Օլիֆներ (հուն՝ άλειφα- քսուք, յուղ, ճարպ), բուսական յուղերի հիմքով թաղանթ առաջացնող նյութեր։ Դեղինից մինչև բալի գույնի թափանցիկ հեղուկներ են։ Պարունակում են նաև սիկատիվներ։ Լավ թրջում են մետաղները, փայտը, գործվածքները։ Լրիվ չորացման տևողությունը սենյակային պայմաններում մինչև 24 ժամ է։ Չորանում է՝ առաջացնելով բարակ առաձգական շերտ, որը չի լուծվում ջրում և օրգանակաան լուծիչներում։ Օլիֆները ստացվում են բուսական յուղերի մասնակի պոլիմերմամբ՝ 270-280 °C-ում, կամ 140-160 °C-ում (օդի ներփչմամբ)։ Ստացված զանգվածին ավելացվում է սիկատիվ և լուծիչ (ցնդող)։ Տարբերում են բնական, խտությունը՝ 930-945 կգ/մ3, կոմբինացված և կիսաբնական օլիֆներ։ Օլիֆներ են պատրաստում նաև ճարպային ալկիդային խեժերից (խեժերի 50%-անոց լուծույթ ուայտ սպիրտում)։ Այս տիպի օլիֆները առաջացնում են ավելի կայուն և երկարադիմացկուն թաղանթներ, քան յուղայինները։ Օլիֆները օգտագործվում են յուղաներկեր ստանալու և մինչև անհրաժեշտ մածուցիկությունը դրանք նոսրացնելու, ինչպես նաև ներկելուց առաջ փայտանյութերը տոգորելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 531