Ագինսկոյեի Բուրյաթական Ազգային Օկրուգ, ՌՍՖՍՀ Չիտայի մարզում։ Կազմավորվել է 1937 թվականի սեպտեմբերի 26-ին: Տարածությունը 20.6 հզ. քկմ է, բնակչությունը՝ 67 հզ. (1972), բուրյաթներ, ռուսներ, էվենկներ: Ունի 3 շրջան, կենտրոնը՝ Ագինսկոյե: Մակերևույթը հիմնականում լեռնային է: Արևմտյան կեսը գրավում է Չերսկու, Դաուրյան և Բորշչովոչնի լեռնաշղթաները: Վերջինից հարավ ալիքային հարթավայր է: Գլխավոր գետերն են Օնոնը և Օլենգույը: Կլիման ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ, սակավաձյուն: Հունվարին միջին ջերմաստիճանը -28 է, հուլիսին՝ 19, տարեկան տեղումները՝ 300 մմ: Հողերը թույլ պոդզոլացված են, սևահողային և շագանակագույն, բուսականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային և լեռնատայգային: Տարածքի գրեթե մեկ երրորդը ծածկված է անտառով: Տնտեսության հիմնական ճյուղը արոտային մսաբրդատու անասնապահությունն է: Զարգացած են նաև ձիաբուծությունը և ուղտաբուծությունը: Մշակում են ցորեն, վարսակ, գարի, բանջարեղեն և կարտոֆիլ: Կան գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 51)։
|