Օտար լեզվի տագնապ (անգլ.՝ Foreign language anxiety), հայտնի որպես քսենոգլոսոֆոբիա, անհանգստության և մտավախության զգացողություն, որը կարող է զգացվել երկրորդ կամ օտար լեզու սովորելու կամ օգտագործելու ժամանակ։ Զգացողությունը կարող է լինել երկրորդ լեզվի կիրառման ցանկացած կոնտեքստում՝ թե՛ խոսելու և գրելու, և թե՛ կարդալու ու լսելու փուլերում[1]։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օտար լեզվի տագնապը կարևորագույն խնդիր է ամբողջ աշխարհում երկրորդ լեզվի դասավանդման գործընթացում և սերտորեն կապված է օտար կամ երկորդ լեզվով խոսելու կարողության հետ[2]։

Օտար լեզվի տագնապը հոգեբանները նկարագրում են որպես հատուկ տագնապային հակազդեցություն[2]։ Որոշ անհատներ ավելի բարձր տագնապայնություն ունեն, որը կարող է դրևսորվել ամենատարբեր իրավիճակներում։ Սակայն օտար լեզվի տագնապը կոնկրետ իրավիճակային է և հետևաբար կարող է ազդել նաև այն մարդկանց վրա, ովքեր հակված չեն տագնապայնության այլ իրավիճակներում[2]։

Օտար լեզվի տագնապի հիմնական պատճառներն են հաղորդակցություն-անհանգստաությունը, թեստերից տագնապը և բացասական գնահատականից վախը[2]։ Օտար լեզվի տագնապը ունի նաև հոգեբանական բաղադրիչ[3][4]։

Չնայած որ այս տագնապը ունի մի շարք բացասական ազդեցություններ օտար կամ երկրորդ լեզվի յուրացման վրա, թե՛ ուսուցչի, և թե՛ ուսանողի կողմից կարող են ձեռնարկվել քայլեր, որոնք կնվազեցնեն դրանք[5]։

Պատճառներ խմբագրել

Չնայած լեզվի յուրացման բոլոր դրսևորումները կարող են դառնալ տագնապի պատճառ, ամենից հաճախ նշվում են խոսելը և լսելը՝ որպես տագնապ առաջացնող գործողություններ[4][6]։

Օտար լեզվի տագնապը սովորաբար նկատվում է լեզվի ուսուցման միջավայրում, քանի որ այստեղ մի խումբ ուսանողների նոր լեզու սովորելու գործընթացը պարբերաբար ուղեկցվում է խայտառակության, ձախողվելու վախով։

Տագնապայնության մասին ընդհանուր տեսությունները կարող են օգնել բացատրել օտար լեզվի տագնապի արմատները։ Հատկանշական են հետևյալ տեսությունները․

  • Ինքնարդյունավետություն և գնահատում՝ տագնապային հակազդեցությունը առաջին հերթին կախված է, թե անհատի գնահատմամբ ինչքան վախեցնող է տվյալ իրավիճակը։ Երբ իրավիճակը անհատի կողմից արդեն գնահատվել է որպես վախեցնող, տագնապի աստիճանը պայմանավորվում է սեփական ինքնարդյունավետության գնահատմամբ կամ իրենց՝ իրավիճակը պատշաճ ձևով կառավարելու կարողության մասին ինքնավստահությամբ։ Հնարավոր բացասական իրադարձությունները, որոնք անհատը չի կարծում, թե կարող է կառավարել, հանգեցնում են տագնապայնության։ Օտար լեզվի յուրացման ընթացքում, օտար լեզվով հաղորդակցվելու իրավիճակները վախեցնող են, որոնք ուղեկցվում են անհատի կողմից լեզվի կարողությունների ինքնանվաստցնող գնահատմամբ, ինչն էլ հանգեցնում է օտար լեզվի տագնապի[7]։
  • Վիճակային, հատկանշային կամ իրավիճակային տագնապ՝ դասակարգվում է 3 հիմնական խմբի՝ հատկանշային տագնապ, վիճակային տագնապ և կոնկրետ իրավիճակային տագնապ։ Հատկանշային տագնապ ունեցող անհատները ունեն մշտական, խրոնիկական տագնապայնություն բոլոր իրավիճակներում, մինչևդեռ վիճակային տագնապ ունեցող մարդիկ տագնապում են միայն որոշակի իրավիճակներում։ Երբ այս տեսությունը տարածում ենք լեզվի յուրացման պրոցեսի վրա, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել դասակարգումը և առանաձնացնել կոնկրետ իրավիճակային տագնապը։ Սա վիճակային տագնապի ենթատեսակ է, որը տեղի է ունենում միայն որոշակի կոնկրետ պայմաններ բավարարելու դեպքում[7]։

Օտար լեզվի տագնապի օրինակներ կարող են տեղի ունենալ դասասենյակում։ Սրա պատճառները լայնորեն դասակարգվում են ըստ երեք հիմնական բաղադրիչների` հաղորդակցությունից անհանգստություն, թեստից տագնապ և ցածր գնահատականից վախ։ Հաղորդակցության ընկալման տագնապը լինում է այլ մարդկանց հետ տվյալ լեզվով խոսելու կամ նրանց լսելու ընթացքում։ Թեստից տագնապը կարելի է համարել կատարողական վախի տեսակ, որը ասոցացվում է սխալվելու կամ ձախողվելու վախի հետ։ Բացասական գնահատականից վախը պայմանավորված է նրանով, թե լեզուն սովորողները ինչի հետ են ասոցացնում մյուսների (ուսուցչի, մյուս սովորողների, ծնողների) բացասական վերաբերմնունքը իրենց լեզուն յուրացնելու կարողությունների նկատմամբ։ Այս երեք հանգամանքները պատճառ են դառնում անհատի տագնապայնության բարձրացմանը, ինչպես նաև ինքնագնահատականի անկմանը։ Իրենց երկրից դուրս օտար լեզու սովորող ուսանողները ավելի հակված են տագնապայնության, քանի որ իրենց ավելի օտարված են զգում այն միջավայրից, որտեղ գտնվում են, և կարող են ապրել լեզվական և մշակութային շոկ։ Սպարկսն ու Գանշոուն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տագնապայնությունը կարող է պատճառ դառնալ լեզվի դանդաղ յուրացման համար։ Եթե ուսանողը չի կարողանում սովորել մինչև լեզվի քննությունը, ապա կարող է ունենալ թեստի տագնապ։ Որպես արդյունք կարող ենք տեսնել նաև համատեքստային անհանգստություն։ Արդյունքում, տագնապայնության պատճառով ուսանողը սկսում է դանդաղ յուրացնել լեզուն, ինչը շարունակաբար սնում է տագնապայնությունը և նպաստում դրա մշտական պահպանմանը։ Տագնապայնությունը կարող է պայամանավորված լինել նաև ֆիզիկական պատճառներով, ինչպիսին է մի շարք հորմոնների ոչ նորմալ կենսագործունեությունը, բայց սովորաբար հիմնական պատճառը վախն ու ցածր ինքնագնահատականն է։

Օտար լեզվի տագնապը ունի նաև հոգեբանական բաղադրիչ, քանի որ լեզու յուրացնելու գործընթացը խորապես անհանգստացնող հոգեբանական երևույթ է, որի ժամանակ խախտվում է անհատի ինքնաընկալումը ու ինքնաճանաչողությունը և հիմնված է լեզվական կարողության մասին սեփական ընկալուման վրա։

Օտար լեզվի տագնապը բխում է երեք հինական հոգեբանական մարտահրավերներից՝

  • կատարման դժվարություններից
  • մարտահրավեր սեփական ինքնաընկալմանը
  • ինքնության կոնֆլիկտ

Ազդեցություններ խմբագրել

Օտար լեզվի տագնապի ազդեցությունները նկատելի են օտար լեզվի դասասենյակներում։ Տագնապայնությունը ակադեմիական առաջադիմության հստակ ցուցիչ է։ Ապացուցված է, որ տագնապայնությունը բացասական է անդրադառնում ուսանողների ինքնավստահության, ինքնագնահատականի և մասնակցության մակարդակի վրա։

