«Տանտիրուհին»՝ XIX դարի ռուս գրող Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու վիպակը՝ գրված 1846-1847 թվականներին։ Տպագրվել է 1847 թվականին՝ «Հայրենական գրառումներ» ամսագրի տասներորդ և տասնմեկերորդ համարներում (խմբագիր՝ Անդրեյ Կրաևսկի)։ Առաջին առանձին հրատարակությունը լույս է տեսել 1865 թվականին Ֆեոդոր Ստելլովսկու կողմից։

Տանտիրուհին
ռուս.՝ Хозяйка
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Ձևպատմվածք
ՀեղինակՖեոդոր Միխայլովիչ Դոստոևսկսկի
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1847 թվական
ՏեսարանՍանկտ Պետերբուրգ
ՀրատարակչությունՀայրենական գրառումներ
Հրատարակվել է1847
 The Landlady

Ստեղծման պատմություն խմբագրել

«Տանտիրուհին» վիպակի մտահղացումը ի հայտ է եկել 1846 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ «Հայրենական գրառումներ» ամսագրում հրատարակվել էր «Պարոն Պրոխարչին» պատմվածքը, իսկ ինքը՝ գրողը, աշխատում էր «Սափրված այտամորուքներ» վիպակի վրա (Բելինսկու համար)[1]։ «Պարոն Պրոխարչին» պատմվածքի մասին ամսագրի բացասական արձագանքները ստիպել են Դոստոևսկուն վերանայել իր ստեղծագործական սկզբունքները[1]։ Դոստոևսկին հասկացել է, որ «չինովնիկյան» թեման, սկսած դեռևս Գոգոլի «Շինել» պատմվածքից, սպառվել է։ Չցանկանալով կրկնվել՝ գրողը ստիպած կիսատ է թողել «Սափրված այտամորուքներ» պատմվածքը և դիմել նորին՝ մնալով «պետերբուրգյան»՝ մայրաքաղաքային «բնախոսությամբ» հագեցած թեմայի շրջանակներում։ Չինովնիկի փոխարեն առաջ է քաշվում երիտասարդ «անրջողի» կերպարը[2]։ Եղբորը՝ Միխայիլին ուղղված նամակում նա հայտնել է. «... Այս ամենը ոչ այլ ինչ է, քան հնի և դեռ վաղուց իմ ասածի կրկնություն։ Այժմ ավելի յուրահատուկ, կենդանի և լուսավոր մտքեր են ինձնից ծնվում և խնդրում՝ իրենց հանձնել թղթին <…>: Ես գրում եմ այլ վիպակ, և աշխատանքը ընթանում է այնպես, ինչպես նախկինում «Խեղճ մարդիկ» ստեղծագործության ժամանակ՝ թարմ, հեշտ և հաջողակ։ Ես այն հանձնելու եմ Կրաևսկուն»[1]։

Այդ ժամանակ նա վերջնականապես հեռացել էր Վիսարիոն Բելինսկու շրջապատից։ Բելինսկին այդ ընթացքում հեռացել էր Անդրեյ Կրաևսկու «Հայրենական գրառումներ» ամսագրից՝ Նիկոլայ Նեկրասովի ու Իվան Պանաևի կողմից վերափոխված «Սովրեմեննիկ» ամսագրի հետ համագործակցելու համար։ Այդ ժամանակ, երբ Բելինսկին կապերը խզել է Կրաևսկու հետ, Դոստոևսկին, հակառակը, սկսել է մտերմանալ այդ հրատարակչի հետ:1846 թվականին Կրաևսկու կողմից հրապարակվել են «Նմանակը» և «Պարոն Պրոխարչինը»։ Բոլոր հաջորդ տարիները, ընդհուպ մինչև1849 թվականին տաժանավայր ուղարկվելը և դրանից հետո, Դոստոևսկին իր արվեստի գործերը զետեղել է Կրաևսկու ամսագրում։ Բացառությամբ մնացել էին «Սիրավեպ ինը նամակում», որը հրատարակել է Նեկրասովը «Սովրեմեննիկ» ամսագրում և «Պոլզունկովը»՝ տպագրված կրկին նրա կողմից «Պատկերազարդ ալմանախ»-ում։ «Խեղճ մարդիկ» ստեղծագործությունից հետո Դոստոևսկու բոլոր ստեղծագործությունները Բելինսկու կողմից ենթարկվել են դաժան քննադատության։

Նոյեմբերի 26-ին եղբորը գրած նամակում Դոստոևսկին հայտնել է «Սովրեմեննիկ» ամսագրի հետ աշխատանքների դադարեցման և «Հայրենական գրառումներ» ամսագրի հետ սերտ կապերի հաստատման մասին։ Այդ ժամանակ, ըստ գրողի ստեղծագործության հետազոտողների, նա հիշատակել է նաև «Տանտիրուհին» ստեղծագործության վրա աշխատանքի մասին. «... աշխատանք է սուրբ արվեստի համար, սուրբ աշխատանք, մաքուր, սրտի պարզությամբ, որը երբեք այդպես չէր թրթռացել ու չէր շարժվել, ինչպես հիմա բոլոր այն նոր կերպարների առջև, որոնք ստեղծվում են իմ հոգում»[1]։ «Տանտիրուհին» ստեղծագործության աշխատանքները, որը Դոստոևսկին պլանավորել էր ավարտել 1847 թվականի հունվարին, հանկարծակի ընդհատվել են նոր մտահղացման՝ «Նետոչկա Նեզվանովա» վեպի պատճառով։ 1847 թվականի հունվարին կամ փետրվարին եղբորը գրած նամակից երևում է, որ Դոստոևսկին դեռևս չէր ավարտել վիպակը. «Ես գրում եմ իմ «Տանտիրուհին»։ Արդեն «Խեղճ մարդիկ» ստեղծագործությունից լավ է ստացվում։ Սա ևս նույն ոճի ստեղծագործություն է։ Իմ գրչին առաջնորդում է ոգեշնչման աղբյուրը, որն անիջապես հոգուց է բխում։ Ոչ այնպես, ինչպես «Պրոխարչինը», որի պատճառով ես ողջ ամառ տառապեցի»[1]։

«Տանտիրուհին» վիպակի աշխատանքները ձգվել են մինչև աշուն։ 1847 թվականի սեպտեմբերի 9-ին Դոստոևսկին եղբորը հայտնել է ստեղծագործությունը ավարտելու մասին [1]։ Գրողի սկզբնական շրջանի ձեռագիր տեքստերից պահպանվել է միայն «Նմանակը» վիպակի ուրվագիրը։ «Տանտիրուհին» վիպակի նյութերը հնարավոր է ոչնչացվել են կամ հենց Դոստոևսկու կողմից ձերբակալումից առաջ, կամ բռնագրավվել է ձերբակալությունից հետո և ոչնչացվել հետաքննության ավարտից հետո[3]։

1847 թվականի սեպտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգի գրաքննչական կոմիտեի կողմից տրվել է վիպակի առաջին մասի տպագրության թույլտվություն։ Առաջին անգամ հրապարակվել է նույն թվականին «Հայրենական գրառումներ» (Անդրեյ Կրաևսկի) ամսագրի տասներորդ համարում[4]։ Դրան ի պատասխան՝ Բելինսկին խայթողաբար գրել է Աննենկովին, որ «Դոստոևսկու փառքը դժվար դրության մեջ է գցել Կրաևսկուն. նրա մոտ հրատարակվել է վիպակի առաջին մասը, իսկ երկրորդ մասը չի գրել և երբեք էլ չի գրելու...»[5]: Սակայն 1847 թվականի հոկտեմբերի 31-ին գրաքննչական կոմիտեն թույլատրել է տպագրել վիպակի երկրորդ մասը, որը առաջին անգամ լույս է տեսել նույն թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի տասնմեկերորդ համարում[4]։ Հետագայում՝ Դոստոևսկու կենդանության օրոք, վիպակը տպագրվել է առանձին հրատարակությամբ 1865 թվականին (Ստելլովսկու ղեկավարությամբ) և Դոստոևսկու ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի կազմում՝ նույն թվականին։ Բնօրինակում հեղինակը միայն չնչին փոփոխություններ է կատարել[2]։

Գլխավոր հերոսներ խմբագրել

Դոստոևսկու մեկնիչները մատնանշել են, որ 1846 թվականի վերջին Դոստոևսկին, տպագրված կարծիքների ազդեցության տակ եկել է այն եզրահանգման, որ չինովնիկյան թեման սպառվել է իր կողմից «Խեղճ մարդիկ» և «Նմանակը» ստեղծագործություններում, հետևաբար այդ թեմայի կրկնությունը ենթադրում է ստեղծագործական անհաջողություն։ Այդ պատճառով էլ «Տանտիրուհին» վիպակում հայտնվում է նոր հերոսի՝ երիտասարդ անրջողի կերպարը։ Հոգեբանական տեսանկյունից այդ գործող անձի տեսակը առավել բարդ է՝ ի տարբերություն նախկին չինովնիկների։ Նա իր մեջ կրում է հենց իր՝ Դոստոևսկու գծերը։ Այդ կերպարի խորքային հիմնավորումը Դոստոևսկին տվել է «Պետերբուրգյան տարեգրություններ» հրապարակախոսական ակնարկների շարքում, որի աշխատանքները ընթացել են «Տանտիրուհու» հետ միաժամանակ։ «Անրջողի» կերպարը կենտրոնական դիրք էր ստանալու հաջորդող շատ ստեղծագործություններում՝ «Նետոչկա Նեզվանովա», «Սպիտակ գիշերներ», ավելի ուշ՝ «Ոճիր և պատիժ»[2]։

Դոստոևսկու համար վիպակը ամբողջովին հագեցած է նոր մտապատկերներով, երազներով, հալյուցինացիաներով, հերոսի ցնորքով, իրականի և պատրանքի ֆանտաստիկ միահյուսմամբ։ Այստեղ գոյացել է սկզբունքորեն նոր երևույթ՝ «գաղափարի կերպար», իսկ նրա հերոսներն են «անրջողները», որոնք այսուհետ պիտի դատեն ոչ թե սովորական գաղափաների, այլ գաղափարների կերպավորումների շուրջ (Վերսիլով, Իվան Կարամազով)[6]։

Հետազոտողների կարծիքով Կատերինայի կերպարը մռայլ անցյալից տառապող ժողովրդական հոգու խորհրդնիշն է։ Վաճառական-պահպանողական Մուրինը մարմնավորում է այդ մռայլ իշխանությունը, որի դեմ պայքարում է հերոս-«անրջող» Օրդինովը՝ ձգտելով ազատել Կատերինային և նրան նոր կյանքի վերակոչել[2]։

Կատերինայի կերպարի ձևավորման համար բացառիկ դեր է խաղացել Գոգոլի «Սարսափելի վրեժ»-ը։ Գոգոլի հերոսուհին դարձել էր կախարդ հոր՝ միջնադարյան մռայլ մատնիչի զոհը։ Դոստոևսկին մոտեցրել է իր Կատերինային ժամանակակից կյանքին։ Հետագայում Կատերինայի դժոխային և դիվային կանացի կերպարը բազմիցս հայտնվելու է գրողի տարբեր ստեղծագործությունների էջերում։ «Սարսափելի վրեժ»-ի ազդեցությունը դրսևորվել է Կատերինայի խոսքի միջոցով՝ մատնացույց անելով ժողովրդական բանահյուսության միջավայրի ներգործությունը[7]։

Մուրինի կերպարը հեշտությամբ բացահայտվում է Մոիսեյ Մուրինի՝ հրոսակախմբի նախկին պարագլխի կենսագրությունից՝ վերցված «Մեր սուրբ հայր Մոիսեյ Մուրինի կյանքը» ստեղծագործությունից[7]։

Սյուժե խմբագրել

Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Վասիլի Օրդինովը, ինչպես Դոստոևսկին է բնորոշել՝ «արվեստագետը գիտության մեջ», որը ստացել էր որոշ ժառանգություն, իր ուժերը ուղղում է եկեղեցու պատմության վերաբերյալ աշխատություն ստեղծելուն։ Այդ պատճառով նա գիտակցաբար մեկուսանում է մարդկանցից, որպեսզի ստեղծի իր սեփական, անկրկնելի գիտական «համակարգը»։ Ստեղծագործության համատեքստից պարզ է դառնում, որ այդպիսի «համակարգը» կարող է ենթադրել նոր կոնցեպցիա՝ հիմնված ուտոպիական սոցիալիզմի բազայի վրա։

Ստողծագործության ընթացքում Օրդինովը ապրում է դրամատիկական բարդ իրադարձություններ, որոնք նրան հասցնում են գաղափարական ճգնաժամի, ինչի արդյունքում նա հրաժարվում է իր սկզբնական «համակարգից», բայց «ավերակների վրա ոչինչ չկառուցելով»՝ «Աստծուց ապաքինում է խնդրում»։

Օրդինովը, վերացական բնագավառում լինելով «ցնորական» և անրջող, ստիպված բախվում է սատանայական անձնավորության՝ «կախարդ» Մուրինի հետ, որն այժմ պահպանողական ծերունի է, իսկ նախկինում՝ հնարավոր է՝ «խիզախ ավազակ» և «մարդասպան»։ Երիտասարդ գեղեցկուհի Կատերինան, ում Օրդինովը փորձում է Մուրինի իշխանությունից ազատել, գտնվում է ծերունի տիրացուի ազդեցության տակ։ Կատերինայի վրա ազդեցության համար Օրդինովի և Մուրինի պայքարը ունի փոքր-ինչ խորհրդանշական նշանակություն. Դոստոևսկու մեկնիչների կարծիքով տանտիրուհի Կատերինայի կերպարը հեղինակի մոտ դառնում է «ազգային տարերքի, մռայլ անցյալի իշխանությունից տառապող ժողովրդական հոգու» խորհրդանիշ՝ արտացոլված «կախարդ» պահպանողականի կերպարում։ Բայց Կատերինայի նկատմամբ Օրդինովի սերը կարողանում է հակադրվել Մուրինին, և իր սիրո ուժով նա պայքարում է խորհրդավոր ծերունու չար կամքի դեմ[8]։ Մուրինի հիպնոսային ազդեցության տակ գտնվող Կատերինան չի շտապում ազատվել «իր տանջալից և միաժամանակ քաղցր գերությունից»[6]։

Արձագանք և գրախոսություն խմբագրել

Վիպակի երկու մասերից առաջինի հրատարակությունից հետո Վիսարիոն Բելինսկին բացասաբար է արձագանքել ստեղծագործության վերաբերյալ։ «Հայացք 1847 թվականի ռուս գրականությանը» հոդվածում նա գրել է. «Եթե այդ ստեղծագործության տակ ստորագրված լիներ ինչ-որ անծանոթ անուն, մենք նրա մասին ոչ մի բառ չէինք ասի <…> Ոչ միայն գաղափարը, այլև այս շատ հետաքրքիր վիպակի իմաստը մեր հասկացողության համար մնում է և կմնա գաղտիք այնքան ժամանակ, քանի դեռ հեղինակը չի տվել իր՝ տարօրինակ երևակայությամբ կերտված այս հրաշալի հանելուկի անհրաժեշտ բացատրությունն ու մեկնաբանությունը։ Ի՞նչ է սա. տաղանդի չարաշահո՞ւմ, թե՞ աղքատիկություն, որը ցանկանում է բարձրանալ իր ուժերից վեր, այդ իսկ պատճառով վախենում է սովորական ուղիով ընթանալ և իր համար աննախադեպ ճանապարհ է փնտրում։ Չգիտենք, մեզ միայն թվացել է, թե գրողը ցանկացել է փորձել հաշտեցնել Մարլինսկուն Հոֆմանի հետ՝ խառնելով այստեղ մի փոքր նորագույն տեսակի հումոր և պատելով այս ամենը ռուսական ազգային էության փայլով <…>: Այդ ողջ վիպակում չկա գեթ մեկ հասարակ ու կենդանի բառ կամ արտահայտություն. ամբողջը նրբաճաշակ է, ձգձգված, շինծու, կեղծ և աղավաղված»[9]։ Բելինսկին Վասիլի Բոտկինին և Պավել Աննենկովին գրված նամակներում ավելի կտրուկ է արձագանքել՝ անվանելով այն «նողկալիություն» և «ահավոր անհեթեթություն»[9]։ Գրախոսություններից մեկում նույնիսկ նշել է, որ «պարոն Դոստոևսկին վերջերս տպագրեց իր նոր վեպը՝ «Տանտիրուհին», որը ոչ մի աղմուկ չառաջացրեց և անցավ ահավոր լռությամբ»[9]։

Աննենկովը «Սովրեմեննիկ» ամսագրում պաշտպանեց Բելինսկու տեսակետը. «Ո՞ւմ չի թվացել, <…> որ վիպակը ծնված է հեղձուկ ճգնակեցությունից, չորս պատ ունեցող մութ սենյակում, որտեղ լույսից ու մարդկանցից փակվել է ծայրաստիճան հիվանդագին երևակայությունը <…>: Անշուշտ, մեկընդմիշտ սեփական երևակայությանը անդարձ հանձնվելով, զատվելով ամեն տեսակի իրողությունից՝ այս ուղղության հեղինակները արդեն չեն էլ մտածում կերպարների նրբերանգների, այսպես ասած, դեմքի գեղանկարչության, կտավի վրա լույսի և ստվերի նուրբ խաղի մասին։ Այս պահանջները փոխարինվում են կերպարները վեհացնելու մշուշապատ ձգտումով, կերպարի և մտապատկերի վիթխարիության ծանր փնտրտուքով։ Եվ իսկապես, պատմության ավարտին գլխավոր դեմքը ինչ-որ առումով մարմնավորում է վեհություն, բայց այդ վեհությունը չափազանց մոտենում է նրան, որին էլ ստվարաթղթի թագը գլխին ու փայտյա գայիսոնով չքավորը խոցում է իր տառապյալ մահճում»[9]։

«Տանտիրուհին» վիպակի մասին մի փոքր ջերմությամբ արտահայտվել է Ապոլլոն Գրիգորևը՝ ստեղծագործության արժանիքների շարքում առանձնացնելով «տագնապալի լարվածությունը»։ Միևնույն ժամանակ գրաքննադատը դատապարտել է իր կողմից անընդունելի սենտիմենտալ նատուրալիզմը, որն ըստ նրա՝ վերաբերվում էր Դոստոևսկու վաղ շրջանի ողջ ստեղծագործություններին, մինչև «Նետոչկա Նեզվանովա» վեպը[10]։

Դոստոևսկու նկատմամբ բարեկամաբար տրամադրված գրաքննադատ Նիկոլայ Ստրախովի կարծիքով «Տանտիրուհին» վիպակում առաջին անգամ արծարծվել է 1860-1870-ական թվականների կարևոր՝ ժողովրդի և մտավորականության փոխհարաբերությունների թեման։ Գրաքննադատը «Տանտիրուհին» վիպակը նորովի է ընկալել միայն Դոստոևսկու մահից հետո, երբ գրողի ստեղծագործական աշխատանքի նկատմամբ բարձր հետաքրքրության հետ ստեղծագործությունը սկսել է մեկնաբանվել որպես հետագա սոցիալ-քաղաքական թեմատիկայի նկատմամբ առաջին մոտեցումներից մեկը, որի բարձրակետը դարձել են նրա՝ 1860-1870 թվականների վիպակներն ու վեպերը։ Հետագայում ուսումնասիրողները զուգահեռներ են անցկացրել «Տանտիրուհու» և «Սպիտակ գիշերներ» վիպակի, «Թույլ սիրտ» վիպակի, «Ոճիր և պատիժ» վեպի (Օրդինովի նկատմամբ ձախողված մահափորձի դեպքը), «Կարամազով եղբայրներ» վեպի (Կատերինա և Գրուշենկա՝ «Մեծն ինկվիզիտոր») միջև[11]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

