Վարդան Մախոխյան

հայ նկարիչ

Վարդան Արիստակեսի Մախոխյան (մայիսի 31, 1869(1869-05-31), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - փետրվարի 10, 1937(1937-02-10), Նիս, Ֆրանսիա), հայ ծովանկարիչ։

Վարդան Մախոխյան
Ի ծնեՎարդան Արիստակեսի Մախոխյան
Ծնվել էմայիսի 31, 1869(1869-05-31)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 10, 1937(1937-02-10) (67 տարեկան)
Մահվան վայրԲեռլին
Ազգությունհայ
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա (1894), Պրուսիայի արվեստի ակադեմիա և Սանասարյան վարժարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրծովանկար
Ուշագրավ աշխատանքներԾովի տեսարան և Օվկիանոս
ՈւսուցիչԷուժեն Բրախտ և Հանս Գուդե
Պարգևներ
 Vardan Makhokhyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Տրապիզոնում, հայ առևտրականի ընտանիքում[1]։ Այստեղ նա ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Կարնո Սանասարյան վարժարանում 1882-1887 թվականներին, այստեղ էլ բացահայտվել՝ նրա սերը դեպի նկարչությունը։ Դասընկերների վկայությամբ այստեղ նա անընդհատ զբաղվել է նկարչությամբ` աշխատելով մատիտով, տուշով` հորինելով ծովանկարներ։ Հավանաբար ծովի քնարական-ռոմանտիկական տարերքն էլ ազդակ է հանդիսացել պատանու մեջ ուժեղացնել նաև երաժշտական հակումները, քանի որ Սանասարյան վարժարանում նա միաժամանակ նաև ջութակ նվագել է սովորել և այնքան լավ է տիրապետել, որ հետագայում դժվարացել է երաժշտության և նկարչության մեջ ընտրություն կատարել։ Վարժարանում նրա ընդունակություններն ակնառու են դառնում, և ուսուցիչները նրան փայլուն ապագա են գուշակում։

1887 թվականին, հաջողությամբ ավարտելով Սանասարյան վարժարանը, նա վերադառնում է ծնողների մոտ` նրանց հայտնելով նկարիչ դառնալու իր վերջնական որոշումը։ Ծնողներն ստիպված համակերպվում են։ Մի քանի տարի մնալով Տրապիզոնում` նա ջանասիրությամբ զբաղվում է թե' նկարչությամբ, թե' երաժշտությամբ` պատրաստվելով արտասահման մեկնել` բարձրագույն կրթություն ստանալու։ Նկարում է քաղաքի, ծովի տեսարաններ թե' բնությունից, թե' երևակայությամբ` կուտակելով բավական թվով էտյուդներ, գրչանկարներ, մատիտանկարներ, ջրաներկով կատարված բնանկարներ։ Նա միաժամանակ համերգներ է տալիս Տրապիզոնում` հանդես գալով տեղի ակումբում։ Օգտվելով այն առիթից, որ Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորում է իր եղբայրը, Մախոխյանը մեկնում է Բեռլին[1]։ 1891-1894 թթ. սովորել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով ժամանակի հայտնի նկարիչներից Էուժեն Բրախտին և նորվեգացի ծովանկարիչ Հանս Գուդեին։ 1894 թվականին Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը։

1895 թվականին նա վերադարձել է Տրապիզոն և համիդյան ջարդերի ականատեսը եղել։ Նա սկզբում փախել է Բաթում, որից հետո Եվրոպա, որտեղ սկսել է իր աշխատանքները ներկայացնել ցուցահանդեսներում։ Նա առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում, 1900 թվականին[2]։

1904 թվականին դարձել Բեռլինի նկարիչների միության անդամ, որի նախագահն էր Վիլհելմ կայսրը, որն ինքն էլ հայտնի նկարիչ էր։ 1908-1914 թվականներին նորից ստեղծագործել է ծննդավայրում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում արվեստագետը տեղափոխվել է նախ Լոնդոն (այնտեղ անհատական ցուցահանդես է ունեցել), ապա Ֆրանսիա։ Պատերազմից հետո վերջնականապես հաստատվել է Ֆրանսիայի հարավում, Միջերկրականի ափին՝ Նիցցայում։

Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներ՝ Եգիպտոս, Ֆրանսիա, Բելգիա, Կովկաս և այլն, ամենուր գտնելով առատ նյութ իր վրձնի համար։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա նկարները գնվել են աշխարհի շատ թանգարանների կողմից, տպագրվել եվրոպական, մասնավորապես գերմանական մամուլում, արժանացել ջերմ գնահատման։ Ընտրվել է անդամ Verein Berliner Künstler-ի միության, որից և կազմվում էին Բեռլինի տարեկան ցուցահանդեսների ժյուրիները։ Բեռլինի, Մյունխենի, Համբուրգի, հետագայում Փարիզի և այլ քաղաքների տարեկան ցուցահանդեսներում միշտ գրավել է պատվավոր տեղ, քանիցս արժանացել մրցանակների։ 1925 թվականին Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ։ Նույն տարում Փարիզում կազմակերպել է ճոխ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նաև տարբեր թանգարանների սեփականությունը եղող նկարները։ Փարիզյան թերթերը մեծ հիացմունքով են խոսել այդ ցուցահանդեսի մասին։ Նույն՝ 1925 թվականին գեղանկարիչն արժանացել է ֆրանսիական կառավարության հատուկ գնահատականի՝ Պատվո լեգեոնի շքանշանի[2]։

 

Մախոխյանի աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Ս. էջմիածնի վանքի Վեհարանում, Նիսի գեղարվեստի, Կաունասի Մ. Չյոռլյոնիսի անվան, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[4]։

 

Ստեղծագործություններ խմբագրել

Մախոխյանը ստեղծել է ծովային տեսարաններ և բնանկարներ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները», «Լուսնի ցոլքը ծովի վրա», «Փոթորիկ Սևաստոպոլի մոտ», «Մատուռ ծովափին», «Սորենտոյի ափերը» և այլն), որոնք աչքի են ընկնում գունալուսային նուրբ հարաբերություններով, ծովի անեզրության, կենսալիության և իրականության ու նյութականի խոր զգացողությամբ, բնանկարներ՝ Հյուսիսային Գերմանիայի, Սկանդինավիայի, Միջերկրական ծովի ափերից։ Բնանկարներում արձագանքել է իր ժողովրդի պատմության ողբերական իրադարձություններին։ Հովհաննես Այվազովսկուց հետո Մախոխյանը ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստում։

Բարձր են գնահատել «Մայրամուտը Սև ծովի վրա», «Ձմեռը Կովկասում», «Ալիքը», «Սարակինոսների աշտարակը», «Դանիական ափերը», «Նավաբեկության մնացորդները», «Ոսկեզօծ ծովը», «Ամպրոպը», «Ձկնորսները լուսնկա գիշերով», «Լեռնային եղևներիներ» և այլ գործեր։ Օտար և հայ մամուլում հաճախ են տպագրվել նրա ծովանակարները[5]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝ Կահիրեում (1902, 1904), Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում, Բեռլինում (1907), Լոնդոնում (1914), Նիսում (1918, 1932, 1936), Մարսելում (1923), Փարիզում (1925)։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987
  2. 2,0 2,1 «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  3. Վարդան Մախոխյանի աշխատանքները ՀԱՊ-ում
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 271.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Մախոխյան» հոդվածին։