Տագնապայնություն ունեցող ուսանողը տառապում է բացասական ազդեցություններից դասապրոցեսի ընթացքում հանպատրաստից խոսելիս։ Ավելի հավանական է, որ ինքնագնահատաականի նվազեցման պատճառով սխալները մատնանշելու և ուղղել սկսելու փոխարեն, որդեգրեն խուսափողական մոտեցումներ և բաց թողնեն դասերը[8]։ Տագնապայնություն ունեցող ուսանողը նաև հեշտությամբ մոռանում է նախկինում յուրացված տեղեկությունը, ինքնակամ չի պատասխանում և սովորաբար ավելի պասիվ է դասասենյակում, քան ավելի պակաս տագնապայնությամբ իր մյուս դասընկերները։

Օտար լեզվի տագնապը հանդիպում է նաև դասասենյակներից դուրս։ Այն կարող է ստիպել մարդկանց լինել ավելի լուռ և խուսափել բանավոր հաղորդակցությունից ամենատարբեր միջավայրերում։ Շատ հաճախ նման մարդիկ հասարակության կողմից ընկալվում են որպես ոչ մրցունակ, ոչ վստահելի, ոչ գրավիչ, լարված, զուսպ[9]։

Միջմշակութային կոդափոխություն խմբագրել

Բացասական զգացմունքները կարող են հանգեցնել նաև միջմշակութային կոդափոխության, որի ժամանակ երկլեզու մարդիկ մի լեզվի բառերի փոխարեն օգտագործում են մյուս լեզվի բառերը այլ երկլեզու մարդկանց հետ խոսելու ընթացքում։ Ի տարբերություն լեզվաբանական կոդափոխության, միջմշակութային կոդափոխությունը սոցիալեզվաբանական երևույթ է և ցույց է տալիս մշակույթով արմատացած վարքի փոփոխությունը օտար իրավիճակում։ Չնայած միջմշակութային կոդափոխությունը կարող է բխել և՛ բացասական, և՛ դրական զգացմունքներից, բացասական զգացմունքները ավելի հավանական է, որ կազդեն այն բանի վրա, թե ինչպես է երկլեզու մարդը խոսում։ Բացասական զգացմունքներն են շփոթմունքը, կատարողական անհանգստությունը, մեղքի զգացումը, լարվածությունն ու անհանգստությունը ընդհանուր առմամբ։

Առանձնացվում է միջմշակութային կոդափոխության 3 տեսակ․

  • իրավիճակային կոդափոխություն
  • խոսակցական կոդափոխություն
  • փոխառություն

Կոդափոխությունը կարող է համարվել բացասական իրավիճակներում անգիտակից վարքագծային դրսևորում։ Ծնայած որ այն օտար լեզվի տագնապի դրսևորում կարող է լինել, դրա պատճառները պայմանավորված են ավելի շատ արտաքին իրավիճակային գործոններով, քան ներքին հոգեբանական փոփոխություններով[5]։

Չափման ձևեր խմբագրել

Լեզու սովորողների մոտ օտար լեզվի տագնապի մակարդակները գնահատելու համար տարբեր մեթոդներ են ստեղծվել։

Օտար լեզուների դասասենյակում անհանգստության սանղակը (The Foreign Language Classroom Anxiety Scale - FLCAS) 33 հարցից և 5 միավորից բաղկացած Լայքերտյան հարցում է, որը լայնորեն օգտագործվում է ուսումնասիրություններում։ Այն ուսումնասիրում է մասնակիցների հաղորդակցության ընկալումը, թեստից տագնապը, վախը բացասական գնահատականներից և կենտրոնանում է դասարանային համատեքստում խոսելու վրա։ Այն թարգմանվել և օգտագործվում է մի շարք լեզուներում, ինչպիսիք են իսպաներենը, չինարենը։

