Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրամելեք (այլ կիրառումներ)

Ադրամելեք (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 7-րդ դար), Ասորեստանի Սենեքերիմ (մ.թ.ա 705-մ.թ.ա. 680) թագավորի որդին։ Կոչվում է նաև Արադ-Նինլիլ կամ Արադ-Նիլլիլ[1], Արգամոզան[2][3][4] (Արդամոլան)[5], Աբիա[6], Աբդիմելեք[7] և Ադրամոզան[4]։ Համարվում է Գնունիների և Արծրունիների նախարարական տոհմերի հիմնադիրը։

Ադրամելեք
Արադ-Նինլիլ կամ Արադ-Նիլլիլ[1]
Ադրամելիքի փախուստը, աստվածաշնչյան նկարազարդումը՝ Արթուր Մուրչի կողմից (1872)։
Ասորական արքայազն
 
Ծննդյան օր մ.թ.ա. 7-րդ դար
Ծննդավայր Ասորեստան
Վախճանի օր մ.թ.ա. 7-րդ դար
Թաղված Ancient sites in Gush Halav
Հայր Սենեքերիմ

Սենեքերիմի սպանությունը

խմբագրել
 
Սենեքերիմի սպանությունը

Մ.թ.ա. 681 թվականին (ըստ Չամչյանի 3295 թվական), Հուդայի Եզեկիա թագավորի դեմ ձախողված արշավանքից հետո, երբ Սենեքերիմը վերադարձավ Նինվե, նրա երկու որդիները՝ Ադրամելեքը և Սանասարը, վախենալով թե կզոհաբերվեին Նեսրաք աստծուն, սպանեցին իրենց հորը և փախան Հայաստան[8]։ Սկայորդին՝ Հայոց նահապետը ընդունում է նրանց և բնակեցնում Հայաստանի հարավային կողմերում[9][10][11]։ Ըստ Մովսես Խորենացու Ադրամելեքից և Սանասարից են սերվել Արծրունիներն ու Գնունիները և սասունցիները։

Հիշատակությունը Աստվածաշնչում[12]

խմբագրել

Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը[13] չվեց գնաց ու վերադառնալով նստեց Նինվե (քաղաքի) մեջ։ Եվ այն ժամանակ, երբ նա իր աստծո՝ Նեսրաքի տանը[14] երկրպագում էր (կուռքերին), նրա որդիները՝ Ադրամելեքը[15] և Սանասարը[16], սպանեցին նրան սրով ու Արարադի երկիրը[17] փախան և նրա փոխարեն որդին՝ Ասորդանը[18] թագավոր եղավ[19]։

«Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի

խմբագրել

Ըստ Թովմա Արծրունու Սենեքերիմի որդիները՝ Ադրամելեքն ու Սանասարը սպանեցին իրենց հորը և ուժեղ զորագնդով եկան Սիմ լեռը, որն իր անունն ստացել էր իրենց նախահայր Սեմի անունից։ ... Նրանք ապրեցին Սիմ լեռան վրա, մինչև Տիգրան Հայկազնը[20]։

Սենեքերիմի երկու որդիները՝ Ադրամելեքն ու Սանասարը, Ասորդանիսին թագավորեցնելու պատճառով նախանձեցին, չարացան և սրով սպանեցին իրենց հորը, որը թագավորել էր 18 տարի։ Իսկ իրենք, ինչպես վերևում ասվեց, գնացին հյուսիս-արևելք[21]։

Սրանք կոչվում են արագագնաց մեկնազեններ, բնակվում են այն լեռան վրա, որն Աղձնիքը բաժանում է Տարոնից։ Խրթին և անհասկանալի խոսակցության, բարքերի պատճառով անվանում են Խութ։ Իրենց անունով լեռն էլ է Խութ անվանվում։ Անգիր գիտեն հայոց վարդապետների թարգմանած հին սաղմոսները, որ մշտապես ունեն շուրթներին։ Սրանք ասորեստանցի ռամիկներ են, որ գաղթեցին Ադրամելեքից և Սանասարից՝ Ասորեստանի և Նինվեի թագավոր Սենեքերիմի որդիներից հետո և նրանց անունով իրենց անվանադրեցին Սանասնյաք։ Հյուրասեր են և պատիվ տվող[22][23]։

«Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի

խմբագրել

... Նաբուգոդոնոսորի թագավորությունից ութսուն, քիչ կամ պակաս տարի առաջ՝ այս Սենեքերիմը Ասորեստանի թագավոր է եղել, նա որ պաշարել Երուսաղեմը պաշարեց հրեաների Եզեկիա առաջնորդի ժամանակ։ Նրա որդիները, Ադրամելեք և Սանասար, նրան սպանելով, փախան եկան մեզ մոտ[24]։

Իսկ Արգամոզանը[2] բնաակվեց նույն (Մեծ Հայքի հարավարևմտյան կողմ) կողմի արևելյան հարավում։ Պատմագիրն ասում է, թե սրանցից սերվեցին Արծրունիներն ու Գնունիները։ Այս էր պատճառը, որ մենք հիշեցինք Սենեքերիմին[25]։

