Ալֆոնսո Սերոն

իսպանացի հոգևորական, շախմատիստ և շախմատային տեսաբան

Ալֆոնսո Սերոն (իսպ.՝ Alfonso Cerón, հայտնի է նաև Ալֆոնսո Զերոն անունով[1], 1535, Գրանադա, Կաստիլիա և Լեոն - 16-րդ դար, Խիրոնա, Gironès), իսպանացի հոգևորական, շախմատիստ և շախմատային տեսաբան։

Ալֆոնսո Սերոն
իսպ.՝ Alfonso Cerón
Պետություն(ներ)Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ1535 թվական
ԾննդավայրԳրանադա
Մահվան ամսաթիվ1575 թվականից հետո
Մահվան վայրԺիրոնա (՞)

Կենսագրություն խմբագրել

Ալֆոնսո Սերոնի կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 1535 թվականին Գրանադայում։ Այդ տեղեկությունը հայտնի է դարձել նրա կողմից գրված շախմատային տրակտատից։ Սերոնը ընդունել է կաթոլիկ քահանայի աստիճան։ Եղել է կանոնիկոս[2]։

Ալֆոնսո Սերոնը համարվում է 16-րդ դարի Իսպանիայի լավագույն շախմատիստներից մեկը։ Նա մասնակցել է ներկայում առաջինը համարվող միջազգազգային մրցույթին, որին մասնակցում էին Իտալիայի և Իսպանիայի չորս ուժեղագույն շախմատիստներ։ Մրցարշավին մասնակցող բոլոր շախմատիստները հանդիսանում էին Իսպանիայի թագավորի հպատակներ, քանի որ Հարավային Իտալիան, որտեղից ժամանել էին իտալացի երկու շախմատիստները, նույնպես մտնում էր իր միապետության կազմի մեջ[3][4]։

Մրցարշավը կազմված էր մի քանի խաղային փուլերից, որոնք խաղացել են տարբեր ժամանակներում Ալֆոնսո Սերոնը և Ռուի Լոպես դե Սեգուրան Իսպանիայից և «Սիրակուզեց» մականունով Պաոլո Բոյին և «Փոքրիկ» մականունով Ջովանի Լեոնարդո դի Բոնան Իտալիայից[5]։ Մրցույթը տեղի է ունեցել 1575 թվականին Մադրիդի մոտակայքում գտնվող Էլ Էսկորիալ պալատում։ Մրցմանը ներկա էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը։ Ալֆոնսո Սերոնը մրցմանը մասնակցողների շարքում ցուցադրեց վատագույն ցուցանիշը[4][6]։

Մադրիդի մրցաշարի որոշ մանրամասներ և Ալֆոնսո Սերոնի կենսագրության մասին տեղեկություններ է հաղորդում իտալացի շախմատիստ և շախմատի պատմիչ Ալեսանդրո Սալվիոն (շուրջ 1570 - 1640 թվականներ) իր «Պուտինո կամ թափառող ասպետը» կենսագրականում, որը նվիրված էր Ջովանի Լեոնարդո դի Բոնային։ Հաշվի առնելով իր մեծ տարիքը՝ Սերոնը արդեն մրցումից հետո թողեց շախմատային կարիերան և բնակվել Մադրիդից ոչ հեռու գտնվող փոքր գյուղում։ Չնայած այդ հանգամանքին՝ նա շարունակում էր համարվել ուժեղ շախմատիստ, ով ոչնչով չէր զիջում Լոպեսին։ Տեղեկանալով, որ Լեոնարդոն հաղթել է Լոպեսին՝ նա Լեոնարդոյին հրավիրում է մրցման։ Սակայն այդ մրցախաղը Սերոնի համար ավարտվեց անհաջող, քանի որ նա պարտվեց բոլոր խաղափուլերում։ Լեոնարդոն, զգալով իր ուժը, առաջարկեց Լոպեսին ու Սերոնին իր դեմ խաղալ երկուսով։ Առաջարկը ընդունվեց Լոպեսի ու Սերոնի կողմից։ Իսպանական ազնվականությունը սկսեց մեծ խաղադրույքներ կատարել այդ տարօրինակ մրցման հաղթանակի համար։ Ջովանի Լեոնարդոն հաղթեց։ Նրա ազգակիցներ Ռոդրիգոն ու Տոմազոն, ովքեր Լեոնարդոյի հաղթանակի վրա են դրել իրենց խաղադրույքը, շահեցին հսկայական գումար[6]։

Երբ Լեոնարդոն խաղում էր Լոպեսի ու Սերոնի հետ, ժամանում է Պաոլո Բոյին, ում նպատակն էր մրցել Ջովանի Լեոնարդոյի հետ, ում հետ նա արդեն մրցել էր, և որի միավորները հավասար էին։ Լեոնարդոն խուսափեց խաղալուց իր հարսնացուի վաղաժամ մահվան պատճառով և հեռացավ Մադրիդից։ Ալեսանդրո Սալվիոն մանրամասներ չի հայտնում նրա հեռանալուց հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին, սակայն ենթատեքստից հասկանալի է դառնում, որ Պաոլո Բոյին դրանից հետո խաղացել է իսպանացի ուժեղագույն շախմատիստների հետ մի քանի մրցափուլ։ Սլավիոն չի հայտնում Ալֆոնսո Սերոնի և Բոյիի խաղի մասին հստակ տեղեկություններ, սակայն գրել է. - «...Բոյին առանց դժվարության հաղթում է Լոպեսին ու Սերոնին»[6]։

Այդ մրցաշարը պատկերված է Լուիջի Մուսինիի կողմից 1883 թվականին ստեղծված «Շախմատային մրցաշար Իսպանիայի թագավորի պալատում» նկարում։

Ալֆոնսո Սերոնի ժառանգություն խմբագրել

20-րդ դարի անգլիացի շախմատային պատմիչ և մաթեմատիկոս Մարի Հարոլդ Ջեյմս Ռուսվեն Մերին պնդում է, որ Ալֆոնսո Սերոնի խաղերի նկարագրությունները պահպանվել են Ջուլիո Չեզար Պուլերիոյի «Manuscrito Buoncompagno» և «Trattato degli Scacchi dell'Abruzzese» գրքերում, որոնք իրենցից ներկայացնում են իտալացի այդ շախմատիստի և շախմատային տեսաբանի 1572 և 1584 թվականների խաղերի ընդհանրական նկարագրությունը, և որը նվիրված է դուքս Սորոյին։ Նա ուղեկցում էր Ջովանի Լեոնարդոյին Մարդիդում 1575 թվականին և ներկա է եղել իր ուղեկցի շախմատային խաղերին[3][4]։

Ալֆոնսո Սերոնը հանդիսանում է շախմատային ուղեցույցի հեղինակ, որի լատինական տարբերակը անվանվել է իր անունով՝ «Alfonsus Ceron, Granatensis» (լատիներեն՝ «De latrunculorum ludo o Del juego del Ajedrez»): Այն հիշատակվում է գրադարանագետ Նիկոլաս Անտոնիոյի կողմից իր «Bibliotheca Hispana Nova» գրքի առաջին գլխում, որը հրատարակվել է 1673 թվականին Հռոմում։ Նրա մասին նույն տեղեկությունը տպագրվել է նաև այդ գրքի երկրորդ հրատարակությունում։ Դրանից հետո տրակտատը չի գրավել ուսումնասիրողների ուշադրությունը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hearst, Eliot; Knott, John. Мадридский турнир 1575 года // Blindfold Chess: History, Psychology, Techniques, Champions, World Records, and Important Games. — Jefferson: McFarland, 2009. — С. 19. — 436 с.
  2. Lionnais, François Le; Maget, Ernst Alfonso Cerón // Dictionnaire des échecs. — Paris: Presses universitaires de France, 1967. — С. 66. — ISBN 978-0-786-3444-2
  3. 3,0 3,1 Murray, Harold James Ruthven Chapter XII. From Lopez to Greco // A History of Chess. — Oxford: Clarendon Press, 1913. — С. 900.
  4. 4,0 4,1 4,2 «Chess and Chess Players of the Renaissance» (անգլերեն). Edo Historical Chess Rating. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Мадридский турнир 1575 года // Шахматы. Энциклопедический словарь. Под ред. Анатолия Карпова. — М: Советская энциклопедия, 1990. — 624 с. — ISBN 5-85270-005-3
  6. 6,0 6,1 6,2 Губницкий С. Сальвио, Алессандро. Путтино, или странствующий рыцарь. 1634 // Шахматы в мире художественной литературы. — Интернет-издание, 2007. — 53 с.
  7. Antonio, Nicolás Alfonso Cerón // Bibliotheca Hispana Nova. — Madrid, 1783. — Т. 1. — С. 17.