Նվազեցում և կառավարում խմբագրել

Օտար լեզվի անհանգստության նվազեցման համար անհրաժեշտ է թե՛ ուսուցիչների, և թե՛ ուսանողների մասնակցությունը։

Ուսանողները կարևոր դեր են կատարում սեփական տագնապայնությունը նկատելու և կատավարելու գործում։ Առաջին անհրաժեշտ քայլը սեփական տագնապայնության գիտակցումն ու ընկալումն է, որպեսզի հնարավոր լինի հետագայում քննարկել ուսանողի կարիքները ուսուցչի հետ և համատեղ մշակել կոնկրետ մարտավարություն՝ տագնապայնության մակարդակը նվազեցնելու համար։ Առանձնացնելը, թե օտար լեզվով հատկապես որ գործողություններն են պատճառ դառնում տագնապայնության, ամենակարևոր քայլերից մեկն է։ Խորհուրդ է տրվում միանալ լեզվի խմբակների, օրագիր գրել օտար լեզվով, օտար լեզվով ինքնախոսությամբ զբաղվել։

Ուսուցիչները նույնպես կարող են մշակել և որդեգրել մեթոդներ, որոնք կնվազեցնեն կամ կկանխարգելեն դասասենյակում օտար լեզվի տագնապի առաջացման ռիսկերը։ Դրականը ամրապնդելը և սխալները նորմալիզացնելը՝ սխալների վրա բացասաբար կենտրոնանալու փոխարեն, կարող է ստեղծել բարենպաստ մթնոլորտ դասասենյակում։

Որոշ ուսումնասիրություններ առաջարկում են սովորեցնել երգեր՝ որպես դասապրոցեսի մաս, քանի որ այն կարող է լավացնել ակադեմիական առաջադիմությունը և նվազեցնել տագնապայնության մակարդակը դասասենյակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MacIntyre, P. D.; Gardner, R. C. (1994). «The subtle effects of language anxiety on cognitive processing in the second language». Language Learning. 44 (2): 283–305. doi:10.1111/j.1467-1770.1994.tb01103.x.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Horwitz, Elaine K.; Horwitz, Michael B.; Cope, Joann (1986 թ․ հունիսի 1). «Foreign Language Classroom Anxiety». The Modern Language Journal (անգլերեն). 70 (2): 125–132. doi:10.1111/j.1540-4781.1986.tb05256.x. ISSN 1540-4781.
  3. MacIntyre, P. D.; Gardner, R. C. (1994). «The subtle effects of language anxiety on cognitive processing in the second language». 44 (2): 283–305. doi:10.1111/j.1467-1770.1994.tb01103.x. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "Language Learning" ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 Horwirz, E. K.; Horwitz, M. B.; Cope, J. (1986). «Foreign Language Classroom Anxiety». The Modern Language Journal. 70 (ii): 125–132. doi:10.2307/327317. JSTOR 327317.
  5. 5,0 5,1 Huang, Jinyan (2012). Overcoming Foreign Language Classroom Anxiety. New York: Nova Science Publishers. էջեր 11–12. ISBN 9781613247754.
  6. MacIntyre, P. D.; Gardner, R. C. (1994). «The subtle effects of language anxiety on cognitive processing in the second language». Language Learning. 44 (2): 283–305. doi:10.1111/j.1467-1770.1994.tb01103.x.
  7. 7,0 7,1 Pappamihiel, N. Eleni (2002 թ․ հունվարի 1). «English as a Second Language Students and English Language Anxiety: Issues in the Mainstream Classroom». Research in the Teaching of English. 36 (3): 327–355. JSTOR 40171530.
  8. Phillips, E. M. (1992). «The effects of language anxiety on students' oral test performance and attitudes». The Modern Language Journal. 76 (1): 14–26. doi:10.1111/j.1540-4781.1992.tb02573.x.
  9. Liu, M.; Jackson, J. (2008). «An exploration of Chinese EFL learners' Unwillingness to Communicate and Foreign Language Anxiety». The Modern Language Journal. 92 (i): 71–86. doi:10.1111/j.1540-4781.2008.00687.x.