Ագրոկենսահամակեցություն

Ագրոկենսահամակեցություն, մշակաբույսերի ցանքերով և տնկիներով զբաղեցված գյուղատնտեսական նշանակության հողերում առկա օրգանիզմների ամբողջությունը։

Արագածոտնի դաշտավայրերը

Ագրոկենսահամակեցության մեջ օրգանիզմների համախումբը բնութագրվում է տարբեր փոխհարաբերություններով, այդ թվում՝ սննդառության շղթաներ առաջացնող սննդառության կապերով։ Ագրոկենսահամակեցությունը միշտ երկրորդական է, քանի որ ստեղծվում է բնական համակեցության տեղում՝ մարդու գործունեության հետևանքով։ Ի տարբերություն բնական կենսահամակեցությունների, որտեղ բազմատեսակ բուսածածկույթը ձևավորվել է պատմականորեն, ագրոկենսահամակեցությունում (դաշտեր, այգիներ, տնկատափեր) բուսածածկույթը ստեղծում է մարդը և սովորաբար ընդգրկում է մշակաբույսի 1 տեսակ, որին ուղեկցում են մոլախոտերը։ Օրգանիզմների համախումբը (բացի մշակաբույսերից) ագրոկենսահամակեցությունում ձևավորվում է գոյության պայքարի և բնական ընտրության արդյունքում։ Մարդը բարենպաստ պայմաններ է ստեղծում մշակվող տեսակի համար և դրանով իսկ ճնշում մյուս տեսակներին, այսինքն՝ ագրոկենսահամակեցությունում մարդու կարգավորիչ գործունեությունը մյուս տեսակների համար դառնում է բնական ընտրության լրացուցիչ կոշտ գործոն։ Բուսակեր կենդանիների այն տեսակները, որոնք չեն կարողանում սնվել մշակաբույսերով և չեն հարմարվում դրանց մշակման պայմաններին, ոչնչանում են, իսկ մյուսները, գտնվելով բարենպաստ պայմաններում, բազմանում են և կարող են վնասել մշակաբույսերին։ Երբեմն մարդու ստեղծած պայմանները կարող են բարենպաստ լինել վնասատուների որոշ տեսակների համար, ինչը կարող է հանգեցնել դրանց զանգվածային բազմացման։ Ագրոկենսահամակեցությունում բուսածածկույթը փոփոխվում է մարդու կամքով, այսինքն՝ ագրոկենսահամակեցությունը կարգավորվող համակարգ է և ոչ թե ինքնագարգացող, ինչպես բնական կենսահամակեցությունը։ Ագրոկենսահամակեցության առանձին տեսակների կայունությունը կախված է գյուղատնտեսական հողերի ռեժիմի փոփոխության բնույթից և հաճախականությունից։ Ագրոկենսահամակեցությունում ավելի կայուն են հողում բնակվող օրգանիզմները։

Վնասատուներ խմբագրել

 
Կոլորադյան բզեզ

Ագրոկենսահամակեցությունում տարբերում են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների 2 խումբ՝ մշակաբույսերի տարբեր և 1 կամ մի քանի տեսակներով սնվողներ։ Առաջինները հեշտ են հարմարվում ագրոկենսահամակեցության ռեժիմին, իսկ երկրորդներից ագրոկենսահամակեցությունում գոյատևում են միայն տարաբնակեցման մեծ ունակություն, բարձր արգասաբերություն և զարգացման փոքր պարբերաշրջան ունեցողները։ Բնական կենսահամակեցություններից անցումն ագրոկենսահամակեցություններին կատարվում է աստիճանաբար՝ մարդու ակտիվ տնտեսական գործունեության հետևանքով, օրինակ՝ մարգագետին → արոտավայր → խոտհարք → ցանովի խուոԵր → բազմամյա խոտաբույսեր → միամյա չքաղհանված մշակաբույսեր → քաղհանված մշակաբույսեր սխեմայով։

Շրջակա միջավայրի պահպանության համար կարևոր է գյուղատնտեսական լանդշաֆտների ճիշտ կազմակերպումը, որով ապահովվում է բույսերի կողմից ածխաթթու գազի առավելագույն կլանումը և մեծացվում ագրոկենսահամակեցության առաջնային արդյունավետությունը, այսինքն՝ ավելացվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։