Բայց Անգեղ տան մասին նույն պատմագիրն ասում է, թե սերված է մի ոմն Պասքամից, Հայկի թոռից[25]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116 (ծանոթագրություն)
  2. 2,0 2,1 Նույն Ադրամելեք անունն է, որ աղավաղվելով դարձել է այստեղ Արգամուլան, որ ըստ Նորայրի ուղղագրության ուղղեցինք Արգամոլան։ Ինչպես ս. գրքի մեջ երկու անգամ գրված է (Դ թագ. Իթ, 37, Ես Լէ, 38), երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը երկրպագում էր կուռքին՝ նրա երկու որդինքը Ադրամելեք և Սանասար սրով սպանեցին նրան և իրենք փախան Արարադա երկիրը, Հայաստան։ Նույն բանը մի երկու մանրամասնություններով պատմում է և Հովսեպոս, Հնախոսության մեջ, առնելով Քաղդեայի Բյուռոսի գրքից (Էմին, ծանոթ. 79): Արծրունյաց նախարարական տունն իրեն համարում է ծագած այս երկու եղբայրներից։ Սենեքերիմի սպանությունը որդիների ձեռքով տեղի է ունեցել մ.թ.ա. 681 թվականին և զարամանալի է, ինչպես ավելի քան 2500 տարի կենդանի է մնացել հայ ժողովրդի հիշողության մեջ, որովհետև Սասնա ծռերի շատ տարբերակներում հիշվում են այս Սանասարն ու Ադրամելեքը, որոնցից սերվել են Սասնա ծռերը՝ Մհերը և Դավիթ Սասունցին։
  3. «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց», Մխիթար Անեցի, գ
  4. 4,0 4,1 «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 46
  5. «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, ծանոթ. 77
  6. «Ժամանակագրութիւն», Միխայէլ Ասորի, Երուսաղէմ, 1871, դ
  7. «Մայր ցուցակ, հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր Բ, 1924, Վենետիկ, էջ 23
  8. «Պատմութիւն Հայոց», Մ. Չամչյան, հատոր Ա, էջ 98
  9. Դ Թագավորաց 17:31, ԺԹ, 37
  10. Դ Թագավորաց 19:37
  11. Եսայի 37:38
  12. Թագավորությանց Չորրորդ գիրք, գլ. ԺԹ, 36-37
  13. Ասորեստանի Սինախերիբ (մ.թ.ա. 705-681 թթ.) թագավորն է, Սարգոն Բ-ի որդին։
  14. Խոսքը Նեսրաք աստծո տաճարի մասին է։
  15. Ադրամելեք անվան տակ ուսումնասիրողները տեսնում են Սինեխերիբի Արադ-Նինլիլ (կամ Արադ-Նիլլիլ) որդուն։
  16. Ի դեմս Սանասարի, ուսումնասիրողները տեսնում են ասորական զորապետ Նուբուշարուծուրին։
  17. Խոսքն այստեղ Ուրարտական պետության մասին է։ Աստվածաշնչի եբրայական բնագիրը, հունական (Յոթանասնից), ասորական (Պեշիտա) և արաբական թարգմանությունները հայրասպան որդիների ապաստարան երկիրն անվանում են Արարատ կամ Արարադ, քաղդեականը՝ Կարդու։ Ի դեպ, սույն հատվածը տեղ է գտել նաև Աստվածաշնչի «Մարգարէութիւն Եսայեայ» գրքում (Եսայի, գլ. ԼԵ, 38)։ Այստեղ եբրայական բնագիրը և լատինական թարգմանությունը (Վուլգատա) հայրասպան որդիների ապաստարան երկիրն անվանում են Արարատ, հունական և արաբական թարգմանությունները՝ Արմենիա, իսկ ասորականը և քաղդեականը՝ Կարդու։ Այսինքն Արարատ, Արարադ և Կարդու երկրանունները գործածված են որպես Արմենիա - Հայք երկրանվան հոմանիշներ։
  18. Ասորեստանի Ասարխադդոն թագավորն է (մ.թ.ա. 680-669)՝ Սինախերիբի կրտսեր որդին։
  19. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116
  20. «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 16-17
  21. «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 60-61
  22. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 720
  23. «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 192-193
  24. «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 131
  25. 25,0 25,1 «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 132

Աղբյուրներ

խմբագրել
  • «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Ա, էջ 98
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 52
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116 (ծանոթագրություն), 720
  • «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց», Մխիթար Անեցի, գ
  • «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 46
  • «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, ծանոթ. 77, գլ. Ա, ԻԳ, էջ 131-132
  • «Ժամանակագրութիւն», Միխայէլ Ասորի, Երուսաղէմ, 1871, դ
  • «Մայր ցուցակ, հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր Բ, 1924, Վենետիկ, էջ 23
  • Աստվածաշունչ, Դ Թագավորաց 19:37, Եսայի 37:38
  • «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 16-17, 60-61, 192-193