Քեսաբի շրջան (արևմտահայերեն՝ Քեսապի շրջան, արաբ․՝ ناحية كسب‎‎), հիմնականում հայաբնակ շրջան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լաթակիայի մարզում։ Գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին։ Կենտրոնն է Քեսաբ գյուղաքաղաքը, որը գտնվում է Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, Կասիոս լեռան լանջին։

Քեսաբի շրջան
արաբ․՝ ناحية كسب‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԼաթակիայի մարզ
Լաթակիայի գավառ
Ներառում էնաև ալ-Մաշրաֆա գյուղը
ՎարչկենտրոնՔեսաբ
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)1 927
Խտություն19,51
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Տարածք98,74
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 1600 մ
 0 մ
Ժամային գոտիUTC+2

Աշխարհագրություն խմբագրել

Քեսաբի շրջանը ձգվում է Անտիոքից 60 կմ հարավ՝ դեպի Միջերկրական ծովի ափը։ Քեսաբն ու շրջակա տասներկու գյուղերը գտնվում են 1800 մ բարձրություն ունեցող Կասիոս լեռան արևմտյան, հարավարևելյան և հարավային սարալանջերի վրա։ Լեռը հունահռոմեական ժամանակաշրջանում կոչվել է Կասիոս, իսկ Խաչակիրների շրջանում՝ Պարլեր (Mont Perlier)։ Արաբներն այն կոչել են Ճեպել Ագրա (Ճաղատ լեռ)։ Լեռան հարավարևելյան լանջին՝ 1250 մ բարձրության վրա գտնվում է Պալլում կամ Պարլում կոչվող ուխտատեղին։ Կառույցը նման է հունահռոմեական տաճարի ավերակների և հունահռոմեական պատմիչների կողմից հիշատակվում է որպես Զևս աստծո սուրբ լեռ։ Տաճարի ավերակների վրա հավանաբար բարձրանում է Անտիոքի լատին դքսության օրոք կանգնեցված Պարլերի լեռան վանքը։

Քեսաբը հյուսիսից և արևելքից սահմանակից է Թուրքիայի, հարավից՝ Լըղըջէօր և դեպի Միջերկրական ծով ձգվող թուրքմենական գյուղերին, իսկ արևմուտքից ունի ելք դեպի Միջերկրական ծով։ Առափնյա ռելիեֆը խիստ լեռնային է և ծովի միակ մատչելի ափը Գարատուրանի ծովաբերանն է։

Մինչև 1939 թվականը Քեսաբի շրջանն ընդգրկում էր նաև Կասիոս լեռը։ Ծովափը ձգվում էր մինչև Անթը Մաղարինեն կոչվող պարսպաձև լեռները։ Հյուսիսից շրջանի սահմաններն իջնում էին դեպի Ամանոսի լեռներին հարող Կասիոսի զառիթափ լանջերը։ Թուրքիային կցված այս ընդարձակ տարածությունները կազմել են շրջանի ավելի քան մեկ երրորդը։ Այդ տարածքներում են գտնվել գյուղացիների կալվածքների մեծ մասը (հիմնականում՝ արոտավայրեր, արտեր ու պարտեզներ)։ Այսպիսով, այսօր Քեսաբի շրջանը բաղկացած է միայն Սիրիայի մաս կազմող հարավային և հարավարևմտյան մասերից, որտեղ էլ գտնվում են շրջանի հայաբնակ գյուղերը։

Կասիոս լեռը հարավարևելյան գոգավորության վրա տարածվում է Քեսաբ ավանը։ Քեսաբին հաջորդում են միմյանցից 1-4 կմ հեռավորության վրա գտնվող Սև Աղբյուր, Ներքի Գյուղ (Էսկյուրան), Խայըթ, Չինար, Չագալճըգ, Քյորքյունե և Էքիզ Օլուգ գյուղերը։ Քեսաբի արևմտյան մասում են գտնվում Գարատուրան և Պաշուրթ գյուղերը։

Քեսաբի շրջանն իր սահմաններով նման է իշխող դիրք ունեցող լեռնային կղզու։ Հյուսիսից՝ միջին բարձրությունից կարելի է տեսնել Որոնտեսի գետաբերանը, Մուսա լեռն ու Ամանոսի լեռնաշղթան, արևելքից՝ Հալեպի դաշտերը, իսկ հարավից՝ Լաթակիան։ Պայծառ եղանակին երևում է նաև Կիպրոս կղզին։

Պատմություն խմբագրել

Քեսաբի շրջանը գտնվում է քաղաքակրթության հնագույն աշխարհագրական տարածքներից մեկում։ Այն տարածվում է Սիրիական ծովափից մինչև Ալ-Ասի գետի հովիտը։

Միջերկրական ծովի ափին զարգացող քաղաք-պետություններից մեկը՝ Ուգարիտը, գտնվել է Քեսաբից ոչ շատ հեռու։ Քեսաբը և հատկապես Դուզաղաջի հարթավայրն ընկած էին Ուգարիտի առևտրական ցամաքային ճանապարհին և փաստորեն կապում էին այն Փոքր Ասիայի, Կիլիկիայի և հյուսիսային Միջագետքի հետ։

Սելևկյան հելլենիստական պետության օրոք Քեսաբի շրջանը գտնվել է Անտիոք, Սելևկիա և Լավոդիքե (Լաթակիա) քաղաքների կենտրոնական մասում։

Քեսաբի շրջանի պատմության մասին գրավոր աղբյուրներ չկան։ Շրջանն առաջին անգամ հիշատակվում է խաչակիրների ժամանակաշրջանում, երբ Անտիոքի դուքս Բոհեմունդ Ա-ն Պետրոս ճգնավորին է շնորհում Քասպիսի զավթած տարածքները։ Վերջինս հիշատակվում է նաև Քասամբելլա կամ Քասաբելլա (Cassembella, Cassabella) անուններով և նույնականացվում է Քեսաբ անվան հետ։

Մի շարք ուսումնասիրողներ Քեսաբում հայկական տարրի գոյությունը վերագրում են Տիգրան Մեծի և ավելի վաղ ժամանակահատվածի։ Որոշ գիտնականներ դիտարկում են Քեսաբը այդ ժամանակաշրջանում ձևավորված հայկական գավառակ, որը սահմանակից էր Կիլիկյան Հայաստանին։ Սակայն մի շարք ուսումնասրիրություններ, հատկապես բարբառային առանձնահատկություններին առնչվող հետազորությունները, հիմք են տալիս կարծելու, թե Քեսաբ-Սվեդիա շրջանի հայերը Անտիոքի շրջանում ծայր առած գաղթականության մնացորդներն են։

Մամլուքների արշավանքների և կայսրության առաջին շրջանում (13-14-րդ դար) տեղի ունեցած ջարդերի և բռնությունների հետևանքով դատարկվում են Անտիոքի շրջանի հայկական, հունական և ասորական գյուղերը։ Հալածանքներից և կոտորածներից զերծ մնալու նպատակով հայերը տեղաշարժվում են դեպի Անտիոքի տափաստաններ և հանգրվանում լեռնային շրջաններում (Քեսաբը և Մուսա լեռ

1850-ական թվականներին միսիոներները մուտք գործեցին շրջան և մինչև դարավերջ հիմնեցին կաթոլիկ, ավետարանական և լատին համայնքները։ Այս իրադարձությունը, բացասական կողմերից բացի, ունեցավ նաև դրական ազդեցություն. միսիոներների օժանդակությամբ շրջանում սկսեց զարգանալ կրթությունը։ Մինչև 19-րդ դարի կեսը շրջանում կար միայն մեկ ծխական դպրոց։ 1880 թվականին ավետարանական դպրոցներն արդեն դարձել էին բարձրագույն նախակրթասրաններ, իսկ 1908-ին՝ բարձրագույն վարժարաններ։

1915 թվականին գաղթից և աքսորներից անմասն չմնաց նաև Քեսաբի բնակչությունը։ Հուլիսի 26-ին աքսորի հրամանը հասավ Քեսաբ։ Քեսաբահայությունը որոշեց չհնազանդվել հրամանին և քաշվել Գարատուրանի Տյունակ լեռը։ Դիմադրության կողմնակիցներից էր Գարատուրան գյուղի հոգևոր հովիվ Տեր Պետրոս քահանա Փափուճյան-Աբրահամյանը։ Սակայն Քեսաբցիներին չհաջողվեց դիմադրություն կազմակերպել։ Աքսորները ծայր առավ Գարատուրան գյուղից։ Քեսաբցիները աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Տեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր Քեսաբահայեր զոհվեցին Ճըսր Շըղուրի, Համայի, Հոմսի, Դամասկոսի, Հորդանանի ճամփին, իսկ մեծամասնությունը՝ Տեր Զորի անապատներում։

1909 թվականի կողոպուտը (Թալանտեն) առաջին ցավալի պատուհասն էր Քեսաբի շրջանի համար։ Ապրիլի 10-23 մոտ երեսուն հազար թուրքական զինված ջոկատներ արևելքից ներխուժեց Քեսաբ։ Սև Աղբյուր, Էսկյուրան, Չինարճըգ և Խայըթ գյուղերը կողոպտելուց և հրկիզելուց հետո թուրքական զորախմբերը երեք կողմից պաշարեցին Քեսաբի ավանը։ Գյուղերի բնակիչները խուճապահար հասան Քեսաբ։ Չնայած 300 տեղացի զինյալներ մոտ 6 ժամ շարունակ բուռն դիմադրություն ցույցաբերեցին, թուրքերին հաջողվեց այրել Քեսաբի ծայրամասերից մեկը։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը Գարատուրանի ծովափից անցնան Բեդրուսիե թուրքական գյուղը, ապա Բասիթ, որտեղից էլ ֆրանսիական Նիժեր փոխադրանավով տեղափոխվեցին Լաթակիա։

Լաթակիայում Մովսես վարդապետ Ոսկերիչյանի գլխավորությամբ ձևավորվեց աղետից տուժածների օժանդակ մարմին, որը հոգում էր տարագիրների անմիջական կարիքներն ու բնակության հետ կապված խնդիրները։

Կողոպուտի ժամանակ Քեսաբի հայերը տվեցին 161 զոհ, սակայն ավելի մեծ եղան նյութական կորուստները։

1909 թվականի դեպքերից հետո չտուժած գյուղերի բնակիչները վերադարձան իրենց տները։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթակիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Կողոպուտից հետո հայկական և այլ բարեգործական կազմակերպությունները շտապեցին օգնության հասնել Քեսաբի շրջանի տուժած գյուղերի բնակիչներին։ Քեսաբ այցելեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Սահակ կաթողիկոս Խաբայանը։

Շուտով Քեսաբում բացվեցին որբանոց, այրի կանանց միություն և մանուկների արհեստանոց։ Փորձ արվեց վերականգնել տնտեսությունը, մասնավորապես գյուղում սկսվեց լայնածավալ շինարարություն։ Քեսաբում և շրջակա գյուղերում վերակառուցվեցին եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային բազմաթիվ այլ շինություններ, որոնք այսօր էլ կանգուն են։ Դրանցից շատերը դեռ շարունակում են ծառայել շրջանի հայությանը։

1938 թվականի հուլիսի 5-ին ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրեթի սանջակ։

1938 թվականի սեպտեմբեր 2-ին Հաթայը պաշտոնապես հռչակվեց պետությունը՝ իր պետական սահմաններով։ Այսպիսով, Քեսաբի շրջանը մտնում էր այդ պետության կազմի մեջ։ Հաթայի պետության ժամանակաշրջանում թուրքական զորքերի ու պաշտոնյաների կողմից կազմակերպվեցին բռնություններ և զինված բախումներ։ Մեծ թվով Քեսաբցիներ փախան Բեյրութ կամ հանգրվանեցին լեռներում։ Այդ շրջանում Քեսաբ այցելեցին հայ և ֆրանսիացի բազմաթիվ գործիչներ։

1939 թվականի հունիսի 23-ին Հաթայի պետությունը պաշտոնապես լուծարվեց և երկիրը մտավ Թուրքիայի կազմի մեջ։

Նույն տարում, երբ արդեն բարձրացվել էր Քեսաբի շրջանի խնդիրը, Քեսաբ է այցելում Սիրիայի և Լիբանանի Պապական նվիրակ Արք. Ռեմի Լըփրեթրը։ Տեսնելով Քեսաբահայերի կացությունը ու գոյամարտը՝ Լըփրեթրը կարեկցում է հայ ժողովրդին։ Նա ուղղակիորեն դիմում է Հռոմի պապին և ֆրանսիական կառավարությանը խնդրանքով՝ կցել Քեսաբի շրջանը Սիրիային։ Այսպիսով, Քեսաբի շրջանի բնակելի մասն անջատվում է Հաթայից և կցվում Սիրիային։ Այս առնչությամբ մեծ դերակատարություն ունեցավ նաև կարդինալ Գրիգոր Պետրոս XV Աղաջանյանը։ Այնուամենայնիվ, Թուրքիային անցնավ Կասիոս լեռը, որի լանջերին էին գտնվում բազմաթիվ Քեսաբցիների պատկանող արտեր, պարտեզներ, դափնիի անտառներ ու արոտավայրեր։

2014 թվականի մարտի 21-ի առավոտյան Քեսաբը և մոտակա բնակավայրերը ենթարկվեցին հարձակման Թուրքիայի տարածքից։ Հարձակվողները պատկանում էին Ան-Նուսրայի Ճակատ և Իսլամական Ճակատ խմբավորումներին։ Հարձակումն իրականացվել է ուշ գիշերով, Թուրքիայի տարածքից հրետանային աջակցությամբ։ Քեսաբից հարևան Լաթակիա տեղափոխվեցին շուրջ 700 հայ ընտանիքներ։ Գերության մեջ հայտնվեցին շուրջ 38 հայեր՝ հիմնականում ծերեր, որոնցից 20-ը ապրիլի 1-ի դրությամբ ազատ էին արձակված։ Մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Դամասկոսից ժամանեց Լաթակիա՝ ծանոթանալով Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում և հարակից տարածքներում ապաստանած քեսաբահայ փախստականների վիճակին։ Մինչ այդ, Դամասկոսում պատվիրակությունը հանդիպել էր Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Բաշշար Ալ-Ասադի հետ։

Մարտի 31-ի մամլո ասուլիսում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության փոխնախագահ Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ Քեսաբի հայ բնակչության շրջանում զոհեր չկան։ Կան երկու վիրավորներ։ Մեսրոպյանը նշեց, որ Քեսաբահայերի տները թալանված են, իսկ նրանց ունեցվածքը վաճառվում է Թուրքիայում։ Շատ տներ թալանից հետո այրվել են, իսկ եկեղեցիների գմբեթներից հանվել են խաչերը։

