Ալվար Աալտոյի անվան գրադարան

Ալվար Աալտոյի գրադարան (ֆին.՝ Viipurin kaupunginkirjasto), ռուս.՝ Библиотека Алвара Аалто), Վիբորգի կենտրոնական քաղաքային գրադարան, որը կառուցվել է 1933-1935 թվականներին` ֆինն ճարտարապետ Ալվար Աալտոյի նախագծով։

Ալվար Աալտոյի անվան գրադարան
Alvar Aalto Library Vyborg3.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1] և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Տեսակգրադարան և գրադարանի շենք
Հիմնվել է1927
ՏեղադրությունՎիբորգ[1]
Այլ տվյալներ
Կայքaalto.vbgcity.ru

ՃարտարապետությունԽմբագրել

Շենքը համարվում է ժամանակակից ճարտարապետության պատմության փուլանիշերից, քանի որ դա նշում է Աալտոյի անցումն ազգային գունավոր նեոկլասիցիզմից դեպի տարածաշրջանային մոդեռնիզմի պարզեցված ձևերի։ Այստեղ էր, որ առաջին անգամ դրսևորվեց նրա ճարտարապետական ոճի յուրահատուկ առանձնահատկությունը ֆունկցիոնալիզմի խստության և բնական գծերի մեղմ սահունության համադրությունը։ Վիբորգի գրադարանից սկսած, Աալտոյի ստեղծագործական ոճը ձգվում էր դեպի բնական նյութերի, մասնավորապես, փայտի օգտագործում։ Ճարտարապետության աշխարհում սենսացիա առաջացրեց դասախոսությունների դահլիճի ալիքաձև ակուստիկ առաստաղը, որը փլուզվեց հետպատերազմյան տարիներին, երբ գրադարանի շենքը դատարկ էր։ Ներկայումս առաստաղը վերականգնվել է ըստ բնօրինակ գծագրերի։ Ընթերցասրահում տեղադրված էին առաստաղի կլոր պատուհաններ, որոնց միջով ներթափանցում էր արևի լույսը, մինչդեռ պատուհանների դահլիճի պատերը պատուհաններ չունեին[2]։

Գրադարանի պատմությունԽմբագրել

Գրադարանի կառուցումը սկսվել է 1927 թվականին, վիբորգցի բարերար Յուհո Լալլուկկայի այրու` մեծահարուստ Մարիա Լալլուկկայի կտակած միջոցներով։ 1935 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ գրադարանի հանդիսավոր բացումը։ Շուտով գրադարանը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում որպես գրադարանի շենքի չափանիշ։ Այստեղ Ալվար Աալտոն կարողացել է հաշվի առնել գործունեության այս ոլորտի համար կարևոր բոլոր առանձնահատկությունները՝ գրքերի պահպանման եղանակները, հատկապես գրադարանավարների աշխատանքի առանձնահատկությունները և իհարկե, ընթերցողների կարիքները։ Ընթերցասրահի եզակի ալիքաձև առաստաղը Ալվար Աալտոյի ճարտարապետական ոճի առանձնահատկությունն է։ Նրա կողմից ինքնուրույն մշակվել է գրադարանի ոչ ստվերային լուսավորության համակարգը ձագարաձև լամպերի օգնությամբ։ Գրադարանն իր սկզբնական տեսքով գոյություն է ունեցել մինչև 1939 թվականը։ 1940 թվականին Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև պատերազմ սկսվեց, և 1940 թվականին խորհրդային զորքերը գրավեցին Վիբորգը։ Այդ տարիներին գրադարանը կոմպլեկտավորված էր շվեդերեն, ֆիններեն, գերմաներեն գրականությամբ, բայց պատերազմից հետո պարզվեց, որ այն դատարկ է և փոխեց իր կարգավիճակը՝ դառնալով Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարանի մասնաճյուղ։ Նրա հավաքածուները համալրվեցին ռուսերեն գրքերով, որոնք պահպանվում են ֆոնդերում մինչ օրս։ 1944 թվականին Վիբորգը կրկին մտավ Խորհրդային Միության կազմի մեջ, և գրադարանը երկար ժամանակ լքված վիճակում էր։ Որպեսզի տեղի բնակիչները կարողանան օգտվել գրադարանի ծառայություններից, անհրաժեշտ էր այն վերակառուցել, որի համար համապատասխան միջոցներ գտնվեցին միայն 1954 թվականին[3] և գրադարանում սկսվեցին վերականգնման աշխատանքներ իրականացվել։ Բայց վերականգնողների մոտ բնօրինակ նախագծերի և անհրաժեշտ նյութերի պակասը թույլ չտվեց վերականգնել շենքն իր սկզբնական տեսքով։

1961 թվականին գրադարանը վերաբացվեց այցելուների համար, բայց կատարվեց անվանափոխություն և այն կոչվեց «Նադեժդա Կրուպսկայայի անվան կենտրոնական քաղաքային գրադարան»։ Վերակառուցման տարիներին գրադարանի ֆինանսավորումը գրեթե դադարեցվեց։ Բայց Սանկտ Պետերբուրգի բուհերի մի քանի մասնաճյուղերի բացման շնորհիվ ընթերցողների քանակը զգալիորեն մեծացավ։ Գրադարանի գոյությունը պահպանելու համար ներդվեց վճարովի աբոնեմենտ, բայց ժամանակի ընթացքում դրա անհրաժեշտությունը վերացավ, և գրադարանը դարձավ անվճար։ 1998 թվականին գրադարանը ստացավ իր ներկայիս անվանումը՝ «Վիբորգի Ալվար Աալտոյի անվան կենտրոնական գրադարան»։ Ճարտարապետական առանձնահատկություններից բացի, գրադարանը ունի գրքերի եզակի հավաքածու։ Օրինակ՝ գավառագիտական գրականության բաժնի հավաքածուն ձևավորվել է և շարունակում է ձևավորվել Ֆինլանդիայի Լապենրանտա քաղաքի գրադարանի կողմից նվիրաբերված ֆոնդերի հաշվին։ Դրանք գրքեր են Վիբորգի և Կարելիայի մասին ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Գրադարանի շենքի վերականգնման տարիներին այդ հավաքածուն համալրվեց Ալվար Աալտոյի ստեղծագործությունների և գրադարանի շենքի վերաբերյալ գրքերի ընտրանիով։ Դրանց թվում էր, օրինակ, Ալվար Աալտոյի կենսագիր Գորան Շիլդտի եռահատոր գիրքը` հեղինակի մակագրությամբ[4]։

Ներկայումս Ալվար Աալտոյի գրադարանի շենքը գտնվում է պետական պահպանության ներքո։

ՎերականգնումԽմբագրել

1992 թվականին հիմնադրված «Վիբորգի գրադարանի վերականգնման ֆիննական կոմիտեն» հուշարձանի վերականգնման հարցը դուրս բերեց միջազգային մակարդակի։ 1994 թվականից մինչև 2010 թվականը «Վիբորգի Ալվար Աալտոյի գրադարանի շենքի համապարփակ գիտական վերականգնում» միջազգային նախագիծը հավասարաչափ ֆինանսավորվել է ինչպես ռուսական կողմից, այնպես էլ միջազգային աղբյուրներից։ 2010 թվականին գրադարանի վերականգնման համար միջոցներ են հատկացվել դաշնային բյուջեից՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարության 08.12.2010 թ. Թիվ 2196-r կարգադրության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության Նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ։ Ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացրել են Լենինգրադի մարզի նահանգապետը և կառավարությունը, Վիբորգի քաղաքային վարչակազմը և վերականգնման ոլորտի առաջատար փորձագետները։ 2012 թվականի մայիսին գիտաարտադրական և նախագծային ասոցիացիայի մասնագետները «Սոյուզստրոյռեստավրացիա» գիտաարտադրական և նախագծային ասոցիացիա ՍՊԸ-ի մասնագետները ավարտեցին վերականգնման առաջին փուլի աշխատանքները։ 2013 թվականի հոկտեմբերին ավարտվեց վերականգնման երկրորդ (եզրափակիչ) փուլը, իսկ 2013 թվականի նոյեմբերին գրադարանը հանդիսավորությամբ բացվեց` Ռուսաստանի և Ֆինլանդիայի պաշտոնատար անձանց ներկայությամբ։ Վերականգնումը համարվում էր մոդեռնիզմի ճարտարապետության հուշարձանների վերականգնման և պահպանման պիլոտային ծրագիր, որն իրականացվել էր Ֆինլանդիայի վերականգնման կոմիտեի և ICOMOS-ի հետ համատեղ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել