Բացել գլխավոր ցանկը

Ազդանշանային համակարգ, գլխուղեղում արտաքին և ներքին ազդեցություններից առաջացող նյարդային պրոցեսների և ժամանակավոր կապերի համակարգ։ Ապահովում է օրգանիզմի հարմարվողականությունը շրջապատի պայմաններին։ Ազդանշանային համակարգ հասկացությունը սահմանել է Իվան Պավլովը։ Բարձրագույն նյարդային գործունեությունը խարսխվում է Ազդանշանային համակարգի վրա։ Ստորաբաժանվում է առաջինի և երկրորդի։ Առաջին Ազդանշանային համակարգի շնորհիվ կենդանական աշխարհի պայմանառեֆլեկտորային գործունեությունը հիմնվում է միայն կոնկրետ, բացարձակապես առարկայական բնույթի ազդանշանների՝ ձայնային, տեսողական, լսողական, շոշափելիքի և այլ գրգռիչներից ստացված ինֆորմացիայի վրա։ Այս խմբի պայմանական ոեֆլեքսներին բնորոշ են՝ շրջապատի տարբեր իրավիճակներ արտահայտող սննդային, պաշտպանական կամ սեռական կոնկրետ ազդանշանների ոչ պայմանական ամրացումը և նպատակադրված հարմարվողական ռեակցիայի կենսաբանական բնույթը։ Երկրորդ Ազդանշանային համակարգ կապված է մարդկային խոսքի, մտածողության և լեզվի հետ։ Երևույթի կոնկրետ ազդանշանին փոխարինող մարդկային խոսքը վերացական Ազդանշան է և ազդում է ոչ թե ձայնային էֆեկտով, այլ դրա գիտակցական բովանդակությամբ։ Խոսքի միջոցով առաջացող պայմանական ռեֆլեքսները կապված են մարդկային գիտակցական գործունեության հետ։ Մարդու բարձրագույն նյարդային գործունեության մեջ Ազդանշանային համակարգերի տարբեր փոխհարաբերությունների հիման վրա Ի. Պ. Պավլովն առանձնացնում է նյարդային գործունեության երկու տիպ՝ գեղարվեստական և մտածող։ Նյարդային գործունեության երկրորդ տիպի մոտ Ազդանշանային համակարգ ավելի ցայտուն է արտահայտված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png