«Մեղու» հայերենի մրցույթ

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթ, զանգվածային դպրոցական մրցույթ հայոց լեզվից, որն անցկացվում է ամեն տարի Հայաստանի և Արցախի՝ բոլոր ցանկացող քաղաքային և համայնքային դպրոցներում։ Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքը և գեղեցկությունը, ինչպես նաև բարձրացնել երեխաների լեզվամտածողական և լեզվագիտական ունակությունները։

Պատմություն խմբագրել

2009 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում և Արցախում կազմակերպում և անցկացնում է «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային զանգվածային մրցույթները։ Հաշվի առնելով այս փորձը՝ «Այբ»-ը ստեղծեց և 2014 թվականից ամեն տարի հոկտեմբերին անցկացնում է ևս մեկ նմանատիպ մրցույթ հայերենից։

Առաջին տարում «Մեղու» մրցույթին մասնակցել են ընդհանուր թվով 44411 աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի 961 դպրոցներից[1]։

Ձևաչափ խմբագրել

Մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ, նույն օրը՝ անմիջականորեն բոլոր մասնակից դպրոցներում։

Մրցույթը թեստային է։ Թեստերը մեծ մասամբ հայոց լեզու առարկայից են, ինչպես նաև կարող են ընդգրկվել այնպիսի հարցեր գրականությունից, որոնք ունեն լեզվամտածողական և լեզվագիտական ուղղվածություն և չեն պահանջում գրական գործի իմացություն։ Յուրաքանչյուր թեստ ունի պատասխանների 5 տարբերակ, որոնցից միայն մեկն է ճիշտ։

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտները՝ անկախ դպրոցում իրենց առաջադիմությունից։ Երեխաները մրցույթին մասնակցեում են 3-4-րդ դաս., 5-6-րդ դաս., 7-8-րդ դաս., 9-10-րդ դաս., 11-12-րդ դաս․ տարիքային խմբերով։ 3-4-րդ տարիքային խմբի երեխաների խնդիրների փաթեթում ընդգրկված է 28, իսկ մնացած տարիքային խմբերի խնդիրների փաթեթում՝ 30-ական թեստային խնդիր։ Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 110, իսկ մյուսները` 120 միավոր։

Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում։ Յուրաքանչյուր մասնակից դպրոց ստանում է ամփոփ հաշվետվություն միայն իր մասնակից աշակերտների արդյունքների վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աննախադեպ թվով աշակերտներ կմասնակցեն «Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթին». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել