Աերոբներ
Աերոբներ (հուն․՝ αηρ - օդ и βιοζ - կյանք), օդակյացներ, օրգանիզմներ, որոնց կենսագործունեությունը պայմանավորված է օդի ազատ մոլեկուլային թթվածնով։
Աերոբներ են գրեթե բոլոր կենդանական ու բուսական օրգանիզմները և մանրէների մեծ մասը։
Վերջիններս բաժանվում են 2 խմբի՝
- օբլիգատ (անպայման) աերոբներ, որոնց գոյությունը բացառված է թթվածնազուրկ պայմաններում (օրինակ քացախաթթվային բակտերիաները),
- ֆակուլտատիվ (պայմանական) աերոբներ, որոնք թթվածնի սակավության կամ բացակայության դեպքում անցնում են անաերոբ կյանքի (օրինակ խմորասնկերը)։
Աերոբները քայքայելով օրգանական միացությունները՝ ապահովում են նյութերի շրջանառությունը բնության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 93)։ |