Աթենաս Պրոմաքոսի արձան (Ἀθηνᾶ Πρόμαχος՝ Աթենաս Ամենահաղթ)՝ հին հույն ականավոր քանդակագործ Ֆիդիասի ստեղծագործած բրոնզաձույլ հսկա արձանը, որ տեղադրված է եղել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հին միջնաբերդում՝ Ակրոպոլիսում

Հին Ակրոպոլիսը 19-րդ դարի գերմանացի նկարիչ Լեո ֆոն Կլենցեի պատկերացմամբ
Աթենաս Պարթենոս
Ֆիդիասի ,,Լեմնոսյան Աթենաս,, կամ ,,Աթենաս Վարվակեոն,, արձանի վերակազմությունը
,,Աթենաս Վարվակեոն,,-ի հռոմեական պատճենը

Պատմություն խմբագրել

Աթենաս Պրոմաքոսի արձանը Ֆիդիասի ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներից է։ Քանդակագործն այն արարել է ինը տարում, ենթադրվում է՝ մ. թ. ա. 465-456 թվականներին։ Արձանի առնչությամբ Ἀθηνᾶ Πρόμαχος արտահայտությունը առաջին անգամ գործածվել է Դեմոսթենեսի սկոլիոնում[1] (սկոլիոնը խնջույքների ժամանակ փոխնիփոխ կատարվող հին հունական երգի տեսակ էր)։

Արձանը տեղադրված է եղել Պարթենոն և Էրեքթեոն տաճարների միջև (ըստ այլ աղբյուրների՝ Ակրոպոլիսի գլխավոր շքամուտքի՝ Պրոպիլեոնի և Էրեքթեոնի միջև), բարձր պատվանդանի վրա։ Աթենաս Պալլաս աստվածուհին ներկայացված է եղել զինավառ՝ սաղավարտով, վահանով, նիզակով։ Ըստ Պավսանիասի վկայության[2]՝ վահանի վրա փորագրված են եղել մարտի տեսարաններ, այդ թվում՝ լապիթոսների ու կենտավրոսների կռիվը, որը փորագրվել է ըստ Էվենորի որդի Պարասիուսի գծանկարի։ Աթենասի սաղավարտն ու նիզակի ծայրակալը պատրաստված են եղել մաքուր ոսկուց, որը վառ կերպով շողարձակել է արևի ճառագայթների ներքո, և Սունիոն հրվանդանին հասած նավերի նավաստիները դեռ շատ ու շատ հեռվից նկատել են դրանց փայլն ու իրենց նավը վարելիս կողմնորոշվել դրանով։ Ըստ պատմիչների հայտնած տեղեկությունների՝ բրոնզաձույլ արձանը կերտելու համար օգտագործվել է այն պղինձը, որ հույները գրավել էին պարսիկներից՝ Մարաթոնի նշանավոր ճակատամարտում նրանց պարտության մատնելուց հետո։

Աթենաս Պրոմաքոսի արձանը վեր է խոյացել Աթենք քաղաքի համայնապատկերի վրա շատ ու շատ հարյուրամյակներ։ Բայց, հավանաբար՝ մեր թվականության հինգերորդ դարում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, տեղադրվել այս քաղաքի Ձվաձև ֆորումում։ 1203 թվականին արձանը կործանվել է Կոստանդնուպոլիս ներխուժած խաչակիրների կողմից՝ նրանց չորրորդ արշավանքի ժամանակ[3]։

Պահպանվել է միայն արձանի ահռելի պատվանդանը՝ 5,47 մ x 5,58 մ չափերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kata Androtionos paranomon 597.
  2. I 28.2.
  3. |R.J.H. Jenkins}}, The Bronze Athena at Byzantium, in Journal of Hellenic Studies 67 (1947), pp 31–33.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Hans Georg Niemeyer: Athena Promachos. 1960.
  • Birte Lundgreen: A Methodological Enquiry: The Great Bronze Athena by Pheidias. In: Journal of Hellenic Studies. Bd. 117, 1997, S. 190–197.
  • Volker Michael Strocka: Kopien nach Pheidias. Logische Stilentwicklung oder Circulus Vitiosus? In: Volker Michael Strocka (Hrsg.): Meisterwerke: Internationales Symposion anlässlich des 150. Geburtstages von Adolf Furtwängler. Freiburg im Breisgau, 30. Juni – 3. Juli 2003. Hirmer, München 2005, S. 122–131
  • Pijoán, José. Fidias. Historia general del arte, colección Summa Artis. Tomo IV, El arte griego hasta la toma de Corinto por los romanos. Editorial Espasa Calpe S.A.
  • Boardman, John. Escultura griega. Ediciones Destino, 1999.
  • Stefania Ratto. Grecia. Colección Los diccionarios de las civilizaciones. Editorial Mondadori-Electa. Milán, 2006.