«Անրջող» կերպարի ի հայտ գալը վիպակը մոտեցրել է նմանատիպ հերոսներ ունեցող ստեղծագործությունների ռոմանտիկական ավանդույթներին (Ալեքսանդր Վելտման, Միխայիլ Պոգոդին, Նիկոլայ Գոգոլ՝ «Նևսկի պողոտա», Վլադիմիր Օդոևսկի, Նիկոլայ Պոլևոյ, Միխայիլ Վոսկրեսենսկի՝ «Երազողը», Ժորժ Սանդ, Էռնստ Հոֆման)[7]։

Ռոմանտիզմի ազդեցությունը արտահայտվել է ոչ միայն անրջող հերոսի կերպարում, այլև ողջ ստեղծագործության կառուցվածքում։ Արն Ցեյտլինը գտել է որոշ նմանություններ Միխայիլ Պոգոդինի «Նշանածը» վիպակի դրվագների միջև։ Վիկտոր Վինոգրադովը նկատել է Միխայիլ Լերմոնտովի «Հատված անավարտ վիպակից» ազդեցության հետքերը՝ միահյուսված տիպիկ պետերբուրգյան «բնախոսությամբ»՝ հոֆմանյան գրելաոճի տարրերով։ Օրդինովի, Մուրինի և Կատերինայի փոխհարաբերությունների բախումը կարող էին նաև ներշնչված լինել Հոֆմանից, Թոմաս Դե Կվինսից, ռուս ռոմանտիկներից[7]։

Բեմադրություն խմբագրել

1912 թվականին Փարիզում բեմականացվել է Սավուարի և Նոզերի «Ընդհատակյա հանճարը» պիեսը։ Պիեսը գրվել է «Հավերժական ամուսնու» մոտիվներով՝ ներառելով տարրեր «Տանտիրուհին» և «Գրառումներ ընդհատակից» ստեղծագործություններից[12]։

Տասը տարի հետո՝ 1922 թվականին, «Տանտիրուհու» բեմականացումը ընթացել է Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) Պավել Գայդեբուրովի Շրջիկ թատրոնում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Фридлендер, 1972, էջ 507
  2. 2,0 2,1 2,2 2,3 Фридлендер, 1972, էջ 508
  3. Фридлендер, 1972, էջ 457
  4. 4,0 4,1 Фридлендер, 1972, էջ 506
  5. Фридлендер, 1972, էջ 507-508
  6. 6,0 6,1 Егоренкова Г. И. Путь к великим романам // Достоевский Ф. М.: Бедные люди; Двойник; Хозяйка; Игрок. — Горький: Волго-Вятское книжное издательство, 1983. — С. 425.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Фридлендер, 1972, էջ 509
  8. Фридлендер, 1972, էջ 506-511
  9. 9,0 9,1 9,2 9,3 Фридлендер, 1972, էջ 510
  10. Фридлендер, 1972, էջ 510-511
  11. Фридлендер, 1972, էջ 509-510
  12. 12,0 12,1 Фридлендер, 1972, էջ 511

Գրականություն խմբագրել

  • Фридлендер, Георгий Михайлович Примечания // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1972. — Т. 1. — 520 с. — 200 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Хозяйка». Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 8 сентября 2017-ին.
  • «Первая публикация в «Отечественных записках», 1847 г.» (PDF). Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 8 сентября 2017-ին.
  • «Первое отдельное издание Ф. Стелловского, 1865 г.» (PDF). Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 8 сентября 2017-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանտիրուհին» հոդվածին։