Ակնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, թանկագին և կիսաթանկագին քարերով գեղարվեստական, կենցաղային և այլ իրերի զարդարում։

Ժամանակակից ապարանջան ծիածանաքարով
Կախազարդեր սաթե քարով

Պատմություն խմբագրել

Հին ժամանակներից հայտնի էր Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակում Հին Արևելքի երկրներում օգտագործվել են փորագիր թանկագին քարեր որպես կնիք-մատանիներ։

Մ. թ. ա. 7-6-րդ դարերում ակնագործությունը զարգացել է Հունաստանում, որտեղ հայտնաբերվել էին թանկագին քարերի նոր տեսակներ (զմրուխտ, հասպիս, ամեթիստ և այլն)։

Եվրոպայում խմբագրել

Միջին դարերում ականագործությունը մուտք է գործել Եվրոպայում Հայաստանում դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում կիսաթանկագին քարերից (սարդիոն, լեռնային բյուրեղաքար, ագատ, սուտակ և այլն) պատրաստում էին ուլունքներ (Շենգավիթ)։

Թանկագին քարերով իրերի զարդարում խմբագրել

Թանկագին քարերով իրերի զարդարումը՝ ընդելուզումը, հայտնի էր մ. թ. ա. 2-րդ հազարամյակից (ավելի ուշ շրջանի լավագույն օրինակներից են Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի դրամների վրա պատկերված թագերը)։ Հայկական ականագործության բազմաթիվ նմուշներ գտնվել են Լճաշենի, Արմավիրի, Գառնիի, Դվինի պեղումներից։

Ականագործության մասին հիշատակումներ խմբագրել

Ականագործության մասին հիշատակում են մի շարք պատմիչներ, մասնավորապես՝ Ագաթանգեղոսը, Անանիա Շիրակացին, Ուխտանեսը։ Եկեղեցական և կենցաղային բազմաթիվ իրեր (խաչեր, բուրվառներ, անոթներ և այլն) զարդարում էին թանկագին քարերով։

Հայ թագավորը իշխաններին և պալատական ծառայողներին թանկագին քարերից կազմված պատիվ (գլխակապ) էր շնորհում (հայտնի է Բագարատ թագադիր ասպետի երեք շարք ադամանդներից կազմված պատիվը)։ Հայ ալքիմիական աշխատություններում նշված է արեհստական եղանակով թանկագին քարերի ստացման և մշակման կերպերի մասին։ Նույնը հիշատակում է նաև ուշ միջնադարի պատմիչ Առաքել Դավրիմեցին։

Հայ ֆեոդալները և բարձրաստիճան հոգևորականներն օգտագործում էին ակնակուռ կնիք-մատանիներ (գտնվել են Դվինի պեղումներից, որոնց մի մասը վերաբերում է հին շրջանին)։

Անգլիացի գոհարագետ Է. Բրաունը և հայ ազգագրագետ Հ. Քյուրտյանը հիշատակում են 17-րդ դարում, ակնագործներ Եփրեմ Սադիին, Տեր Սարգսին և այլոց, որոնց հայտնի էին թանկագին քարեր հղկելու և մշակելու բազմաթիվ գաղտնիքներ։

17-19-րդ դարեր խմբագրել

17-19-րդ դարերում առանձնապես աչքի են ընկել Նոր Ջուղայի ակնագործները, որոնց աշխատանքի նմուշներից է ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին 1660 թվականին ընծայած «Ալմաստե գահը» (Մոսկվա, Զինապալատ)։

19-20-րդ դարերում Հայաստանում հայտնի էին Վանի, Կ. Պոլսի, Կարսի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Շուշիի և այլ քաղաքների տնայնագործ վարպետ ակնագործները։

Խորհրդային կարգեր խմբագրել

Խորհրդային կարգերի հաստատումից հետո ԽՍՀՄ-ում կազմակերպվեցին ոսկերչական արտելներ, որոնց միավորումից ստեղծվեցին գործարաններ։ ՀԽՍՀ-ում կազմակերպվել է Երևանի ոսկերչական գործարանը։ Ժամանակակից հայ վարպետները օգտագործելով անցյալի հարուստ ավանդույթները, ստեղծում են քեղարվեստական արժեք ունեցող ինքնատիպ զարդեր։

Հայ ոսկերչության և ականաքործության բազմաթիվ նմուշներ առաքվում են արտասահմանյան մի շարք երկրներ (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Դանիա և այլն)։

Ժամանակակից հայ անվանի ակնագործներ խմբագրել

Ժամանակակից հայ անվանի ակնագործ վարպետներից են

  • Կ. Մեսրոպյանը,
  • Թ. Ալավերդյանը,
  • Հ. Թերզյանը,
  • Ս. Քյուրքչյանը,
  • Գ. Մանուկյանը,
  • Հ. Դեմիրճյանը,
  • Ա. Զարդարյանը և ուրիշներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Borel, F. 1994. The Splendor of Ethnic Jewelry։ from the Colette and Jean-Pierre Ghysels Collection. New York: H.N. Abrams (ISBN 0-8109-2993-7).
  • Evans, J. 1989. A History of Jewellery 1100–1870 (ISBN 0-486-26122-0).
  • LaGamma, Alisa (1991). Metropolitan jewelry. New York: The Metropolitan Museum of Art. ISBN 0870996169. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  • Nemet-Nejat, Karen Rhea 1998. Daily Life in Ancient Mesopotamia. Westport, CT: Greenwood Press (ISBN 0-313-29497-6).
  • Tait, H. 1986. Seven Thousand Years of Jewellery. London: British Museum Publications (ISBN 0-7141-2034-0).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնագործություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 226