Ալեքսանդր Վասիլևսկի
Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկի (սեպտեմբերի 18 (30), 1895, Vichuga, Իվանովոյի մարզ - դեկտեմբերի 5, 1977[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1943), Խորհրդային Միության կրկնակի հերոս։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
ԳործունեությունըԽմբագրել
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918)։ Խորհրդային բանակում ծառայել է 1918 թվականից։ Քաղաքացիական պատերազմից հետո վարել է ռազմական, մի շարք ղեկավար պաշտոններ։ 1937 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան։ Ծառայել է Գլխավոր շտաբում, 1942 թվականի հունիսից՝ Գլխավոր շտաբի պետն էր և պաշտպանության ժողկոմի տեղակալը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1942-1943 թվականներին կոորդինացրել է Հարավ-Արևմտյան, Դոնի և Ստալինգրադի (Ստալինգրադի ճակատամարտում), Վորոնեժի և Տափաստանային (1943 թվականին Կուրսկի աղեղի մարտերում), Հարավ-Արևմտյան և Հարավային (Դոնբասի ազատագրման ժամանակ), 4-րդ Ուկրաինական, Սևծովյան նավատորմի հետ (Ղրիմի համար մարտերում), 3-րդ և 4-րդ Ուկրաինական (Առափնյա Ուկրաինայում մղված օպերացիաներում), 3-րդ Բելառուս․, 1-ին և 2-րդ Մերձբալթյան (Բելառուսիայի, Լատվիայի և Լիտվայի ազատագրման ժամանակ) ռազմաճակատների գործողությունները։ 1945 թվականի փետրվարից՝ 3-րդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար։ Հաջողությամբ իրականացրել է Արևելյան Պրուսիայի և Քյոնիգսբերգի գրավման օպերացիաները։ 1945 թվականի հունիսին նշանակվել է Հեռավոր Արևելքում խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար և դրանք ղեկավարել 1945 թվականի խորհրդային-ճապոնական պատերազմում։ 1946 թվականից՝ Գլխավոր շտաբի պետ և պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, 1949-1953 թվականներին՝ պաշտպանության մինիստր, 1953-1957 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և տեղակալ։ 1959 թվականի հունվարից ղեկավար աշխատանք է կատարել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։ ԽՍՀՄ 2-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1952-1961 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի» 2, Կարմիր դրոշի 2, Սուվորովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի և 14 արտասահմանյան շքանշաններով, ինչպես և մեդալներով։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 293)։ |