Աբրահամ Գասպարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբրահամ Գևորգի Գասպարյան. քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ, հեռուստամեկնաբան, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր, տնօրեն։
Աբրահամ Գևորգի Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ, հեռուստամեկնաբան |
Աբրահամ Գասպարյանը ծնվել է 1981 թ. մայիսի 10-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։
Կենսագրություն
խմբագրել1987-1992 թթ. սովորել է Հալեպի Ազգային Հայկազյան վարժարանում, 1993-1999 թթ.՝ «Կարեն Եփփե ազգային ճեմարանում»։ 1999-2006 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի բակալավրիատում և մագիստրատուրայում, 2006-2009 թթ.՝ նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 2009 թ.-ից դասավանդում է ԵՊՀ-ում, 2013 թ-ից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ 2010 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում և ստացել Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենաճառի թեման՝ «Ժողովրդավարացման հիմնախնդիրները և ռազմաքաղաքացիական հարաբերությունները հետսառըպատերազմյան Թուրքիայում»։ Ունի տասնյակ գիտական հոդվածներ, այդ թվում՝ օտարալեզու, հայաստանյան և միջազգային գիտական հանդեսներում։ Բրիտանական, լեհական, շվեյցարական գիտական հանդեսներում հրատարակվել են նրա մասնագիտական հետազոտությունները, որոնք առնչվում են միջազգային հարաբերություններին, Մերձավոր Արևելքի պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, քաղաքական համակարգի խնդիրներին, ազգային անվտանգությանը, դեմոկրատիզացիային, ինքնության հիմնախնդիրներին։
2024 թ. հեռացվել է ԵՊՀ-ից՝ քաղաքական ընդդիմադիր հայացքների պատճառով։
«Հեռացման հիմնավորումների քողի տակ ներկայացված պատրվակներն անհիմն են, տգետ, անարժանապատիվ։ Պատճառը հստակ է՝ քաղաքական. բոլոր նրանք, այդ թվում՝ իմ տարիների գործընկերները, որոնք ընկան այս անհեռատես ու հիմար որոշման թրի տակ, տարիների փորձ ու գիտելիք ունեցող, հայրենիքի գաղափարը չէժանացնող ու չվաճառող արհեստավարժ դասախոսներ են (մոտ մեկ տասնյակ), որոնք համարձակությունն են ունեցել պայքարելու՝ ազատ ու արդար պետություն ունենալու։ ԵՊՀ ղեկավարության խնդիրն այդ պրոֆեսիոնալների և ուսանողների ուղիղ՝ լսարանային կապն ընդհատելն է, ոչ ավելին»,- գրել է Աբրահամ Գասպարյանը։
Աբրահամ Գասպարյանը գործակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի առաջատար համալսարանների հետ։ 3 մենագրության հեղինակ է (քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում)։ Հեղինակել է «Մուխաբարաթ. Սիրիայի անվտանգային ալեվիական բանաձևը» աշխատությունը։ Աշխատակցել է արտասահմանյան քաղաքագիտական տարբեր կենտրոնների։
2003-2007 թթ. աշխատել է «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում՝ որպես արևմտահայերեն լուրերի թողարկող խմբագիր, ապա՝ անգլերեն լուրերի թարգմանիչ, Թուրքիայի լուրերի խմբագիր, վերլուծաբան։ 2005 թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «ԼՍ» երիտասարդական ծրագրում՝ որպես քաղաքական լրագրող։ 2009 թ. աշխատել է «Անկախ» շաբաթաթերթում՝ որպես քաղաքական վերլուծաբան։ 2007-2019 թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայությունում՝ որպես ավագ հեռուստամեկնաբան։ 2019-2022 թթ. աշխատել է «Արմնյուզ» ՀԸ-ում՝ որպես քաղաքական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար։ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» լրատվական-վերլուծական հաղորդման հեղինակն է։ 2023 թ-ից ABC Media ինտերնետային հեռուստատեսության քաղաքական-վերլուծական դեպարտամենտի ղեկավարն է, «Փոխի'ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հեղինակային վերլուծական հաղորդաշարի հեղինակը։
2020 թ.-ին հիմնադրել է համահայկական գիտամտավոր ներուժի համախմբմանը միտված Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ և Արցախի հանրային-քաղաքական կյանքին, մասնագիտական գործունեությունն իրականացրել է 2016 և 2020 թթ. Ադրբեջանի՝ Արցախին պարտադրված պատերազմներում, ավելի քան մեկուկես տասնամյակ լուսաբանել և վերլուծել է տարածաշրջանի և ՀՀ արտաքին քաղաքականությունը, Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը։ 2013-2016 թթ. եղել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փորձագետ։ Ակտիվ ներգրավվածություն է ունեցել հետպատերազմյան Արցախի ազգային-պետական ինստիտուցիոնալ վերակառուցման աշխատանքներին՝ «Genesis Armenia»-ի միջոցով։ 2024 թ. հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ճանաչվել է որպես տուժած։ «Թաթոյան» հիմնադրամը հատուկ զեկույց է հրապարակել հունիսի 12-ին Ոստիկանության գործողությունների՝ ներառյան հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ։ Ի թիվս բռնության այլ դեպքերի, հիմնադրամի զեկույցում անդրադարձ կա նաև Աբրահամ Գասպարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին։
Աբրահամ Գասպարյանն ամուսնացած է, ունի 2 որդի։
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբրահամ Գևորգի Գասպարյան Արխիվացված 2014-09-18 Wayback Machine
- «Առաջին լրատվական» ծրագրի ավագ մեկնաբան Արխիվացված 2014-10-27 Wayback Machine
- Աբրահամ Գասպարյան Արխիվացված 2020-10-22 Wayback Machine