Թրքական Haber.col կայքը հրապարակեց փաստեր, որոնք հաստատում են, որ իսլամիստական խմբավորումները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից, թրքական իշխանությունների աջակցությամբ։ Թրքական կործանիչները Սիրիայի օդային տարածքում ոչնչացրել են սիրիական կործանիչ, որը հարվածներ էր հասցնում Քեսաբի վրա գրոհող իսլամիստներին։

Կարգավիճակը խմբագրել

Մինչև 19-րդ դարի կեսերը Քեսաբի շրջանը վարչականորեն ենթարկվում էր Անտիոքի կառավարչին, ով ուղղակիորեն նշանակվում էր սուլթանի կողմից։ Անտիոքը մտնում էր Հալեպի կուսակալության մեջ և ուներ իր առանձին կուսակալը՝ կայմակամը։

Քեսաբի հայաբնակ գյուղերը գտնվել են երկու տարբեր կուսակալությունների ենթակայության ներքո։ Հարավային գյուղերը՝ Վերին Պաղճաղազը, Ներքին Պաղճաղազն ու Չաթալլեքը ենթակարկվում էին Դամասկոսի կուսակալության մեջ մտնող Լաթակիայի վերակացության մութասարիֆությանը։ Մնացած գյուղերը մտնում էին Հալեպի կուսակալությանը ենթարկվող Օրդուի կամ Ճեպել Ագրայի շրջանի մեջ։

1922 թվականին ֆրանսիական իշխանությունները փոոփոխում են շրջանի կարգավիճակը։ Շրջանի փոքրամասնությունների միջև եղած լարվածությունը մեղմելու նպատակով Քեսաբի շրջանն անջատվեց Օրդուի շրջանից և վերածվեց առանձին շրջանի, որի կենտրոնը դարձավ Քեսաբ գյուղաքաղաքը։ Շրջանի կառավարիչ նշանակվեց մի հայ։ Վերջինս իր ենթակայության տակ ուներ ոստիկանական ջոկատ։

Մինչև 1840-ական թվականները Քեսաբը համարվում էր շրջակա գյուղերի կենտրոնը, իսկ դրանք՝ Քեսաբի թաղերը կամ ավանները։ Ժամանակի ընթացում գյուղերը բաժանվեցին կենտրոնների և ունեին իրենց գյուղապետերը։

Բնակչություն խմբագրել

Քեսաբի շրջանի բնակչության մասին պահպանված առաջին տեղեկությունը վերաբերում է 19-րդ դարի կեսերին։ Բողոքական միսիոներների տեղեկությունների համաձայն՝ Քեսաբի բնակչությունը 1848 թ. կազմել է 300 տուն։

Քեսաբի բնակչության մասին ամենաստույգ տեղեկությունը հայտնի է 1911 թ. մարդահամարից, որն անցկացվել էր Լաթակիայի երուսաղեմապատկան հոգևոր տան տեսուչ և առաջնորդ Մովսես Վրդ. Ոսկերիչյանը։ Մարդահամարն անց է կացվել շրջանի բոլոր գյուղերում՝ առանց բացառությունների։ Ըստ այդ մարդահամարի՝ Քեսաբի և շրջակա գյուղերի բնակչությունը հաշվվում էր 6115 մարդ։

19-րդ դարի վերջերին երիտասարդությունը սկսեց գաղթել գավառներ և օտար երկրներ։ Գաղթի պատճառը հիմնականում տնտեսական դժվարություններն էին։

1915 թ. - սպանվեցին մոտ 8000 աքսորյալներից 5000-ը։

1919 թ. – Քեսաբի բնակչությունը հաշվվում էր 2200 մարդ։

1920 թ. – ուսուցիչ Սիմոն Այանյանը անցկացրել է նոր մարդահամար, որի մեջ չէին ներառվել (կամ կորել էին) Գարատուրան և Պաշուրթ գյուղերի տվյալները։ Ըստ այդ մարդահամարի Քեսաբի և շրջակա գյուղերի բնակչությունը կազմում էր 2363 մարդ, որոնցից 779 բնակվում էին օտար երկրներում։

1921 թ. – բնակչությունը կազմում էր 2500 մարդ։

1923 թ. – բնակչությունը հաշվվում էր 3500 մարդ։

1947 թ. հուլիսի 25-ին Քեսաբի 5100 բնակչությունից Հայաստան է ներգաղթում մոտ 2400 մարդ։ Մինչև 1947 թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբոողջովին հայաբնակ։ 1947-ից հետո Քեսաբի բնակչության պատկերը սկսեց փոփոխվել։ Գաղթող Քեսաբցիների հետ մեկտեղ օտարազգիները սկսեցին հաստատվել Քեսաբում։ Այսօր արդեն նրանք մեծ թիվ են կազմում շրջանում։

1955 թ. - բնակչությունը կազմում էր 1632 մարդ։

1993 թ. - բնակչությունը կազմում էր 1277 մարդ։

Քեսաբն ու շրջակա գյուղերը խմբագրել

Քեսաբն ու շրջակա գյուղերը կազմավորվել և զարգացել են 16-19-րդ դարի սկզբին։

 
Հայկական ավանդական տուն Քեսաբում

Ըստ ժողովրդական ավանդության՝ հայերն սկզբնապես եկել և հաստատվել են Էսկյուրան (թուրք.՝ հին գյուղ) կամ Նըրքը Գիէղ կոչվող բնակավայրում։ Իսկ թե որտեղից են հայերը եկել Էսկյուրան, դեռևս մնում է անորոշ։ Շրջանառվում են մի քանի բնակավայրերի անուններ՝ Արամո, Արֆալի, Հաճըն, Զեյթուն, Քյուրտ Տաղ և Անտիոք։ Ներքի Գյուղում հաստատված գյուղացիները որոշ ժամանակ անց տեղաշարժվել են ավելի վեր և հաստատվել ներկայիս Քեսաբ գյուղաքաղաքի տարածքում։ Շուտով Քեսաբը դարձավ հին և նոր գաղթականների բնակավայրը։ Ներքի Գյուղը, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է 16-րդ դարի սկզբին։ Հետագայում Քեսաբն ու հարակից տարածքները գտնվել են Քեսաբցիների տիրապետության տակ, և նրանք էլ 19-րդ դարի սկզբին հիմնել են մնացած գյուղերը։

Քեսաբ խմբագրել

Գտնվում է Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, Կասիոս լեռան լանջին։ Սիրիայի կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2004 թ. Քեսաբի բնակչությունը կազմել է 1,754 մարդ[1]։ Քեսաբցիները հիմնականում խոսում են Քեսաբի բարբառով։

 
Կենտրոնական թաղամաս Քեսաբում

Քեսաբ այցելողների թիվը ավելանում է հատկապես օգոստոսին, երբ շրջակա գյուղերի բնակչությունը ժամանում է Քեսաբ՝ նշելու Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը։ Քեսաբում անց են կացվում նաև սկաուտական բանակումներ։

Վերջին 20 տարիների ընթացքում լայն թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են մի շարք հյուրանոցներ, բնակելի շենքեր, վերանորոգվել կանգուն եկեղեցիներ։

Քեսաբը հայտնի է դափնուց պատրաստվող բնական օճառների արտադրությամբ և խնձորի մշակությամբ։

 
Քեսաբի Գալա թաղամասը

Դպրոցներ խմբագրել

Ներկայումս Քեսաբում կա երեք գործող հայկական դպրոց՝

  • Ազգային ուսումնասիրաց միացյալ վարժարան (հիմնվել է 1924 թ., 2002 թ.-ից՝ իննամյա միջնակարգ վարժարան)
  • Հայ ավետարանական վարժարան (հիմնվել է 1848-1852 թթ., 1942 թ.-ից՝ իննամյա միջնակարգ վարժարան)
  • Հայ կաթոլիկ վարժարան (հիմնվել է 1861 թ. Անտոնյան հայրերի կողմից, 1997 թ. վերանորոգվել է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» կողմից)

Եկեղեցիներ խմբագրել

Ներկայումս Քեսաբում կա երեք գործող հայկական եկեղեցի՝

 
Քեսաբի հայ առաքելական Սբ. Աստվածածին եկեղեցին
  • Քեսաբի հայ առաքելական Սբ. Աստվածածին եկեղեցի (կառուցման թիվը չի հիշատաքկվում, վերանորոգվել է 1880 թ.)
  • Քեսաբի Սբ. Միքայել հայ կաթոլիկ եկեղեցի (հիմնվել է 1861 թ. Անտոնյանյան միաբանության հայրերի կողմից)
  • Քեսաբի հայ ավետարանական Սբ. Երրորդություն եկեղեցի (հիմնվել է 1853 թ.)
 
Քեսաբի Միսաքյան մշակութային կենտրոնի շենքը

Պաշուրթ խմբագրել

Գտնվում է թուրք-սիրիական սահմանին՝ Քեսաբից 7 կմ հեռավորության վրա։ Հիմնվել է 19-րդ դարի կեսերին։ Գյուղը եղել է Քեսաբի շրջանի հիմնական արոտավայրը։ Այսօր էլ գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ։

1909 թ. կոտորածի ժամանակ մի խումբ փախստականներ Քեսաբից փոխադրվել են Պաշուրթ, ապա պաշուրթցիների հետ լքել գյուղը և հաստատվել ծովեզերքում։ Պաշուրթը կողոպտվել է։

1915 թ. պաշուրթցիները Գարատուրանից աքսորվել են Համա, ապա Հորդանան։ Վերապրողները գարատուրանցիների հետ Պորտ Սաիդից վերադարձել են գյուղ։

Ըստ 1911 թ. մարդահամարի՝ գյուղի բնակչությունը կազմել է 85 մարդ, իսկ 1915-ին՝ 40 մարդ։

1939 թ. նոր սահմանագծման համաձայն՝ սահմանն անցել է գյուղի տների մոտով։ Գյուղացիները կորցրել են իրենց արտերի մեծ մասը և զրկվել Մուսըլեքի աղբյուրից, իսկ անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհնար։

Այսօր Պաշուրթը գրեթե լքված է։ Գյուղում կարելի է հանդիպել բազմաթիվ կիսաքանդ տներ։

Պաշուրթի բնակչությունը կապված էր Սբ. Աստվածածին եկեղեցուն, իսկ դպրոցականները հաճախում էին Գարատուրանի Մեսրոպյան, Նուբարյան և Քեսաբի Սահակյան վարժարանները։

1935 թ. Գարատուրանի Հ.Բ.Ը.Մ. մասնաճյուղը, հաշվի առնելով բնակչության տեղաշարժի դժվարությունը, հիմնել է միջին նախակրթարան՝ որպես Մեսրոպյան վարժարանի մասնաճյուղ։ Դպրոցը գործել է մինչև 1947 թ.։

Չագալճըգ խմբագրել

Գտնվում է Քեսաբից մոտ 3 կմ հարավ։ Գյուղը հայտնի է իր աղբյուրով և վիթխարի սոսիներով։

1909 թ. ապրիլի 23-ին առավոտյան, երբ Չագալճըգի և Մաթըսլեքի բնակիչները տեղեկացան, որ թուրքերը մտել են Չինարճըգ, իրենց պղնձե իրերն ու գործիքները թաքցրին արտերի մեջ և Պաղճաղազի ճամփով հասան Բասիթ։ Թուրքերը մտան գյուղ, կողոպտեցին և հրի մատնեցին տները։

1915 թ. գյուղացիները Քյորքյունեի բնակիչների հետ աքսորվել են երկու խմբով։

Վերջին տաս տարիների ընթացքում Չագալճըգը վերածվել է գեղեցիկ ամառանոցի։ Գյուղում կառուցվել է մոտ քսան առանձնատներից բաղկացած թաղամաս։

Չինար (Չինարճըգ) խմբագրել

Գտնվում է Կորոմ լեռան հարավարևելյան լանջին, Քեսաբից 3 կմ հարավ։ Չինարճըգը սկզբնապես եղել է բնիկ Քեսաբցի ընտանիքների կալվածքը։ Գյուղը նշանավոր է իր ջրառատ աղբյուրով։ Մինչև 1947 թ. աղբյուրի մոտ գործել է Քեսաբի շրջանի ամենահին ջրաղացը։

Մինչև ցեղասպանությունը Չինարճըգն ուներ երկու գլխավոր թաղամասեր՝ աղբյուրի ու Քաթաբի կամ Քաթաբյանների թաղամասերը։

1965 թ. գյուղն ունեցել է 40 տուն բնակչություն։

1909 թ. թուրքերը մտել են գյուղ և ավերել այն։

1911 թ. գյուղում բնակվում էր 176, իսկ 1915 թ.՝ 210 բնակիչ։ Ցեղասպանության տարիներին զոհվել է բնակչության շուրջ երկու երրորդը։

1920 թ. 77 բնակիչ վերադարձել է Չինարճըգ։

1947 թ. բնակչության մեծամասնությունը ներգաղթել է Հայաստան։

Այսօր Չինարը փոքր ամառանոցային գյուղ է։

Դպրոցներ խմբագրել

1910 թ. հիմնադրված ազգային վարժարանը գործել է մինչև 1915 և 1923-1943 թթ։ 1935 թ. դարձել է Հ.Բ.Ը.Մ.-ի ազգային նպաստընկալ վարժարան։

Լատինաց վարժարանը գործել է 1904-1915 և 1921-1946 թթ։

1860-ական թվականներին տեղի կաթոլիկ ընտանիքների համար գյուղում հիմնադրվել է փոքրիկ դպրոց, որը գործել է ընդամենը մի քանի տարի։

Եկեղեցիներ խմբագրել

Գյուղը եկեղեցի չի ունեցել։

Դուզաղաջ խմբագրել

Գտնվում է Քեսաբից 4 կմ հյուսիս։ Դուզաղաջի բնակիչները հաստատվել են գյուղում 19-րդ դարի առաջին կեսին, երբ գյուղը եղել է գրեթե ամբողջությամբ անտառածածկ։

1840-ական թվականներին այլազգի կապալառուները պետությունից ստացել են Դուզաղաջի անտառների շահագործման թույլատվություն։ Մոտակա գյուղերի բնակիչներն Դուզաղաջում ունեին արտեր ու պարտեզներ։

1909 ապրիլի 23-ին թուրքերը Օրդուի կողմից հարձակվել են Դուզաղաջի վրա և թալանել այն։ Գյուղացիները փախել են Էքիզ Օլուգ և միացել մյուս գյուղացիների խմբերին։

1915 թ. գյուղի բնակչությունը տեղահանվել է երկու խմբով՝ Քյորքյունե գյուղի բնակչության հետ միասին։

1919-1920 թթ. բնակչության մի մասը վերադարձել է գյուղ։

1939 թ. սահմանագծումից հետո Դուզաղաջի արևելյան մասի կեսից ավելին անցել է Թուրքիային։

1947 թ. գյուղի բնակչության մեծամասնությունը ներգաղթել է Հայաստան։

1950-1960 թթ. բնակիչները գաղթել են Լիբանան և այլ երկրներ՝ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով, իսկ գյուղը դատարկվել է։

Այսօր գյուղը գրեթե լքված է։ Դուզաղաջում կա 10 ընտանիք։ Տները կառուցել են ավտոճանապարին կից գտնվող կալվածքներում։

Դպրոցներ խմբագրել

18-րդ դարի կեսերին հիմնված Հայ ավետարանական վարժարան, որ գործում էր որպես Քեսաբի դպրոցի մասնաճյուղ, գործել է մինչև 1910 թ.։

Ազգային վարժարանը գործել է 1910-1915 և 1924-1942 թթ., եղել է Գարատուրանի ազգային Մեսրոպյան վարժարանի մասնաճյուղը։

Հ.Բ.Ը.Մ.-ի ազգային նպաստընկալ վարժարանը գործել է 1934-1937 թթ.։

Եկեղեցիներ խմբագրել

Գյուղը եկեղեցի չի ունեցել։

Էքիզ Օլուգ (երկու աղբյուր) խմբագրել

Գտնվում է Քեսաբից 4 կմ արևմուտք։ Ունի բարձր դիրք, արևելքից իշխում է Քեսաբի Դուզաղաջ ու Քյորքունե գյուղերի վրա։ Աճամի լեռնանցքից բարձրացող ճամփան, որն անցնում է գյուղի հետնամասով, տանում է դեպի Պաղճաղազ ու Բասիթ։ Նախկինում Էքիզ Օլուգը եղել է խիտ բնակեցված փոքր գյուղ։ Ունեցել է ընդամենը մեկ թաղ, որը գտնվել է բլրի վրա և բաղկացած է եղել վերին և ներքին թաղերից։ Հիմնվել է 19-րդ դարի սկզբին։

Գյուղացիները հիմնականում զբաղվել են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Առաջին անգամ Քեսաբի շրջանում կարտոֆիլը մշակվել է հենց Էքիզ Օլուգ գյուղում։

1909 թ. աղետի ժամանակ գյուղացիները միացել են Չագալճըգի և Քյորքյունեի փախստականների խմբերին, լքել գյուղը, շարժվել դեպի ստորին Պաղճաղազի լատինաց վանքը, որտեղից էլ՝ դեպի Բասիթի նավահանգիստը։ Թուրքերն ավերել են գյուղը, քշել կենդանիներին և հրի մատնել տները։

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Էքիզ Օլուգը Հալեպի վիլայեթի ծայրամասային գյուղն էր։

 
Բնապատկեր Էքիզ Օլուգից

Գյուղացիները Լաթակիայից վերադարձել են Էքիզ Օլուգ, սկսել արագորեն նորոգել տները և վերականգնել գյուղի տնտեսությունը։ 1911 թ. սկսվեց եկեղեցու շինարարությունը, որը մնաց անավարտ ցեղասպանության պատճառով։

1915 թ. օգոստոսին Էքիզ Օլուգի բնակչությունը տեղահանվել է, իսկ գյուղը կորցրել իր նախկին բնակչության ավելի քան երկու երրորդը։

1947 թ. Էքիզ Օլուգից 20 բնակիչ գաղթեց Հայաստան։

Աճամի լեռնանցքին կից գործում է Սիրիայի Հ.Բ.Ը.Մ-ի ընդարձակ բանակատեղին։

Էքիզ Օլուգը շրջանում առաջին գյուղն է, որ ասֆալտապատ ճանապարհով կապակցվել է Քեսաբի հետ, ունեցել ջուր և էլեկտրականություն։

Դպրոցներ խմբագրել

Էքիզ Օլուգի հայ ավետարանական վարժարանը հիմնվել է 1855 թ., հետագայում ընդլայնվել է և դարձել նախակրթարան։ 1960-ական թվականներին նախակրթարանը վերածվեց մանկապարտեզի, քանի որ Էքիզ Օլուգ-Քեսաբ ճանապարհի բարեկարգումը հեշտացրեց մարդկանց տեղաշարժը, և ուսանողները սկսեցին այցելել Քեսաբի վարժարանները։

Եկեղեցիներ խմբագրել

1855 թ. Էքիզ Օլուգի ողջ բնակչությունը բողոքական էր։ Բողոքականությունը գյուղում ստեղծել է հոգևոր և կրթական շարժում։ Գյուղի տներից մեկը ծառայել է որպես աղոթատեղի և դպրոց։

Եկեղեցու շենքը կառուցվել է 1882 թ.՝ վերին թաղի դիմաց և մինչև ցեղասպանությունը գործել նաև որպես դպրոց։

Պատվ. Հովհ. Էսքիճյանը գյուղում կառուցեց երկհարկանի քահանայատուն (1908-1913), իսկ 1911 թ. ձեռնարկեց նոր եկեղեցու շինարարություն, որը պատերազմի պատճառով մնաց անավարտ։ Էմանուել եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1956 թ.։

Միություններ խմբագրել

Գյուղում գործել են մի քանի տեղական միություններ։

1940-ական թվականներին գյուղի կանայք հիմնեցին Տիկնանց ուսումնասիրաց միությունը, որն ուներ գրադարան և ընթերցասրահ։

1966 թ. նախկին քահանայատունը վերածվեց ակումբ-գրադարանի։

1976-1978 թվականներին գյուղում գործել է «Վերելք» միությունը, որն ինքնադաստիարակչական խմբակ էր և նպատակ ուներ ծանոթացնել երիտասարդներին հայ գրականությանը, մշակույթին և հայոց պատմությանը։

Ներքի Գյուղ և Խայիթ խմբագրել

Գտնվում է Քեսաբից 2 կմ հյուսիս-արևելք։ Ներքի գյուղը (ներքին գյուղ) կամ Էսկյուրանը (Էսկի Օրան՝ հին գյուղ) ունի երկու թաղ։ Մոտակա Խայիթ գյուղը նույնպես համարվում է Ներքի Գյուղի մասը։

Երբ գյուղացիների տեղաշարժվեցին Քեսաբ, գյուղը գրեթե ամբողջովին դատարկվեց։ Ներքի Գյուղը հիմնականում անապահով էր, քանի որ գտնվում էր թուրքական Օրդու գյուղի մոտ։

1909 թ. աղետից հետո գյուղացիները խայիթցիների հետ լքել են գյուղը ու տեղաշարժվել Քեսաբ։ Թուրքերը սկզբում մտել են Ներքի Գյուղ, կողոպտել և հրի մատնել տները։

1915 թ. Ներքի Գյուղի և Խայիթի բնակչությունը տարհանվել է Սիրիական անապատ։ 1920 թ. գյուղ վերադարձավ միայն 50 բնակիչ, զոհվել բնակչության շուրջ երկու երրորդը։

1928 թ. բացվեց Քեսաբ-Օրդու առաջին ճանապարհը, որն անցնում էր Ներքի Գյուղով։ Սակայն 1939 թ. հետո Թուրքիա տանող այս ճանապարհը լքվեց և մոռացության մատնվեց։

1947 թ. 78 բնակիչ ներգաղթել է Հայաստան։

1955 թ. մարդահամարի տվյալներով Ներքի Գյուղի և Խայիթի բնակչությունը հաշվվում էր 68 բնակիչ։

1939 թ. սահմանագծման հետևանքով Քեսաբի համաժողովրդական ուխտագնացության վայրը՝ Պարլումը, անցնում է Թուրքիային։ Որոշվում է փոփոխել համաժողովրդական ուխտագնացություն օրը և տոնել այն Սբ. Աստվածածնի վերափոխման երկուշաբթի օրը՝ Ներքի Գյուղի «Կղիցիկ» կոչվող մատուռում։

Եկեղեցիներ խմբագրել

 
Սբ. Աստվածամոր մատուռը Էսկյուրանում

Սիվտիկի, Սյուտիկի կամ Սիպտիկի մատուռի անունը ստուգաբանորեն նշանակում է սև տիկին կամ սուրբ տիկին։ Գտնվել է անմիջապես թուրքական սահմանին։ Վերջերս մատուռը հիմնովին ավերվեց։ Հույն ուղղափառները սահմանից քիչ հեռու որպես ուխտավայր կառուցեցին նոր մատուռ, որին կից կանգնեցվեց մի նոր վանք։

Դպրոցներ խմբագրել

1910 թ. գյուղում բացվեց ազգային վարժարան։ Այն գործում էր որպես Քեսաբի Սահակյան վարժարանի մասնաճյուղ։

1921-1924 դպրոցում գործել է Ազգային միության միացյալ վարժարանը։

1930-ական թվականներին դպրոցը վերածվեց Հ.Բ.Ը.Մ-ի նպաստընկալ վարժարանի և գործեց մի քանի տարի։

Գարատուրան (Կալատուրան) խմբագրել

 
Գարատուրանի ափը

Գտնվում է Քեսաբից 4 կմ արևմուտք՝ Քարատաշ գյուղից ոչ հեռու։ Գարատուրանն ամբողջովին ընկած է ծովի մակերևույթից մոտ 900 մ բարձրության վրա ձգվող հովտի մեջ։ Գարատուրանի խորունկ հովտով տարածվում են գյուղի ավելի քան մեկուկես տասնյակ մեծ ու փոքր թաղերը։ Դրանք կոչվում են տարբեր գերդաստանների անուններով օրինակ՝ Սուլյան (Սուլլեք), Զահթերյան (Զահթերլեք), Եարալյան (Եարալլեք), Սաղդջյան (Սաղդջլեք) և ամենամեծը Մանջիկյան (Մանջիկունց, Մանջկլեք)։ Գյուղի հիմնական բնակիչներն իրենց ընտանեկան կալվածների վրա տներ կառուցած Քեսաբցիներ էին, ովքեր հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

 
Գարատուրանի հովիտը

Գարատուրանը եղել է շրջանի ամենաբազմամարդ գյուղը։ Սակայն 1890-ական թվականների արտագաղթից և 1909 թ. աղետից հետո անցկացված մարդահամարների համաձայն՝ գյուղի բնակչությունը կազմել է 1286, իսկ 1915 թ.՝ 1290 բնակիչ։ 1918-1920 թվականներին գյուղ վերադարձավ նախկին բնակչության միայն 45 տոկոսը։

1939 թ. սահմանագծման արդյունքում գարատուրանցի մի շարք ընտանիքներին պատկանող գրեթե բոլոր արտերը, պարտեզներն ու արոտավայրերը անցնան Թուրքիային։

1947 թ. 804 գարատուրանցի ներգաղթեցին Հայաստան։

Դպրոցներ խմբագրել

Սբ. Աստվածածին եկեղեցու վարժարան (1890-1905)

Ազգային Մեսրոպյան վարժարան (1905-1915, 1924-1932)

Հ.Բ.Ը.Մ-ի Ազգային Մեսրոպյան նպաստընկալ վարժարան (1932-1962)

Հ.Բ.Ը.Մ.-ի նպաստընկալ վարժարան (Վահան Պետրոսյանի անվ. վարժարան) (1962-1964)

Սբ.Ստեփանոս եկեղեցու վարժարան

Ազգային Նուբարյան վարժարան (1909-1915,1923-1934)

Հ.Բ.Ը.Մ. ազգային Նուբարյան նպաստընկալ վարժարան (1934-1948)

Ազգային միության միացյալ վարժարան (1923-1924)

Հ.Բ.Ը.Մ.ի նպաստընկալ մանկապարտեզ (1934-1947)

Ազգային միացյալ վարժարան (1934-1973)

Հայ ավետարանական վարժարան (1873-1915)

Հայ ավետարանական նահատակաց վարժարան (1924-1981)

Լատինաց վարժարան (1905-1915, 1921-1946)

Հայ կաթոլիկ համայնքի վարժարան (1946-1948)

Եկեղեցիներ խմբագրել

Մինչև 19-րդ դարի կեսերը գյուղում կար ոչ քիչ, քան 3 գործող մատուռ, որոնք հետագայում լքվեցին թաղեցիների տեղաշարժի պատճառով։

1889-1890 կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվեց 1942 թ. հունվարի 23-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով։ 1960-ին հիմնադրվեց ներկայիս Սբ. Աստվածածին եկեղեցին։ 2009 թ. Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը օծեց Սբ. Աստվածածին եկեղեցու նորակառույց շենքը, որը փոխարինելու եկավ 1960 թ. կառուցված խարխուլ շինությանը[2]։

Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1908 թ. Ծովի թաղում, հետագայում վերանորոգվել հայ-ֆրանսիական «Երկիր և Մշակոյթ» կազմակերպության կողմից։

Ավետարանական եկեղեցին կառուցվել է 1908 թ., վերանորոգվել՝ 1986 թ.։

Ներկայումս Գարատուրանում գործում է 3 եկեղեցի՝

  • Սբ. Աստվածածին առաքելական եկեղեցի
  • Սբ. Ստեփանոս առաքելական եկեղեցի
  • Հայ ավետարանական եկեղեցի

Քարատաշ (Սև Քար) խմբագրել

Գտնվում է Քեսաբից 2 կմ արևմուտք, Գարատուրանի ձորաբերանին՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրության վրա։ Ժամանակին եղել է անմարդաբնակ վայր։ Քարատաշի ընդարձակ արտերը պատկանել են Քեսաբցի և քյորքյունացի ընտանիքներին, իսկ հարավային մասը՝ Գալեմտերյան գերդաստանին։ Պահպանված տեղեկությունների համաձայն՝ մինչև 1942 թ. գյուղում մշտական բնակավայրի հետքեր չեն եղել։ Քարատաշը դարձել է մշտական բնակատեղի միայն Գարատուրանի սողանքից հետո։ Գյուղում բնակվում էին մոտ երեկ ընտանիք։

Վերջին երկու տասնամյակներին Գարատուրանից ու Քեսաբից ժամանած այլ ընտանիքներ ևս հաստատվեցին Քարատաշում։

Վերջին տարիներին հալեպահայ ընտանիքները գյուղում ամառանոցային առանձնատներ են կառուցում։

Քյորքյունե խմբագրել

Գյուղը գտնվում է Քեսաբից մոտ 5 կմ հյուսիս, փոքր հարթավայրի վրա։ Քյորքյունեում ամեն տեղ հանդիպող գտածոները վկայում են այն մասին, որ գյուղն իբրև բնակավայր գոյություն է ունեցել դեռևս հին ժամանակներից։ Գտնվել են հին և միջին դարերին պատկանող մետաղադրամներ, խեցեղեն, խճաքարի բեկորներ, հին ձիթահանք և տափաններ։ Գյուղի արևմտյան կողմում՝ բլրի վրա պահպանվում են ամրոցի մնացորդներ հիշեցնող ամրակառույց պատերի հիմքեր։ Գյուղում գտնված հին մետաղադրամների շարքում կան նաև Կիլիկյան հայկական դրամներ։

Մինչև 19-րդ դարի սկիզբը գյուղի հարավարևելյան բարձունքի վրա կանգուն է եղել Սբ. Ստեփանոս մատուռը, որի ավերակների շուրջ տարածվել է գյուղի գերեզմանոցը։

1909 թ. ապրիլ 23-ին թուրքերը մտել են Քյորքյունե, կողոպտել տները, քշել կենդանիներին և հրի մատնել գյուղը։

1915 թ. գաղթի ճամփին զոհվեց Քյորքյունեի բնակչության ավելի քան մեկ երրորդը։

1947 թ. 63 քյորքյունեցի ներգաղթեց Հայաստան։ Գյուղում մնաց 114 բնակիչ։ Այս ժամանակահատվածում գյուղի բնակչությունը սկսեց խառնվել։

Ամառը Քյորքյունեի բնակչությունն ավելանում է։ Սիրիայի տարբեր քաղաքներում և Լիբանանում բնակվող մի շարք քյորքյունեցիներ գյուղում ունեն սեփական տներ ու կալվածքներ։ Կան նաև մի քանի հալեպահայ ընտանիքներին պատկանող առանձնատներ։

Դպրոցներ խմբագրել

Հայ ավետարանական վարժարանի (1898-1915,1930-1981) շենքը կառուցվել է 1903 թ.՝ եկեղեցուն կից։ Դպրոցը եղել է նախակրթարան՝ իր մանկապարտեզով։

1922 թ. շենքը վերաբացվել է որպես Ազգային միության միացյալ վարժարան և շարունակաբար գործել մինչև 1930, այնուհետև կրկին անցել հայ ավետարանական եկեղեցու հովանավորության ներքո։

Միացյալ վարժարանը (1934-1939) գործել է որպես Քեսաբի միացյալ վարժարանի մասնաճյուղ։ Երբ գյուղում հիմնվեց Սիրիահայ օգնության խաչի (Ս.Օ.Խ) մասնաճյուղը, այն իր հոգածության տակ առավ դպրոցի կառավարումը։

Եկեղեցիներ խմբագրել

Գյուղում գործում է ավետարանական համայնքին պատկանող մեկ եկեղեցի։

Հովսեփ Հովհաննեսի Թրթրյանը (1892-1984 թթ.), 1924 թ. վերադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներից Քեսաբի Դուզաղաջ հայրենի գյուղը, ֆինանսավորել է Քյորքյունե գյուղի Ավետարանական եկեղեցու տանիքի վերանորոգումը, ինչպես նաև, հոգացել է զանգակատան կառուցման ու զանգի ձուլման ու տեղադրման ծախսերը։ Այդ մասին վկայում է զանգի վրա արված արձանագրությունը։

Սև Աղբյուր խմբագրել

Գտնվում է Քեսաբից արևելք՝ մոտ 2 կմ հեռավորության վրա։ Սև Աղբյուրը (Կայաճըգ) ի սկզբանե եղել է Քեսաբցիների սեփական կալվածքը։

Գյուղացիները հաստատվել են Սև Աղբյուրում միայն վար ու ցանքի ժամանակ, իսկ ձմեռը՝ վերադարձել Քեսաբ։ Կալվածքներում աշխատող վարձկան հողագործները սկսեցին ձեռք բերել սեփական տներ ու կալվածքներ և հետզհետե կազմեցին գյուղի բնակչության հիմնական մասը։

Գյուղի գլխավոր թաղերը ձևավորվել էին արդեն քսաներորդ դարի սկզբին։ Սև Աղբյուրի բնակիչները զբաղվել են ծխախոտի մշակությամբ, շերամապահությամբ, անասնաբուծությամբ և այգեգործությամբ։

1909 թ. կիլիկյան ջարդի ժամանակ արևելքից ներխուժած օտարազգիները գրավել են Սև Աղբյուրը, ապա թալանել և հրկիզել գյուղը։

1915 թ. գյուղացիներն աքսորվեցին Տեր-Զորի և Դամասկոսի ուղղությամբ, զոհվեց բնակչության ավելի քան երեք չորրորդը։

Ըստ 1911 թ. մարդահամարի՝ գյուղն ունեցել է 445, իսկ մինչ 1920 թ.՝ 94 բնակիչ։

1939 թ. հաստատված պետական նոր սահմանը ձգվում էր գյուղի թաղի կողքով, որի հետևանքով որոշ գյուղացիների կալվածքներն ամբողջությամբ անցան Թուրքիային։

1947 թ. գյուղացիների ճնշող մեծամասնությունը մեկնեց Հայաստան։ Հայրենադարձությունից հետո մի շարք վարձկան ալևի հողագործներ հաստատվեցին գյուղում, ձեռք բերեցին սեփականություն և կազմեցին գյուղի բնակչության հիմնական տարրը։ Այսօր գյուղում բնակվող հայ ընտանիքները հիմնականում զբաղվում են խնձորի մշակությամբ։

Դպրոցներ խմբագրել

1856 թ. հիմնվել և ընդհատաբար գործել է ավետարանական վարժարանը։ 1905 թ. ընդարձակվել է և ներառել դպրոցն և ժողովարանը։

Ազգային վարժարանը հիմնվել է 1910 թ. և անխափան գործել մինչև ցեղասպանության տարիները։ Վերաբացվել է 1925 թ., 1937 թ. դարձել Հ.Բ.Ը.Մ-ի նպաստընկալ ազգային վարժարան։ Փակվել է 1947 թ.՝ հայրենադարձության պատճառով։

Եկեղեցիներ խմբագրել

1990 թ. Հալեպի ասորական ուղղափառ համայնքի ջանքերով գյուղում կանգնեցվեց վանք։

Ներքին Պաղճաղազ խմբագրել

 
Պաղճաղազի լեռնանցքն ու Չալմա լեռան բարձունքները

Գտնվում է Քեսաբից 14 կմ արևմուտք, Վերին Պաղճաղազի և Ֆագըհասանի միջև։ Սկզբնապես բնակեցվել է անցյալ դարի սկզբին։

Պաղճաղազի հայ բնակիչները հիմնականում թրքախոս էին, քչերն էին խոսում Քեսաբի բարբառով։ Նրանց ազգանունները չունեին հայկական «յան» վերջածանցը, ինչպես՝ Սարմազ, Արամալ, Քել Յաղուպ, Հանաշ և այլն։

Ներքին Պաղճաղազի հայկական թաղամասերը գյուղական առանձին համայնքներ չէին և համարվում էին Ֆագըհասանի թաղի մի մասը։ Շուտով Չաթալլեքի և Գապաչինարի հայերը որոշեցին անցնել լատին կրոնավորների հովանաւորության տակ։ Լաթակիայի ֆրանցիսկյան միաբանության լատին հայրերը հավանության արժանացրին հայկական թաղամասերում վանք կառուցելու որոշումը, և իրենց պաշտպանության տակ առան հայ բնակչությանը։ Նրանք գնեցին մի մեծ տարածք Գապաչինարի մոտ և կոչեցին այն «Մանասթըր» (վանք)։ Այսպիսով, գյուղում կառուցվում է մի համալիր շինություն, որը ներառում է եկեղեցին, վանքն ու դպրոցը։

1909 -ի աղետի ժամանակ Քեսաբի հարավարևելյան գյուղերի փախստական ու հալածված հայերը հավաքվել են լատինաց վանքում, ապա վարդապետների առաջնորդությամբ անցել Բասիթ, որտեղից էլ նավերով փոխադրվել են Լաթակիա։ Թուրքերը չհասան Պաղճաղազ, իսկ գյուղացիները մի քանի օր անց վերադարձան իրենց տները։

1915 թ. օգոստոսին Ներքին Պաղճաղազի հայերը նույնպես աքսորվեցին։ Գյուղացիներից ոմանք մնացին Ճըսըր Շուղուրում, ոմանք էլ աքսորվեցին Հալեպի ու Համայի կողմերը։ Աքսորի ճամփին զոհվեց բնակչության երեք չորրորդը։

Երբ 1922 թ. ֆրանսիական իշխանությունները մտան Քեսաբ, շրջակա գյուղերի թուրքերը վերադարձան իրենց բնակավայրերը։

1938 սեպտեմբեր 2-ից մինչև 1939 հունիսի 23-ը Հաթայի իշխանության շրջանում Պաղճաղազի կապը Քեսաբի շրջանի հետ գրեթե անհնարին դարձավ։

1947 թ. բնակչության մեծամասնությունը ներգաղթեց Հայաստան։

1960-ական թվականների արտագաղթի հետևանքով Ներքին Պաղճաղազը գրեթե ամբողջապես դատարկվեց։

Դպրոցներ խմբագրել

1904 թ. լատին ֆրանցիսկյան առաքելությունը գյուղում հիմնեց դպրոց։ Դասերն անց էին կացվում ֆրանսերենով և թուրքերենով։

1930-ական թվականներին դպրոցը վերածվեց նախակրթարանի։ Նույն ժամանակահատվածում այստեղ ուսուցանվում էր հայերեն։

1946 թ. լուծարվեց լատին համայնքը։ Դպրոցը շարունակեց գործել «Հայ կաթոլիկ համայնքի վարժարան» անվան ներքո։

1948 թ. դպրոցը փակվեց։

1955 թ. գյուղացիների խնդրանքով Քեսաբի հայ կաթոլիկ համայնքը նույն տեղում բացեց տարրական նախակրթարան՝ իր մանկապարտեզով, որը գործեց մի տարի։

1957-1960 թթ. դպրոցը գործել է որպես Քեսաբի ազգային ուսումնասիրաց միացյալ վարժարանի մասնաճյուղ։

Եկեղեցիներ խմբագրել

Ներկայումս Պաղճաղազում գործում է 1890 թ. հիմնված և 2003 թ. վերանորոգված Վերափոխման եկեղեցին

Վերին Պաղճաղազ խմբագրել

Գտնվում է Բասիթ տանող ճանապարհին, Սելդերան լեռան հարավային լանջին, Քեսաբից 12 կմ արևմուտք։ Կազմավորվել է 19-րդ դարի կեսին։

1909 թ. թեև պաղճաղազցիները միացան այլ գյուղերից եկող խմբերին, թուրքերը չհասան գյուղ։ Մի քանի օր անց գյուղացիները վերադարձան իրենց տները։

1911 թ. գյուղում կար 22 տուն։

1915 թ. օգոստոսին գյուղացիներն աքսորվեցին էքիզօլուգցիների խմբի հետ։

1920 թ. գյուղում բնակվում էր 14 ընտանիք։ Զոհվեց բնակչության ավելի քան երեք քառորդը։

1947 թ. 81 բնակիչ ներգաղթեց Հայաստան։ 1955 թ. տվյալներով գյուղն ուներ 41 բնակիչ։

Այսօր գյուղում բնակվում է 9 ընտանիք, որոնց մի մասը ձմռանը վերադառնում է Քեսաբ և Լիբանան։

Դպրոցներ խմբագրել

Հայ ավետարանական վարժարանը (1856-1967), որ Էքիզ Օլուգի դպրոցի մասնաճյուղն էր, գործել է որպես նախակրթարան։ Շրջանավարտները հաճախում էին Քեսաբի բարձրագույն վարժարանը։ 1915 -ից հետո դպրոցը վերաբացվել է որպես Ազգային միության միացյալ վարժարան և գործել մինչև 1932 թ., ապա կրկին վերածվել Էքիզ Օլուգի ավետարանական վարժարանի։

Լատինաց վարժարանը (1930-1947) վերջին տարիներին գործել է որպես հայ կաթողիկ համայնքի վարժարան։

Միություններ, կենտրոններ և մշակութային օջախներ խմբագրել

  • Հ.Բ.Ը.Մ Քեսաբ
  • Հ.Մ.Ը.Մ Քեսաբ (1994 թ., օգոստոսի 8, ունի սկաուտական խմբեր և մեկ ֆուտբոլային խումբ)
  • Քեսաբի հայ ավետարանական տիկնանց միություն
  • Սիրիայի օգնության խաչ (Ս.Օ.Խ. Քեսաբ)
  • Քեսաբի հայ կաթոլիկ տիկնանց միություն
  • Քեսաբի և շրջանի միացյալ «Քրիստոնյա ջանից» միություն
  • Հայ կաթոլիկ պատանեկան միություն
  • Միսաքյան մշակութային կենտրոն (հիմնվել է 2006 թ.)
  • «Արցախ» համույթ
  • «Կիլիկիա» երգչախումբ

Անվանի Քեսաբցիներ խմբագրել

  • Անդրանիկ Չալաբյան (1922, Քեսաբ – 2011, Սաութֆիլդ, Միչիգան) - ամերիկաբնակ հայ պատմաբան, քարտեզագիր
  • Ավետիս Ինջեջիկյան (1884-1976) - ՀՅԴ ղեկավար, բժիշկ
  • Գաբրիել Ինջեջիկյան (1930, Քեսաբ) - հայ գիտնական և մանկավարժ, հիմնադրել է առաջին հայկական ցերեկային դպրոցը Հյուսիսային Ամերիկայում
  • Գարեգին Ա Սարգսյան(1932, Քեսաբ – 1999, Վաղարշապատ) - Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995-1999 թթ., Մեծին Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս 1983-1994 թթ.՝ որպես Գարեգին Ա
  • Հակոբ Չոլակյան (1947, Գարատուրան) հայ գրող, լեզվաբան, վիպասան և ուսուցիչ Սիրիայում
  • Նիզար Խալիլի (1925, Հալեպ, Սիրիա) - թարգմանիչ, արաբերեն է թարգմանել Նարեկացու, Խորենացու, Հերացու ստեղծագործությունները
  • Վահան Թութիկյան (1935, Քեսաբ) ամերիկաբնակ հայ պատմաբան, Միջազգային հայ ավետարանական խորհրդի գործադիր տնօրեն

Ֆիլմ խմբագրել

2013 թվականի մայիսի 17-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Քեսաբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Արտաքին հղումներ խմբագրել

Օգտագործված աղբյուրներ խմբագրել

  • Ալպէռ Ս. Թէմիրեան, Քէսապ (1909-1946), Պէյրութ, 1956
  • Հակոբյան Թ. Խ. - Հայաստանի - հարակից շրջանների տեղանունների բառարան
  • «Քեսաբ» վավերագրական ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «General Census of Population and Housing 2004 Syria Central Bureau of Statistics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  2. Հայրենիք շաբաթաթերթ