Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ

Աբբասյան խալիֆա

Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ (նաև՝ Աբու Աբբաս աս-Սաֆֆահ, արաբ․՝ أبو العباس عبد الله بن محمد السفّاح‎‎‎‎, 722[1], Հումեիմա, Էլ-Կուվայրա, Էլ-Կուվայրա, Ակաբայի մարզ, Հորդանան - 754[1], Անբար, Աբասյան խալիֆայություն), արաբական խալիֆա (750-754), Աբբասյանների հարստության առաջին ներկայացուցիչը և Աբբասյան խալիֆայության հիմնադիրը, Մուհամեդ մարգարեի հորեղբայր Աբբասի ծոռը, Աբու ալ-Մանսուրի ավագ եղբայրը։

Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ
արաբ․՝ أبو العباس عبد الله بن محمد السفّاح‎‎‎‎
Արաբական խալիֆա
Թագադրում749
Հանձնում754
Ծնվել է՝722[1]
ԾննդավայրՀումեիմա, Էլ-Կուվայրա, Էլ-Կուվայրա, Ակաբայի մարզ, Հորդանան
Մահացել է՝754[1] բնական մահով
Վախճանի վայրԱնբար, Աբասյան խալիֆայություն
Երկիր Աբասյան խալիֆայություն
ՆախորդՄրվան II
ՀաջորդողԱբու ալ-Մանսուր
ՏոհմԱբբասյաններ
Խալիֆա
ՀայրՄուհամմադ իբն Ալի իբն Աբդալլահ
ՄայրRayta bint Obaidullah Al Harithi?
ԵրեխաներMuhammad bin Abu Al-Abbas Al-Saffah? և Rayta bint al-Saffah?
Հավատքիսլամ

Կենսագրություն խմբագրել

Աբու ալ-Աբբասը աբբասյանների ընդհատակյա գործողությունների մեջ չի նկատվել ակտիվ մասնակցությամբ մինչև Երրորդ ֆիտնայի վերջին օրերը։ Տոհմի առաջնորդ և իմամ դարձել է՝ իր համար միանգամայն անսպասելիորեն, այն բանից հետո, երբ աբբասյանների գործող առաջնորդը, նրա հորեղբայր Իբրահիմ իբն Մուհամմադը, Մրվան II-ի հրամանով 749 թվականի հոկտեմբերի սկզբին ձերբակալվել է և մահացել է Խառանի բանտերից մեկում։

Աբու ալ-Աբբասը իր եղբայրների և հորեղբայրների հետ Հումեիմայից Կուֆա տեղափոխվելուց հետո, մեկ ամսից ավել գաղտնի ապրում է Աբու Սալամայի մոտ, մինչև ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ հոկտեմբերի 30-ին ընդունում է խալիֆայի տիտղոսը[2]։

Աբու Մուսլիմի ապստամբություն խմբագրել

Աբբասյանների ապստամբությունը սկսվել է 747 թվականի հունիսի 9-ին։ Ապստամբության կենտրոնը դառնում է Մերվի օազիսը։ Ապստամբությունն Աբբասյանների հանձնարարությամբ, որոնց ղեկավարն այդ ժամանակ իրեն ամբողջ մուսուլմանական ումմայի առաջնորդ հռչակած Իբրահիմ իբն Մուհամմադն էր, անմիջականորեն ղեկավարում է ծագումով պարսիկ, Օմայյանների դեմ ատելությամբ լցված Աբու Մուսլիմը, որը որպես Աբբասյանների գաղտնի խմբավորման անդամ, 743 թվականին ձերբակալվել էր իշխանության կողմից, սակայն հետագայում ազատ արձակվել[2]։

Աբու Մուսլիմի հրամանով սև շորեր հագած ապստամբները հունիսի 9-ի վաղ առավոտյան վառում են խարույկները և բարձրացնում սև դրոշները։ Սևը հենց այդ ժամանակվանից դառնում է Աբբասյանների պաշտոնական գույնը[2]։

Խալիֆա Մրվան II-ը, ստանալով ապստամբության լուրը, 748 թվականին իր զորքերն ուղարկում է ապստամբների դեմ։ Սակայն նրա միակ հաջողությունը լինում է այն, որ կարողանում է գերել Իբրահիմին և բանտում սպանել տալ նրան։ Իբրահիմին փոխարինում է նրա եղբորորդին՝ Աբու ալ-Աբբասը, որը ստանձնում է ապստամբության ընդհանուր ղեկավարությունը[2]։

Ապստամբները հաջողությամբ ետ են մղում խալիֆային հավատարիմ զորքերի հարձակումները և 748 թվականին անցնում վճռական գործողությունների։ Նրանք գրավում են Նիշապուր, Ռեյ, Նիհավանդ և այլ կարևոր քաղաքները, ամբողջ Իրանը և առաջ շարժվելով արևմտյան ուղղությամբ, 749 թվականին ներխուժում են Իրաք և գրավում Կուֆան[2]։

Ապստամբների և խալիֆայական զորքերի միջև վռական ճակատամարտը տեղի է ունեցել 750 թվականին, Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին։ Ապստամբական ուժերը, որ ղեկավարում էր Աբու ալ-Աբբասի հորեղբայրը, հաղթանակ են տանում, գրավում Հարրանը, որը խալիֆայի նստավայրն էր, և ապրիլի 26-ին մտնում Դամասկոս[2]։

Պարտությունից հետո խալիֆա Մրվան II-ը այլևս անկարող է լինում որևէ դիմադրություն ցույց տալ Աբբասյան զորքերին, ուստի դիմում է փախուստի դեպի Եգիպտոս, հույս ունենալով այստեղ հաստատվել, նոր զորք հավաքել և ճնշել ապստամբներին։ Սակայն Եգիպտոսում էլ նրա դեմ են դուրս գալիս ղպտիները, որոնց էլ միանում են տեղական արաբական կայազորները։ Մրվանը հեռանում է Գիզա, բայց այստեղ 750 թվականի օգոստոսի 5-ին բռնվում է նրան հետապնդող Աբբասյան զորքերի կողմից և սպանվում։ Օմմայյան վերջին խալիֆա Մրվան II-ի գլուխը որպես ընծա ուղարկվում է արդեն խալիֆա հռչակված Աբու ալ-Աբբասին[2]։

Աբբասյան հարստության հաստատումը խմբագրել

Աբբասյանների իշխանության գլուխ գալով Արաբական խալիֆայությունում հաստատվում է երրորդ հարստությունը։ Երբ Աբբասյանները կազմակերպում են ապստամբություն Օմայյանների դեմ, նրանք առանց սպասելու վերջնական հաղթանակին և Օմայյանների տապալմանը, 749 թվականին գրավելով Կուֆան, Աբու ալ-Աբբասին հռչակում են խալիֆա։ Աբու ալ-Աբբասը 749 թվականի հոկտեմբերի 30-ին նրա կողմնակիցների կողմից Կուֆա քաղաքի գլխավոր մզկիթում հռչակվում է խալիֆա։ Ամենուր Օմայյանների սպիտակ դրոշները իջեցվում են և փոխարինվում են սև դրոշներով[2]։

Աբու ալ-Աբբասը դառնալով խալիֆա, իրեն կոչում է «աս-Սաֆֆահ», որը նշանակում է «առատաձեռն»։ Անվանակոչումը կապված է այն բանի հետ, որ Աբու ալ-Աբբասը դառնալով խալիֆա, Կուֆայի մզկիթում իր առաջին խուտբայի ժամանակ մեծ խոստումներ է տալիս հպատակներին։ Նա հրապարակավ հայտարարում է, որ նրանց կդարձնի ամենաերջանիկը, կթեթևացնի ծանր հարկերը, Դամասկոսը այլևս չի լինի խալիֆայության մայրաքաղաքը, նրա փոխարեն աթոռանիստ քաղաքը կդառնա Կուֆան և այլն[2]։

Կա նաև «աս-Սաֆֆահ»-ի բացատրության այլ տարբերակ ևս։ Այն թարգմանում են որպես «Արյունահեղ», նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա իրագործեց իր խալիֆա դառնալուց անմիջապես հետո[2]։

Աբու ալ-Աբբասը խալիֆայությունը կառավարել է 750-754 թվականներին և մահացել ծաղիկ հիվանդությունից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Արաբական երկրների պատմություն», Նիկոլայ Հովհաննիսյան, Երևան, 2003, էջ 164-174.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ» հոդվածին։