Ագրոկլիմայական ցուցանիշներ

Ագրոկլիմայական ցուցանիշներ, մշակաբույսերի աճի, զարգացման և բերքատվության համար անհրաժեշտ կլիմայական գործոնները բնութագրող քանակ, մեծություններ։ Ագրոկլիմայական ցուցանիշներ են բույսի վեգետացիայի շրջանը, լույսի քանակը (գնահատվում է ուղիղ և ցրված ճառագայթման գումարով), ջերմաապահովվածությունը (10 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարով), խոնավաապահովվածությունը (արտահայտվում է տեղումների քանակով, հողի խոնավության պաշաղներով, խոնավացման գործակցով), ձմեռող մշակաբույսերի համար՝ վտանգավոր ցրտերի բացակայությունը և այլ գործոններ։ Ագրոկլիմայական ցուցանիշների մեծությամբ գնահատվում է բերքի բարենպաստության աստիճանը և որոշվում բույսի պահանջների ցուցանիշների հետ համադրելով, օրինակ՝ Արարատյան դաշտի պայմաններում խաղողի միջահաս սորտերի հասունացման համար պահանջվում է 10 °C-ից բարձր 3400-3500 °C ակտիվ ջերմաստիճանների գումար, իսկ առկա է 3900-4100 °C: Բույսի ջրի պահանջը վեգետացիայի ընթացքում 800-900 մմ է, սակայն տեղումների քանակը հասնում է 150-200 մմ։ Ձմռանը չթաղված խաղողի որթը դիմանում է -17-ից -18 °C ջերմաստիճանի պայմաններում, այստեղ այն -19-ից -21 °C է (որը պատահում է 10 տարիներից 5-ում)։ Խաղողի որթի բողբոջները բացվում են ապրիլի 15-20-ին, այդ ժամանակ բացասական ջերմաստիճանների հավանականությունը 30-50% է։ Այսպիսով՝ խաղողի միջահաս սորտերի հասունացումն այստեղ ապահովված է ջերմաստիճանների գումարով, սակայն խոնավաապահովվածությունը 15-20% է (պահանջվում է ինտենսիվ ոռոգում), ինչպես նաև միջոցառումներ վաղ բացված բողբոջները ցրտահարություններից (միջին հաշվով՝ 2 տարին մեկ) պաշտպանելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։