դաշտում՝ 4040°, Սևանի ավազանում՝ 2300°, 10 °C-ից բարձրինը՝ համապատասխանաբար՝ 4050°, 3468° և 1824°, իսկ 15 °C-ից բարձր՝ 3482°, 2811° և 849°: Ակտիվ ջերմաստիճանի արժեքով են գնահատվում տվյալ տարածքի ջերմային պաշարները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։