Քաջահավ
Քաջահավ | |
Քաջահավ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Վերնակարգ | Aequornithes |
Կարգ | Հավալուսնանմաններ (Pelecaniformes) |
Ընտանիք | Իբիսներ (Threskiornithidae) |
Ենթաընտանիք | Threskiornithinae |
Ցեղ | Plegadis |
Տեսակ | Քաջահավ (P. falcinellus) |
Միջազգային անվանում | |
Plegadis falcinellus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Քաջահավ (լատին․՝ Plegadis falcinellus), իբիսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 55-65 սմ է, թևերի բացվածքը՝ 80-95 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1, 5 կգ։ Ջրաճահճային թռչուն է։ Փետրածածկը մուգ շիկակարմիր-դարչնագույն է՝ կանաչ-մանուշակագույն մետաղական փայլով։ Կտուցը (աղեղնանման) և ոտքերը երկար են։ Երիտասարդը խամրած է, գլխին, պարանոցին կան բաց գույնի մանր պտեր։ Թռչում է վիզն առաջ ձգած, ոտքերը հետ տարածած, հաճախ՝ խմբերով, երամներով և առանձին զույգերով։ Կեր է որոնում տիղմում և ծանծաղուտում։ Բնակվում է արհեստական ու բնական լճերում, ջրավազաններում (եղեգնուտներով)։
Սննդառություն խմբագրել
Սնվում է որդերով, միջատներով և խեցգետնակերպերով։
Բույն խմբագրել
Բույնը գաղութային է՝ մի շարք տառեղների, փոքր ձկնկուլի, ճահճային մկնաճուռակի և տարգալակտուցի համակեցությամբ (թվաքանակով գերազանցում է նշված տեսակներին՝ բացառությամբ փոքր ձկնկուլի)։ Բույնը հարթակ է՝ եղեգնուտում կամ ծառերի վրա. կառուցում են էգը և արուն։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին կեսից հունիսի վերջը։
Բազմացում և զարգացում խմբագրել
Դնում է 52 մմ տրամագծով մուգ կապտականաչավուն 4-5 ձու։ Թխսակալում է մայիսից՝ 21 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 30 օրականում։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
Քաջահավը տարածված էր և բնադրում էր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում, 2003-2004 թվականներին գաղութային բնադրման օջախներ են հայտնաբերվել նաև Արմաշի ձկնաբուծական տնտեսություններում։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսային շրջաններում, Եվրոպայում և Կովկասում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավարևմտյան Ասիայի երկրներում և Ավստրալիայում[1]։
Պահպանություն խմբագրել
Անհետացող տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Սպառնացող վտանգներից է Գիլլի լճի և Սևանա լիճը շրջապատող ջրաճահճային տեղամասերի չորացումը, բնադրավայրերում եղեգնուտների այրումը և որսագողությունը։
Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջահավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջահավ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |