Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)

Աբաս Ա Բագրատունի (880 - 953[1], Տիգրանակերտ), Հայոց թագավոր (928-953), հաջորդել Է եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։

Աբաս Ա Բագրատունի
Աբաս Ա
«Շահնշահ Հայոց և Վրաց»
Իշխանություն929 - 953
Թագադրում929
Ծնվել է՝880
Մահացել է՝953[1]
Վախճանի վայրՏիգրանակերտ
Թաղվել է՝Տիգրանակերտ
Տիգրանակերտ
Ազգությունհայ
ՀարստությունԲագրատունիներ
ՆախորդԱշոտ Բ Երկաթ
ՀաջորդողԱշոտ Գ Ողորմած
ՈւղեկիցԱնանուն Բագրատունի
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրՍմբատ Ա
ՄայրՀռիփսիմե՞
ԵրեխաներԱշոտ Ողորմած և Մուշեղ Ա Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Աբաս Ա-ի գահակալությունը խմբագրել

Սմբատ Ա թագավորի կրտսեր որդի Աբասը հայկական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է հոր նահատակությունից հետո և ըստ այդ հիշատակության նա իր եղբոր հետ միասին հեռացավ Ատրպատականի ամիր Յուսուֆի ասպատակությունների ենթարկված Հայաստանից[2]։ Ըստ Ասողիկի հաղորդած տեղեկությունների Աբասը հեռացել էր Վիրք և Հայաստան էր վերադարձել միայն Աշոտ Երկաթի Կոստանդնուպոլիս վերադառանալուց հետո՝ 916 թվականին[2]։

Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդման Աբասը կնության է առնում վրաց իշխան Գուրգենի դստերը՝ իր և եղբոր համար հուսալի դաշնակից ձեռք բերում 914-919 թվականներին[2]։

Սմբատ Ա-ի մահից հետո, Աբասը, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին։ Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ 919 թվականին, ապստամբել է նրա դեմ։ Ըստ Ն․ Ադոնցի դավադրության պատճառը Աշոտ Երկաթի կողմից Յուսուֆի հետ հարաբերություններ հաստատելն էր։ Սակայն հիմնական պատճառը այն էր, որ Աշոտ Երկաթը, արդեն, ամուսնացել էր ու գահաժառանգման խնդիր կարող էր առաջանալ ու գահի հաջորդը Աբասը չէր լինի։ Այդ պատճառով էլ նա ապստամբում է եղբոր դեմ և նրան այդ գործում օգնում է իր աները՝ վրաց իշխան Գուրգենը։ Ապստամբության ճնշումից հետո Աբասի մասին աղբյուրները լռում են։ Կա տեսակետ, որ նա 921-928 թվականներին նստում էր Կարսում, սակայն ամենայն հավանականությամբ նա այդ ժամանակ գտնվում էր վրաց իշխան Գուրգենի տիրույթներում[2]։ Աշոտ Երկաթի մահից հետո Աբասը «սահուն անցում» է կատարում արքայական գահին։ Հեշտորեն գահին փոխադրվելը ցույց է տալիս, որ Աշոտ Երկաթի կառավարման վերջին էտապում նրա և եղբոր՝ Աբասի հարաբերությունները կարգավորվել էին և այլևս խնդիր չէր առաջացել գահաժառանգման հետ կապված։

Աբասը շատ ծանր իրավիճակում հռչակվեց հայոց արքա։ Աբասը Այրարատից դուրս իշխանություն չուներ և նույնիսկ Այրարատում էլ նրա իշխանությունը ամբողջական չէր։ Ի հակադրություն նրա իշխանությանը Գագիկ Արծրունին ավելի մեծ դիրք ուներ և ավելի շատ սեր էր վայելում, քան արքան։

Արքա դառնալուց հետո նրա կատարած կարևոր գործերից մեկը նոր թագավորանիստ ընտրելն էր։ Երկար մտածելուց հետո, Աբասը կանգ առավ Կարսի վրա, որը դեռևս 9-րդ դարի վերջին վերածվել էր քաղաքի՝ միջնաբերդով ու արվարձաններով։ Աբասը Կարսը հռչակեց թագավորանիստ, իսկ Անանիա Մոկացին այն անվանում էր «թագավորանիստ շահաստան»։ Արքայի հրամանով 930 թվականին կառուցվեց Կաթողիկե Սուրբ Առաքելոց եկեղեցին, որի շինարարությունը ավարտվեց 942 թվականին։ Եկեղեցին կանգուն է մինչև այսօր։

Աբասի գահակալման տարիներին շարունակում էր անկում ապրել Աբբասյան խալիֆայությունը։ Նրա փլատակների վրա ստեղծված պետական միավորումները՝ ամիրությունները, սակայն, սպառնում էին Հայաստանին ու Բյուզանդիային։ Սկսվում է երկարատև պայքար Բյուզանդական կայսրության և ամիրությունների միջև։ Այդ խառնաշփոթ պայմաններում Բագրատունյաց թագավորությունը Աբասի շրջահայացության շնորհիվ կարողացավ խուսափել հարևանների հարձակումներից[3]։

941 թվականին Ատրպատականում իշխող դեկմիկներից Սալարյան տոհմի ամիր Մարզուբանը ցանկանում է հարկման ենթարկել Բագրատունիներին։ Նա Սմբատի որդիներից՝ Աբասից և ապագա արքա Աշոտ Գ Ողորմածից պահանջել էր 2 միլիոն դիրհեմ, սակայն թիվը հասցրել էր 100 հազար դիրհեմի[3]։ Սակայն Աբաս արքան ու իր հաջորդները հարկ չեն վճարել Ատրպատականի տերերին։ Ատրպատականի տիրակալ Մարզուբանը 941 թվականին մի փոքր զորաբանակ է ուղարկում Հայաստան։ Ուղարկված զորքը Գողթն, Նախճավան և Շարուրի դաշտով անակնկալ կերպով հասնում է Դվինի մատույցներին։ Աբասը մարտակարգեր է ուղարկում Ատրպատականի զորուժի դեմ և օգնություն է խնդրում նաև Վասպուրականի արքա Գագիկ Արծրունուց։ Սակայն մինչև օգնական ուժերը տեղ կհասնեին ուղարկված զորքը պարտություն է կրում և կորցնում է 400 զինվոր։ Թշնամին ավերում է հայկական բնակավայրերը և վերադառնում է Դվին։ Աբաս արքան օգնություն է ստանում Գագիկ Արծրունուց, ով մեկնում է Այրարատ և բանակում է Դվինի մոտ՝ Գինո լեռ կոչված բլրի ստորոտում[3]։ Թշնամու 13 հազարանոց զորքը գրոհում է հայկական զորքի վրա և պարտություն կրում։ Մարտի դաշտում թշնամին թողնում է 8 հազար սպանված և բազում գերիներ նահանջում է։ Հայկական ուժերը գրավում են Դվինը և ցանկանում են ավերել քաղաքը, բայց Դվինի ավագանին խնդրում է դաշինք կնքել՝ տալով հարկ ու գերիներ։ Բագրատունի և Արծրունի թագավորները ելնելով ընդհանուր պետական շահից կարողացան համագործակցության եզրեր գտնել։

Բագրատունյաց թագավորությունը դաշինք էր կնքել նաև Վրաց և Աղվանից թագավորությունների հետ և նրանք Աբասին ճանաչում էին «շահնշահ»։ Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ այս 3 երկրներում էլ իշխում էին Բագրատունյաց տոհմի տարբեր ճյուղերը։ Այս դաշինքը մեծ ազդեցություն գործեց նաև հարևան ամիրությունների վրա։ 941 թվականից հետո նրանք դադարեցին ասպատակել Բագրատունյաց թագավորության տարածքը։ Կարևոր էր նաև Դվինի գործոնը։ Դվինին, դեռևս, 941 թվականից տիրում էր Գագիկ Արծրունին, սակայն 943 թվականից՝ նրա մահից հետո, քաղաքը ընկնում է Սալարյանների, ապա՝ Գողթնը գրաված ոմն ամիրի ձեռքը[3]։

Գագիկ Արծրունու մահից հետո Աբասը մնաց հայոց միակ թագավորը։ Գագիկ Արծրունու որդի Գրիգոր Դերենիկը Անանիա Մոկացու կողմից հիշատակվում է «Վասպուրականի թագավոր», իսկ Աբասը՝ «Հայոց թագավոր»[2]։ Սա վկայում է նրա մասին, որ Գագիկ Արծրունու մահից հետո Աբասին հաջողվեց վերականգնել Բագրատունիների գերագահությունը Հայաստանում։

Աբասի կառավարման հաջորդ էտապը անցավ, բավականին, խաղաղ։ Թագավորության հարևանները իրենց պետության ներսում խնդիրներ ունեին և արտաքին նվաճմանը ուշադրություն չէին դարձնում։

Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ։ Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում։ Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները։ Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953 թվականին։

 
Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին

Ընտանիքը խմբագրել

  1. Աշոտ Երկաթ
  2. Մուշեղ (մհ․ 924), կինը Աբխազիայի Բագրատ Ա արքայի դուստը․

զավակները՝

  1. Աշոտ Ողորմած
  2. Մուշեղ Ա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Եղիազարյան, Արման (2017). Աբաս Բագրատունի։ Թագավոր հայոց. Երևան: ԵՊՀ. էջ 8. ISBN 978-5-8084-2188-2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայ ժողովրդի պատմություն, հատոր 2. Երևան: Զանգակ. 2014. էջեր 46–47. ISBN 978-9939-68-325-6.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3․

Գրականություն խմբագրել

  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885․
  • Еремян С. Т., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, ԼՀԳ, №3, 1971․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15