Աերոֆլոտի տուն (Նովոսիբիրսկ)

«Աերոֆլոտի» տուն (ռուս.՝ Дом «Аэрофлота»), հինգհարկանի շենք կոնստրուկտիվիզմի ոճով, որը գտնվում է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնական թաղամասում՝ Կարմիր պողոտայի և Յադրիցևի փողոցի անկյունում։ Կառուցվել է 1930-ական թվականների սկզբին։ Ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Աերոֆլոտի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոսիբիրսկ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

«Աերոֆլոտի» տան ճարտարապետը և կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չեն։

Շենքը կառուցվել է 1930-ական թվականներին և նախատեսված էր «Աերոֆլոտի» վարչական և ծառայողական մարմինների տեղաբաշխման համար։

Գլխավոր արևմտյան ճակատը նայում է Կարմիր պողոտային, հարավային կողային հատվածը դուրս է գալիս դեպի Յադրիցևի փողոց։ Հյուսիսից շենքին հարում է հարևան տան ոճով կառուցված դեկորատիվ սյունաշարք։

Ճակատային համաչափությամբ հորինվածքով հինգհարկանի շենքի հատակագիծը ուղղանկյունաձև է։ Շենքի ամբողջական համաչափությունը խախտում է միայն հարավարևմտյան անկյունում գտնվող մուտքը, որն ընդգծվում է բարձր առմուտքով և «ներանկված» անկյունով։

Երկու վերին հարկերը, ի տարբերություն մյուսների, ունեն ավելի ցածր բարձրություն։

Անկյունային պատշգամբները տեսողականորեն ամրացնում են անկյունները՝ ստեղծելով հարկերի ճշգրիտ ուղղահայաց ռիթմ։

Գլխավոր ճակատը պսակվում է բարձր ատտիկոսով, նրա կենտրոնը զարդարում է «Աերոֆլոտի» խորհրդանիշի խորաքանդակը։ Խորաքանդակի կողքերին ձեղնահարկի կլոր լուսամուտներ են։

Հինգերորդ և չորրորդ հարկերի պատուհանների միջև «Աերոֆլոտ» ծավալային մակագրությունն է։

Շենքի ճակատները ներկված են բաց երկնագույն[1][2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել