Վայք

քաղաք Հայաստանում
(Վերահղված է Ազիզբեկովից)

Վայք, քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի ափին։

Քաղաք
Վայք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձոր
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԱզիզբեկով
Մակերես3 կմ²
ԲԾՄ1300±1 մետր
Բնակչություն4700 մարդ (2016)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունվայքեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3801
Պաշտոնական կայքvayk.am
Վայք (Հայաստան)##
Վայք (Հայաստան)

Աշխարհագրություն

խմբագրել
 
Արփա գետ

Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 20 կմ, իսկ Երևան քաղաքից մոտ 140 կմ հեռավորության վրա և հանդիսանում է Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի հանգույց։

Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիսարևմտյան մասում Եղեգիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ կտրտված տեղամասեր։ Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր։

Վայքի տարածքով հոսում է Արփա գետը։ Գարնանային վարարումները միջին հոսանքում սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետին հասնում են ապրիլին կամ մայիսին, գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի կեսերին։ Վարարումները տևում են 90-120 օր։ Գետը սնվում է անձրևաջրերով և ձնհալի ջրերով։ Գետի վտակները հեղեղաբեր են։ Ձմռանը գետը ափային մասում սառցակալում է։

Վայքի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է։ Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևելք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում եղած հողային ծածկույթը փոքր հզորության է և ներկայացված է բաց շականակագույն հողերով, հիմնականում խիստ էռոզացված։

Տարածքի կլիման չոր ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև։ Գարունը տաք է, համեմատաբար երկարատև։ Ամառը երկարատև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։ Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը։

Պատմություն

խմբագրել
 
Հուշաղբյուր Վայքի Սբ․ Տրդատ եկեղուցու բակում

Վայոց ձորի մասին առաջին տեղեկությունները հիշատակվում են պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի էջերում՝ Վարդանանքի հերոսապատման կապակցությամբ հիշատակելով Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի մասին՝ որպես ազատագրական շարժման ղեկավարներից մեկին, որը հանդիսանալով Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից՝ Վայոց ձորում է բացել տարածքի առաջին դպրոցը։

Ըստ VII դարի «Աշխարհացույցի»՝ Վայոց ձորը սահմանակից է եղել արևելքից՝ Արցախի Վայկունիք և Սյունյաց Ծղուկք, արևմուտքից՝ Այրարատի Արած, Ուրծաձոր, հյուսիսից՝ Սյունյաց Գեղարքունիքի և Սոդի, հարավից՝ Այրարատի Շարուր գավառներին։

Վենետիկյան միաբանության կարկառուն դեմք, մեծ ազգագրագետ Հայր Ղևոնդ Ալիշանը Վայոց ձորի անվան ծագումնաբանությունը կապում է ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր՝ «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր։ Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տուն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման։ Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր։

Վայոց ձորն իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել։ Հայտնի է, որ Վանի թագավորության ժամանակ, մ.թ.ա. XI դարում, եղել է Երվանդունիների, իսկ մ.թ.ա. II դարի վերջին մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թվականներին Բագրատունիների թագավորության, իսկ XII-XIII դդ. Զաքարյանների իշխանության ներքո։

Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը։ Նախախորհրդային շրջանում՝ 1850 թվականից սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղ խորհրդային կարգերը հաստատվել են 1921 թվականին։ 1921-1929 թվականներին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։ 1930-ին Դարալագյազի գավառը վերացվում է և հետագայում դրա տարածքից կազմվում են Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ։ 1956 թվականի հոկտեմբերի 18-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Սոյլանը վերանվանվել է Ազիզբեկովի անունով։

Քաղաքը ձգվում է մոտ 1,5 կմ երկարությամբ։ Կլիման չորային է, հարավում և հյուսիսում պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ։ Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում (նրա կողմից վերանորոգված է 1827 թվականին), հյուսիս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։

Նախկին Վայքի շրջանը սահմանակից է արևելքից Սիսիանին, արևմուտքից՝ Եղեգնաձորին, հյուսիսից և հյուսիս-արևելքից՝ պատմական Ղարաբաղի տարածքին, հարավից՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքին։

Նոր կազմավորված վարչական շրջանը, իր կենտրոնն ունենալով Ազիզբեկով (Փշոնք-Փաշալու) գյուղը, շրջկենտրոնի անունով էլ կոչվում է Ազիզբեկովի շրջան։ Հետագայում Վայոց ձորի գեղատեսիլ արոտավայր Սոյլան գյուղատեղը ընտրվում է որպես Ազիզբեկովի վարչական կենտրոն և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թվականի հոկտեմբերի 12 հրամանագրով դառնում է քաղաքատիպ ավան Ազիզբեկով, իսկ նախկին Փշոնք, Փաշալու-Ազիզբեկով գյուղը Գերագույն Խորհրդի 1957 թվականի հուլիսի 8 հրամանագրով դառնում է Զառիթափ։

Իր հերթին Ազիզբեկով քաղաքատիպ ավանը Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1990 թվականի հրամանագրով ստանում է իր պատմական տարածաշրջանի նվիրական անունը և կոչվում Վայք, իսկ շրջանը Վայքի շրջան։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել
 
Սբ․ Տրդատ եկեղեցին

Քաղաքում է գտնվում «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի մասնաճյուղը, շինանյութերի կոմբինատը և գորգագործական ֆաբրիկան։

Վայքից դեպի հյուսիս-արևելք, Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում, գտնվում են հին բնակավայրի ավերակներ և Սբ. Տրդատ եկեղեցին։ Քաղաքից մոտ 1 կմ արևմուտք, Արփայի վրա, գտնվում է “Պասկևիչի” կամուրջը՝ կառուցված 17-րդ դարում և վերանորոգված 1827 թ-ին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Վայք քաղաքում ապրում է՝ առկա բնակչություն՝ 5458 մարդ, մշտական բնակչություն՝ 6024 մարդ։

Վայքի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի Բնակչություն
1897 22 մարդ
1963 1115 մարդ
1972 3004 մարդ
1976 4644 մարդ
1989 6550 մարդ
2001 6024 մարդ
2004 6000 մարդ
2015 5800 մարդ
2016 4700 մարդ


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղում է արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։

Առողջապահություն

խմբագրել

Վայք քաղաքի հիվանդանոցը կառուցվել է 1984 թվականին։ Նրան կից գործում է ծննդատուն։ Վերջին տարիներին շահագործման է հանձնվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը։ Հիվանդանոցին կից գործում է նաև պոլիկլինիկա և շտապ բուժօգնության կայան։

Մշակույթ և սպորտ

խմբագրել

Վայքի մարզամշակութային օբյեկտներն են՝ 600 և 200 տեղանոց դահլիճներով մշակույթի պալատը, գեղարվեստի և երաժշտական դպրոցները, գրադարանը՝ 180 հազար կտոր գրքով, 2000 տեղով մարզադաշտը։

Համայնքային կյանք

խմբագրել

Ջրամատակարարման միակ աղբյուր են հանդիսանում 16-20 կմ հեռավորության վրա Հերհեր գյուղի մոտ գտնվող «Բազմաղբյուր» կոչվող աղբյուրները։

Քաղաքում գործում են հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորան, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտներ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 187» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայք» հոդվածին։