Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին

Վարդգես Սուրենյանցի կտավ

«Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավը։ 1913 թվականին այս նկարը Սուրենյանցը ցուցադրում է Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության 42-րդ ցուցահանդեսում[1]։ Այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկայացված է մշտական ցուցադրության[2]։

Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1913
բարձրություն152 սանտիմետր
լայնություն132,6 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Սուրենյանցի ստեղծագործության մեջ առանձնանում են պարսկական թեմաներով կատարված աշխատանքները, որոնք նկարչի կողմից դեպի արևելքն ունեցած մեծ հետաքրքրության արդյունք են։ Պարսկական էտտյուդների շարքը, որը բերել էր 1885-1886 թվականներին Պարսկաստան կատարած ճանապարհորդությունից, նա ցուցադրում է 1892-1893 թվականներին Մոսկվայում «Արվեստը սիրողների ընկերության» ցուցահանդեսում։ Այդ էտյուդների որոշ մասն է հասել մեզ՝ «Պարսկական տան ճակատ Ջուղայում», «Էտյուդ խաչքարով», «Դուռ ստալակտիտով», «Երիտասարդ պարսիկի դիմանկարը» և այլն։ Սրանք հետագայում խոշոր կտավներ ստեղծելու նպատակով կատարած էտյուդներ են։

 
Շահի հանգիստը

Հետագայում Սուրենյանցը շարունակում է ստեղծագործել արևելյան թեմաներով՝ վրձնելով «Հաֆիզի երգը», «Սերենադ» մեծարժեք կտավները։ Սուրենյանցին հուզում է նաև արևելյան անմահ երգիչներից մեկի՝ Ֆիրդուսու կյանքն ու ստեղծագործությունը[1]։ Ֆիրդուսուն անդրադառնալով նա անմիջականորեն արծարծել է նաև իրանական վիպերգությունը՝ ի դեմս Շահնամե պոեմի։ Նշվում է, որ մոտ 35 տարի աշխատելուց հետո Ֆիրդուսին Մահմուդ Ղազնևիին է ուղարկում պոեմը և սպասում խոստացված վարձատրությանը։ Չստանալով վարձատրությունը՝ նա ի դժգոհություն երգիծական տողեր է գրում շահի հասցեին։ Սուրենյանցը պատկերել է այն պահը, երբ Ֆիրդուսին կարդում է Շահի համար «Շահ-Նամե»-ն՝ պատմական կերպարների հետ հավերժացնելով նաև պոեմը[3]։ Նկարի ստեղծման պատմությունը լրացնելու տեսանկյունից կարևոր է այդ ստեղծագործությանը նախատիպ ծառայած պատկերներից մեկի՝ «Շահի հանգիստը» կտավի հիշատակությունը։ Շահին պատկերող նկարները Սուրենյանցի մոտ աստիճանական զարգացում են ապրում[4]։

Նկարագրություն խմբագրել

Ֆիրդուսին Շահի առջև ծնկաչոք կարդում է իր Թագավորների գիրքը։ Կտավում Ֆիրդուսու դեմքը չի երևում, սակայն դիտողը զգում է այդ պահին նրան համակած ոգևորությունը։ Պալատականների խորամանկ, իսկ երբեմն ոչինչ չասող, բութ հայացքները, գահին բազմած խստափայլ աչքերով շահը, և որպես նրա ուժի հզորության սիմվոլ՝ ոտքերի տակ նստած հովազը, հետևում կանգնած զինված թիկնապահները հայելու նման արտացոլում են այն կյանքը, որի մասին արևելյան բազմերանգ գույներով շարադրված է Ֆիրդուսու ձեռքին բռնած թերթիկներում։ Գահի, զգեստների բազմագույն խայտաբղետ զարդանկարները, ծառերի ճյուղերն ու տերևները պատկերված են հորիզոնական դիրքով։ Ընդհանուր կապույտի, կարմիրի, կանաչի և նարնջագույնի մեջ Ֆիրդուսու կերպարը միակ ամբողջական մոխրագույն գիծն է աշխատանքում[1]։

Սուրենյանցը, հարազատ մնալով կատարման ռեալիստական սկզբունքներին՝ միաժամանակ կիսում է պուանտելիզմին բնորոշ հնարքներ, որոնք հիմնականում օգտագործվել են զգեստների, գորգերի և գահի զարդանկարների պատկերման ժամանակ։ Դեմքերը պատկերված են զուսպ ռեալիստական ուժով[1]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Սուրենյանց Վարդգես Հակոբի | Ֆիրդուսին կարդում է "Շահ-Նամե" պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  3. Կիրակոսյան, Հասմիկ (2015). Մահմուդ Ղազնավիին ուղղված երգիծանքի տեքստի մի ձեռագիր «Շահնամե»-ում (PDF). Երևան: «Նաիրի».
  4. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել